/,,Գրառումներ Կիլիկիո պատմության, բնակչության եւ անվան շուրջ,, շարքից/
Կիլիկիայի, հատկապես Ամանոսի եւ Լեռնային Կիլիկյայի արեւելյան, հետագա Կեսարիային հարող շրջանների մասին առաջին գրավոր աղբյուրները հայտնի են բաբելոնյան եւ Նիպուրի սեպագիր արձանագրություններից, որտեղ խոսք է գնում Աքքադի հզոր արքա Սարգոն I-ի դեպի արեւմուտք եւ հյուսիս- արեւմուտք ու Փոքր Ասիա՝ Կեսարիայի ուղղությամբ կատարած արշավանքի մասին1, որի նպատակը, ըստ տարեգրության, Հալիս գետից արեւմուտք սեմական առեւտրական կենտրոնի առեւտրականներին տեղի կառավարիչներից պաշտպանելն էր2:
Խոսքը վերաբերում է Սարգոն աքքադացու՝ Կեսարիայի մոտ գտնվող Պուշուրխադայի առեւտրական կենտրոն3 կատարած արշավանքին, որի իրական նպատակը Ամանոսի եւ տավրոսյան լեռների փայտանյութն (մայրիների) ու մետաղն(պղինձ եւ արծաթ) էր, որը Սուբարտուին տիրելուց հետո կարող էր անվտանգ հասցնել Աքքադ Եփրատ գետով: Սեմական առեւտրական այս կենտրոնը կապադովկյան արձանագրությունների Կանեշ4 առեւտրական գաղութն է, որը գտնվում է Կեսարիա քաղաքից արեւմուտք, Լեռնային Կիլիկիային սահմանամերձ շրջանում, մի փոքր հյուսիս:
Սարգոն I-ի արձանագրությունից հայտնի է դառնում միայն, որ Պուշուրխադա առեւտրական կենտրոնը պատկանում էր սեմիթ առեւտրականներին, որոնց ճնշման էին ենթարկում տեղի կառավարիչները: Իսկ ովքեր էին այդ կառավարիչները եւ ովքեր էին տեղի բնակիչները. այս մասին աքքադական աղբյուրները լռում են:
Հայտնի է, որ Լեռնային Կիլիկիայի արեւելյան սահմանների եւ Հայկական Լեռնաշխահի բաժանարար գիծը անցնում էր Հայկական եւ Կիլիկյան Տավրոսների միջեւ գտնվող Գուգլակ կամ Դրունք կոչվող կիրճով, որտեղով Սարգոն I-ը կարճ ճանապարհ կտրելով հասնում է Լեռնային Կիլիկիայից փոքրինչ հյուսիս գտնվող աքքադական առեւտրական կենտրոն: Սարգոնի ճանապարհը Դրունքն անցնելուց հետո մոտենում է հետագա Կեսարիա քաղաքին, որի հիմնադրման եւ բնակիչների մասին արժեքավոր տեղեկություն է հաղորդում Մ.Խորենացին: Արամ Հայկազունին, Հայկի վեցերորդ սերունդը, Նինոսի՝ ասսուրական գահակալ Շամշի Ադադի երկիրը նվաճելով արշավում է դեպի արեւմուտք: Կարեւորելով այս տեղեկությունը այն մեջբերում ենք ամբողջությամբ.,,Այլ որ ինչ յարեւմուտս կոյս ընդ Տիտանեանսն է սորա գործ քաջութեան՝ ասել կայ մեզ առաջի: Աստ յարեւմուտս շարժեալ ի վերայ առաջնոյն չորիւք բիւրովք հետեւակազօրու եւ երկու հազար հեծելովք՝ հասանէ ի կողմանս Կապադովկացւոց, ի տեղի մի , որ այժմ ասի Կեսարիա: Եւ քանզի զարեւելեանն եւ զհարաւայինն նուաճեալ, յաձնեալ էր ի ձեռն եկուց ցեղիցս այսոցիկ, Սիսակենցն զարեւելս, եւ որք ի Կադմեայ տանէն՝ զԱսորեստանին՝ ոչ ինչ այնուհետեւ կասկած շփոթից ուստեք ունէր: Վասն որոյ յերկարեալ ժամանակս լինել յարեւմուտս՝ պատահէ նմա Պայապիս Քաաղեայն Տիտանեան պատերազմաւ, որ բռնացեալ ունէր զմիջոց երկուց ծովուց մեծամեծաց, զՊոնտուն եւ զՕվկիանու: Որում ի դիմի հարեալ վանէ, փախստական արկանելով ի կղզի ինչ ասիական ծովուն: Եւ իւր թողեալ զոմն Մշակ անուն յազգէ իւրմէ եւ բիւր մի ի զօրացն ի վերաաշխարհին՝ եւ ինքն դառնայ ի Հայս:
Բայց հրաման տայ բնակչաց աշխարհին՝ ուսանել զխօսս եւ զլեզուս հայկական, վասն որոյ մինչեւ ցայսօր ժամանակի անուանեն Յոյնք զկղզիմայն զայն Պռոտին Արմենիան, որ թարգմանի Առաջին Հայք: Եւ զդաստակերտն, զոր շինեաց յանուն իւր Մշակ կողմնապետն Արամայ, փոքրագունիւք պարսպեալ որմովք, անուանէին հինք աշխարհին՝ Մաժաք, որպէս ոչ կարելով ուղղախօսել. Մինչեւ յետոյ յոմանց ընդարձակագոյն շինեալ՝ անուանեցաւԿեսարիա5:
Գրեթե բոլոր ուսումնասիրողները չվստահելով պատմահոր հիշատակությունները Արամի նվաճումների եւ նրա անձի մասին, ներկայացվող այս եւ այլ տեղեկությունները համարում են առասպել, ոչ հավաստի, միեւնույն ժամանակ ստույգ համարելով ասսուաբաբելական, խեթա-լուվիական, հունական, հրեական եւ այլ տվյալներ, որոնք լինելով օտարազգի գահակալների քմահաճույքով թելադրված պատմական հիշատակություններ, խիստ չափազանցված են, միակողմանի եւ միտված են նրանց փառքն ու քաջագործությունները հավերժացնելուն:
Այս մասին Խորենացին գրում է.,, …Իսկ որ այլ ի յոմանց ասի ի յունական կողմանսն՝ մեզ ոչ է հաճոյ…,,: Մեկ այլ տեղ ավելացնում է. ,,….թէ, որպէս ուսայ՝ հպարտ եւ անձնասէր գոլով Նինոս, եւ կամելով զինքն միայ աշխարհակալութեան եւ ամենայն քաջութեան եւ լաւութեան ցուցանել սկիզբն՝ հրամայէ զբազում մատեանս եւ զզրոյցս առաջնոցն, տեղեաց եւ ուրուք գործոց քաջութեան, այրել… եւ որ ինչ վասն իւր միայնոյ՝ գրել6:
Արամի արեւմտյան արշավանքը տեղի է ունեցել II հազարամյակի սկզբներին, երբ Ասորեստանի գահակալն էր Նինոս- Շամսի Ադադ I-ը(ն.մ.թ.. XIX դ վերջերից- XVIII դ առաջին կես): Այս նույն ժամանակահատվածում Հայկական լեռնաշղթայի հյուսիս արեւմտյան շրջանում ձեւավորում էր Խեթական թագավորությունը: Արամի արշավանքը միտված էր երկրի արեւմտյան սահմանները ամրապնդելուն, որտեղ, ըստ սեպագրերի, դեռեւս Սարգոն I ժամանակներից հաստատվել էին սեմական էթնիկ խմբեր( ն.մ.թ. XXIV դ –Պուշուրխադայի առեւտրական գաղութ ) եւ նաեւ նորաստեղծ ասսուրական պետության ծավալման զուգընթաց հյուսիսային Միջագետքից, Սուբարտուից եւ Միջերկրականի արեւելյան այլ շրջաններից դեպի հյուսիս էին
փախչում տեղի ոչ սեմական բնակիչները: Ըստ Խորենացու Արամը արեւմտյան կողմերի անմարդաբնակ կամ քիչ բնակեցված վայրերը բնակեցնում է տարբեր տեղերից բերված մարդկանցով եւ հիմնում I, II,III եւ IV Հայքը7:
Խորենացու վկայությունից պարզ է դառնում, որ Մաժաք-Կեսարիայի շրջակայքում հայտնված փախստական բնակիչների մեջ կային այլալեզու բնակիչներ, որոնց Արամը հրամայում է սովորել եւ խոսել հայերեն: Իսկ ով պետք է սովորեցներ նրանց: Պարզ տրամաբանությամբ այնտեղ վաղուց բնակվող կամ Միջագետքի հյուսիսային կողմերից փախստական հայերենի կրողները, որոնց վրա պետք է դրվեր օտարներին հայերեն սովորեցնելու առաքելությունը:
Բայց արդյոք կան Մ.Խորենացու հաղորդածը փաստող այլ աղբյուրներ: Նույն այս ժամանակաշրջանում ձեւավորվող Խեթական կայսրության գահակալները միայն II հազարամյակի կեսերին են հիշատակում Հայասա անվամբ արեւելյան հարեւան /հայկական/ պետության մասին, սակայն հայերենի կրողների մասին գրավոր աղբյուրները լռում են8:
Անդրադառնան աքքադական գրավոր աղբյուրներին:
Աքքադական գահակալը Պուրուշխադայից վերադառնալիս իր հետ Աքքադ է տանում hashuru –խաս(ց,ձ)խուրու ,,խնձոր,, , tittu - թիթթու ,,թութ,,, salluru-սալլուրու ,,սալոր,, մրգատեսակներ եւ sirdu – սիրդու կոչվող մի բուսատեսակ, որը նույնացվում է հայերենի ,,ցիրդ, ցրդենի,, բառերի հետ9: Նոր բառգիրք հայկազյան լեզվի գրքում ,,ցիրդ,,-ի մասին կարդում ենք .,, ..վայրի փշատերեւ թփատեսակ…,, , որը համապատասխանում է հունարեն առխիդեոսին10: Ն.Ադոնցը նշված մրգատեսակները նույնացնելով հայերենի ,,խնձոր,, , ,, թուզ,, կամ թութ,, եւ սալոր բառերի հետ, գտնում է, որ այդ մրգատեսակները սեմական ժողովուրդներին հայտնի չէին մինչեւ Սարգոնը, հետեւաբար դրանք չէին կարող փոխառվել աքքադերենից կամ ասսուրերենից, բայց այնուամենայնիվ նա հայերենի այս բառերը համարում է փոխառություն, քանի որ, ըստ նրա եւ պատմա-համեմատական լեզվաբանության հետեւողների հայերենի կրողները այդ ժամանակ դեռեւս բնակվում էին Հայկական լեռնաշխարհի սահմաններից հեռու: Հր.Աճառյանը ,,խնձորը,, համարում է բնիկ հայերեն բառ, որը փոխառել են ասորերենը, արամեերենն ու արաբերենը11: ,,Թութ,, բառը Աճառյանը համարում է փոխառություն ասորերենից, իսկ ,,սալորը,, քրդերեն ,,շիլուրից,,12:
Սակայն, ինչպես ճիշտ գտնում է Ն.Ադոնցը, մինչեւ Սարգոն I –ը սեմական ցեղերին այդ մրգատեսակները ծանոթ չէին:
Խնձորենին մարդկությանը հայտնի հնագույն ծառատեսակն է, որի հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան: Գոյություն ունեն խնձորենու բազմաթիվ տեսակներ, որոնք կարող են աճել տարբեր կլիմայական պայմաններում: Արամեերենում հայտնի է x`azzur բառը ,,խնձոր,, նշանակությամբ: Ասսոուրերենում այն հնչում է hazzura -խազզուրա ձեւով, որը Հոմմելը համեմատում է հայերենի ,,խնձորի,, հետ, գտնելով, որ այն փոխառություն է հայերենից13: Նույն կարծիքին են Պոլ դե Լագառդը եւ ուրիշներ14: Հայերենի արեւմտյան բառբառներում ունենք ,,խնծոր, խնծօր, խնձըր ձեւերը: Որոշ մասնագետներ հյուսիս-արեւմտյան հնդեւրոպական լեզուների ,,խնձոր,, բառը բխեցնում են նախասկզբնական ablu ձեւից, հնդեւրոպական նախասկիզբ ձեւը համարելով aball, ablu, որը Հր.Աճառյանը իրավացիորեն մերժում է, գտնելով, որ այդ ձեւից հայերենի ,,խնձորը,, առաջանալ չէր կարող: : Փորձ է արվել նաեւ նախահիմքը համարել (a)masl կամ samlu15:
Ոչ մի այլ լեզվում hashuru անվանաձեւը վկայված չէ: Արաբերենում այդ մրգատեսակը կոչվում է التفاح -,,թուֆֆահ(խ), բասկերեն՝ sagar –սագար, լատիներեն՝ nalum –malum, կելտական շոտլանդերեն՝ ùbhlan –ուբհլան, ռուսերեն՝ яблоко -,,յաբլօկօ: Ինչպես տեսնում ենք հնագույն այս մրգատեսակը տարբեր լեզուներում տարբեր անվանումներ ունի եւ նրանցից ոչ մեկը, բացի հայերենից, մերձավոր աղերսներ չունի hashuru անվան հետ: Ն.Ադոնցը հայերենի ,,խնձոր,, բառը համեմատում է մենգրելերենի ush, uri –
,,ուշխ,ուրի -ի հետ, հայերենի եւ մենգրելերենի նույնիմաստ բառերը բխեցնելով hashuru –ից, գտնելով, որ մենգրելերենը սղել է սկզբնատառ –h- ն եւ խլացրել միջին –h-ն, իսկ հայերենը պահպանելով սկզբնատառը, կորցրել է միջին h-ն: ,,Խնձորի,, -ն- հնչյունը աճական է, որ հանդիպում է շչականից առաջ եւ խորթ չէ հայերենի օրինաչափություններին: Հայերենում ունենք ,,կորիզ,, բառը, որի բարբառային տարբերակն է ,,կորինձ,,: Կամ՝ Մ(ու)զուր, որից՝Մ(ու)նձուր16: Ելնելով վերոհիշյալից Ն.Ադոնցը հնարավոր է համարում, որ այս մրգի մշակումը ծագել է Փոքր Ասիայի նախախեթական միջավայրից եւ այնտեղից է տարածվել Միջագետքում եւ Կովկասյան լեռնային ժողովուրդների շրջանում17: Նշեցինք, որ հայերենի ,,խնձորը,, բնիկ հայերեն բառ է, եւ նրա հնչյունական նմանությունը աքքադական սեպագրերի hashuru բառի հետ, նաեւ վերջինիս բացակայությունն ու մերձավոր աղերսները սեմական ու այլ լեզուներում, ենթադրել է տալիս, որ hashuru-ն հայերենի ,,խնձոր,, բառի հնագույն տարբերակն է կամ բառբառային կորցված մի տարբերակ:
Մյուս salluru ,,սալոր,,(լատիներեն prunus ) բառը ,որ, Ն.Ադոնցը, Հր.Աճառյանը, Ռ.Իշխանյանը եւ ուրիշներ համարում են փոխառություն, ,,սալոր,, ձեւով վկայված է միայն հայերենում: Հր.Աճառյանը այն համարում է փոխառություն քրդերեն ,,շիլուր ,, բառից, իսկ Ռ.Իշխանյանը՝ աքքադերենից18: Հր.Աճառյանը հավանաբար նկատի է ունեցել հայերենի հարավային բառբառներում ,,շլօր,, -սալոր նույնացումը: Սակայն սալոր եւ շլոր մրգատեսակները նույն ընտանիքի մրգեր լինելով հանդերձ խիստ տարբերվում են իրարից եւ չեն կարող նույնացվել: Սալորենու հայրենիքը համարվում է Փոքր Ասիան, Կովկասը եւ Հյուսիսային Իրանը: Իրանական լեզուների մի ճյուղը համարվող քրդերենը, եթե անգամ ընդունենք, որ գոյություն ուներ ն.մ.թ. III հազարամյակի կեսերեն, չէր կարող ծանոթ լինել sallura կոչվող մրգատեսակին, քանի որ քրդերենի կրողները հայտնի են միայն ավելի ուշ, այն էլ Իրանի հարավ-արեւմտյան կողմերում, իսկ sallura-ն Միջագետքի եւ հարակից շջանների բնակիչներին հայտնի է դարձել միայն Սարգոն I-ից սկսած:Սեմական մեկ այլ լեզվում, արաբերենում, այս մրգատեսակը կոչվում է البرقوق ,,բըռկուկ,,: Պատմա-համեմատական լեզվաբանության մի շարք հետեւորդներ սալոր բառի հիմքում փորձում են տեսնել նախալեզվի վերականգնված sleiva,,կապտագույն,, կամ kale ,,տաքանալ,, ձեւերը, որոնցից, ինչպես նշում է Հր.Աճառյանը չէր կարող հայերենի ,,սալորը,, առաջանալ: Մնում է ենթադրել միայն, որ sallura-ն, նույն հայերենի,, սալոր,, բառը առաջացել է հայկական միջավայրում:
Tittu- ,,թիթթու,,: Այս բառի տակ ուսումնասիրողները տեսնում են ,,թզենու,, պտուղը: Ն.Ադոնցը համեմատում է այն հայերենի ,,թուզ,, եւ ,,թութ,, , նաեւ ,,թին,, -խաղողի կորիզը- բառերի հետ, որոնք ըստ Հր.Աճառյանի փոխառություններ են19: Ընդունենք, որ tittu –ն ,,թուզն,,է, որի հայրենիքը սկզբնապես եղել է Արաբական թերակղզին իր շոգ կլիմայով, որտեղ այդ մրգատեսակի մշակմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից: Այդ դեպքում տրամաբանական է, որ սեմական ցեղերը վաղուց պետք է ծանոթ լինեին այդ մրգատեսակին եւ Փոքր Ասիայից դրա ներկրումը դառնում է անտրամաբանական: Ուրեմն ճիշտ է Ն.Ադոնցը, երբ այն նույնացնում է նաեւ ,,թութ,, բառի հետ, որի ներկրման փաստը աքքադացիների կողմից ավելի հավանական է, չնայած ,,թութ,, եւ ,,թուզ,, մրգատեսակները միեւնույն ընտանիքին են պատկանում եւ դրանց անունները կարող են նույն ծագումն ունենալ: Ն.Ադոնցը այս անվանումների ծագմանն է վերագրում նաեւ հայերենի ,,թին,,- խաղողի կուտ- բառը, որն արաբերենում ունի նույն հնչողությունը ,,թուզ,, իմաստով:
Առանձնացվում է թթենիների 17 տարատեսակ, որոնք տարածված են Եվրասիայի, Աֆրիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի տաք կլիմայական գոտիներում: Լայնորեն տարածված է նաեւ Հայկական լեռնաշխարհում եւ Փոքր Ասիայում: Ասսուրերեն , արաբերեն եւ պահլավերեն
լեզուներում ունենք այդ բառի նույն հնչողությունը, ինչ հայերենում: Հունարենում նման հնչողությամբ եւ նույն ,,թութ,, իմաստով բառ չկա: Այս բառը տարածված է նաեւ կովկասյան լեզուներում: Սակայն եթե սեմական ժողովուրդները ,, թթի,, հետ ծանոթ են աքքադացիների միջոցով միայն, ուրեմն ասսուրերենում եւ արաբերենում այդ բառը փոխառություն պետք է համարել: Պետք է ընդունել, որ այդ մրգատեսակի անունը փոքրասիական ծագում ունի:
Պատմահամեմատական լեզվաբանությունը ,,թութ,, եւ թուզ,, բառերը բխեցնում է -tu- ,,ուռչել,, նախաձեւից, համեմատելով այն հին պարսկերեն ,,թուխթէն,,- կծկել, ամփոփել բառի հետ: Եթե դա ճիշտ է, ապա կովկասյան լեզուներում, ինչպես սեմականում, նույնահնչյուն այդ բառերը փոխառություններ են: Ուշագրավ է, որ հայերենի ,,թութ,, բառը ունի նաեւ 1. արիւներթութիւն,նաեւ՝ թութք, հոգնակիակերտ -ք- մասնիկով(геморой ) իմաստները, նաեւ 2.լեզվի ծայրի վերք, 3.,,գորտնուկ ,, իմաստները46, որը բացակայում է այլ լեզուներում: Սակայն ,, թութ,, բառի հայերեն որ իմաստն է նախնական, հնարավոր չէ պարզել: Այս բառի ծագման համար հիմք կարող է ծառայել նաեւ հայերենի ,,թին,, -խաղողի կորիզը բառը,նկատի ունենալով, որ արտաքնապես ,,թութը,, ,,թիների ,, մեկ ամբողջություն է ընկալվում:
,,Թութ,, բառի ուշագրավ ստուգաբանություն է առաջարկում Լ.Ստեփանյանը. ըստ նրա ,,…ta/tu պարզ արմատի և նրանով կազմված բոլոր այս բառերի հիմնական իմաստն է՝ «խփել, թակել, ծեծել, հարվածել: Հայտնի է նաև, որ թթենու պտուղները՝ թութը, հավաքում են ծառի ճյուղերին խփելու, հարվածելու, թակելու միջոցով: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հայերեն թութ բառը ևս բնիկ հայերեն տու պարզ արմատով կազմված կրկնավոր բարդություն է (*տուտու>*թութ(ու)>թութ), որի նախնական իմաստն էր «խփել, հարվածել, զարնել, թակել,,24:
Այժմ անդրադառնանք -sirdu- բառին: Ն. Ադոնցը այն համարում է մի տեսակ մացառաբույս, որն օգտագործում են այգիները զարդարելու համար25: Հր.Աճառյանը այն համարում է,, մի տեսակ գիհի,՝ բխեցնելով թուրքերենից26: Նոր բառգիրք հայկազյան լեզու գրքում կա միայն այսպիսի մեջբերում Աստվածաշնչից. ,,Պետրոս ննջէր ,ի մէջ երկուց զինուորաց, եւ եղիա ,ի ներքոյ ցրդենւոյն,,27: Նկատի ունենալով աստվածաշնչյան այս տողերը, պարզ է, որ Ն.Ադոնցը ճիշտ է ընկալել sirdu-ի ինչ լինելը, սակայն զերծ է մնում բառի ծագումնաբանության մասին խոսելուց, հավանաբար նույնանուն բառ չգտնելով ոչ մի լեզվում, բացի հայերենից: Իսկ բառը հայերեն չէր կարող լինել, քանի որ, հայերը ,,դեռ չէին գաղթել,, Հայկական լեռնաշխարհ:
Հետեւաբար այս բուսատեսակի անունը բուն հայերեն է, ինչպես ,,խնձորն,, ու ,,սալորը,, , նաեւ ,,թութը,,:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ սեմական վաճառականները վերոհիշյալ մրգատեսակների անվանումներին ծանոթ էին միայն հայերենի կրողներից, այլ խոսքով, Մաժաք- Կեսարիայի շրջանում, մասնավորապես առեւտրական կենտրոն Պուշուրխադայի շրջակա տարածքներում հայերենի կրողները գոյություն ունեին դեռեւս ն.մ.թ. XXIV դարից սկսած, նախքան Հայկազյան Արամի արշավանքը:
1. Акад. В.В.Струве,История древнего востока,Госполитиздат,1941,с.80-82.
2. Б.А.Тураев,История древнего востока,Соцэкриз,с.91.
3. Ն.Ադոնց,Հայաստանի պատմություն,Եր.,1967,էջ383;В.В.Струве,էջ80-82.
4. Boghazkoi-Studien,6Heft,1922; Ն.Ադոնց,Հայաստանի պատմություն,Եր.,1967,էջ383; В.В.Струве,էջ80-82.
5. Մովսիսի Խորենացւոյ պատմութւին Հայոց, Եր,1981,ԺԴ:
6.Նույն տեղում:
7.Նույն տեղում:
8. Հայկական լեռնաշխարհում հայ էթնիկ խմբավորումների գոյության մասին, մասնավորապես Արաքսի ձախափնյա շրջաններում III հազ. վերջերին անդրադարձել եմ ,, Հայկական աստվածային եռյակը եւ հայ էթնիկ խմբավորումները Արաքսի ձախափնյա շրջաններում ,, հոդվածում/Լրաբեր հաս. գիտ. 1986թ./, որտեղ Սյունիքի Եռյակ աստվածության ժայռապատկերը թվագրել եմ III-II հազարամյակներով, սակայն հետագայում անդրադառնալով այդ նույն հարցին, եկել եմ այն եզրակացության, որ այդ ժայռապատկերը առնվազն 20-25հազ. տարվա վաղեմություն ունի, հետեւաբար Հայկական լեռնաշխարհում մեր նախնիների գոյության մասին խոսելիս պետք է շատ ավելի վաղ ժամանակների անցքերը լուսաբանվեն:
9. Ն.ԱդոնցՀՊ,, էջ 382-387:
10. Նոր Բառգիրք Հայկազյան Լեզվի/ՆԲՀԼ, ,,ցիրդ,,):
11. Հր.Աճառյան, Հայերեն արմատական/ՀԱԲ/ բառարան, ,,խնձոր,,
12. ՀԱԲ, ,,թութ,, , ,, սալոր,,:
13. Ն.Ադոնց,էջ383:
14. նույն տեղում;ՀԱԲ, ,,խնձոր,,:
15. Гамкрелидзе, Т. В., Иванов, Вяч. Вс. Индоевропейский язык и индоевропейцы: Реконструкция и историко-типологический анализ праязыка и протокультуры.Тбилиси, 1984. էջ. 637—642;Старостин С.А.,Индоевропейско-севернокавказские изголассы, ДВ:этнакультурные связи,М.1988,с.112-163)
16. Ն.Ադոնց,ՀՊ,էջ 385:
17.Նույն տեղում:
18. ՀԱԲ, ,,սալոր,,;Ռ.Ա.Իշխանյան,Բնիկ հայերեն բառեր եւ հնագույն փոխառություններ, էջ 39:
19.ՀԱԲ, -թութ,-թուզ, -թին:
20.Նույն տեղում:
21.Ն.Ադոնց,ՀՊ,էջ387:
22.ՀԱԲ,-ցիրդ:
23. ՆԲՀԼ, -ցիրդ:
24. Լեյլա Ստեփանյան, ՀԱՅԵՐԵՆ «ԹՈՒԹ» ԵՎ «ՄԱՀՈՒԴ» ԲԱՌԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ, ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ:
25.Ն.Ադոնց,ՀՊ,էջ387:
26.ՀԱԲ,-ցիրդ:
27.ՆԲՀԼ, -ցիրդ:
Զոհրաբ Մուղդուսյան
Commentaires