top of page

ՀԱՅԵՐԵՆԻ ԵՒ ՊՈԼԻՆԵԶԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԶՈՒԳԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Writer: Mariam VardanyanMariam Vardanyan

Հնագույն ավստրոնեզիական լեզվաընտանիքն ավանդաբար ներառում է չորս լեզվախմբեր՝ ինդոնեզիական, մելանեզիական, միկրոնեզիական և պոլինեզիական, նաև մի շարք  այլ լեզուներ, որոնցով խոսում են Մալայան կղզեխմբի (արշիպելագ), Հնդկաչինի, Թայվանի, Օվկիանիայի և Մադագասկարի բնակիչները:


Ընդունված տեսակետի համաձայն՝ ավստրոնեզիական նախալեզվից ամենից վաղ անջատվել են պոլինեզիական լեզուները: Վերջիններիս հնչյունական համակարգերն ավելի աղքատիկ են (պոլինեզիական լեզուներում առկա է միայն խուլ պայթականների շարքը՝ k, t, p), քան մելանեզիական լեզուներինը (այստեղ արդեն երևան են գալիս q, d, b, ts, dz, x, sh հնչյունները), իսկ մալայականում դրանց ավելանում են նաև այլ հնչյուններ: Պոլինեզիական լեզուները հայտնի են որպես աշխարհի ամենաքիչ հնչյուններ ունեցող լեզուներ. դրանց հնչյունների քանակը տատանվում է 12-17-ի միջև: Օրինակ, հավայերենը, որ համարվում է աշխարհի ամենապարզ քերականություն ունեցող և ամենահին լեզուներից մեկը, նաև ամենաքիչ հնչյուններ ունեցող լեզուն է. այն ունի ընդամենը 12 հնչյուն՝ հինգ ձայնավոր՝ a, e, i, o, u և յոթ բաղաձայն՝ h, k, l, m, n, p, w:


Մասնագետներն ավստրոնեզիական լեզվաընտանիքը նմանեցնում են մի բարձրաբերձ ժայռի, որի ստորոտում գտնվում են պոլինեզիական լեզուները (որոնք քերականական հարաբերություններն արտահայտում են ինքնուրույն ձևույթներով), միջին մասում մելանեզիական լեզուներն են (մանավանդ viti (վիտի) բարբառը, որն արդեն ձևավորել էր ստացական դերանվանական հոդեր), իսկ ամենավերևում գտնվում են զարգացած ինդոնեզիական (մալայական) լեզուները (նախածանցավոր և վերջածանցավոր): Պոլինեզիական լեզվախմբում նախապոլինեզերենից ամենավաղ անջատված լեզուն Զատկի կղզու (բնիկների լեզվով՝ Rapa Nui – Ռապա Նուի) լեզուն է՝ ռապանուերենը, որն առավել հարազատորեն է արտացոլում նախապոլինեզիական և նախաավստրոնեզիական լեզվավիճակները: Այդ նկատառումներից ելնելով՝ ներկա ուսումնասիրության համար հիմք (կամ չափանիշ) լեզու ընտրվել է ռապանուերենը:


Ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրությունների քանակը մոտ 3 000 է՝ ըստ դեռևս անավարտ «Ռապանուերեն-հայերեն ընդհանրությունների բառարան»ի: Դրանց մեջ բնիկ հայերեն համարվող ընդհանրությունների թիվն անցնում է 600-ից (մնացյալը համարվում են փոխառություններ տարբեր լեզուներից և անհայտ ծագման բառեր): Ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրությունների՝ բնիկ հայերեն ճանաչված զուգահեռներն ընդգրկում են Կ. Բաքի հնդեվրոպական համանիշների բառարանի բոլոր բառիմաստային (թեմատիկ) խմբերը: Ռապանուերեն-հայերեն ընդհանրությունների թվաքանակը (ռապանուերենի բառապաշարի 50%-ը) և ընդգրկման ոլորտը (բոլոր բառիմաստային խմբերը) բավարար հիմք են տալիս ենթադրելու հայերենի և պոլինեզիական լեզուների ցեղակցություն, իսկ որակը (բառացի նույնություն կամ կայուն հնչյունափոխական օրինաչափությունների իրացման արդյունք)՝ նաև հայ-պոլինեզյան լեզվական հաջորդայնություն: Կարելի է փաստել, որ հիմնական բառապաշարի և քերականության՝ որակ կազմող ընդհանրությունները, երկու լեզուների կառուցվածքների, զարգացման միտումների և ներքին օրինաչափությունների համընկնումները վկայում են, որ ի դեմս ռապանուերենի և հայերենի գործ ունենք չափազանց հնում գործածված նախնական մի լեզվի տարժամանակյա դրսևորումների հետ:


Արդի հայերենի և ռապանուերենի հնչույթային համակարգերը ներկայացնում են չափազանց տարբեր պատկերներ. մեզ հայտնի հին գրավոր հայերենը՝ գրաբարն ուներ 36 հնչույթ, որոնք արտահայտվում էին 36 տառերով, իսկ արդի հայերենի 36 հնչույթները գրության մեջ արտահայտվում են 39 տառերով: Ռապանուերենն ունի ընդամենը 14 հնչույթ (և կոկորդային պայթյուն), որոնք գրության մեջ արտահայտվում են 14 տառերով:

Հնչույթային համակարգերի տարբերություններից զատ տարբեր են նաև երկու լեզուներին վերագրվող տարիքները. ըստ պատմահամեմատական լեզվաբանության արդի նվաճումների՝ հայերենին վերագրվում է առավելագույնը 8-12 000 տարվա հնություն, իսկ հնագույն ավստրոնեզիական լեզվաընտանիքի պոլինեզյան ճյուղի լեզուներին, այդ թվում նաև ռապանուերեն լեզվին՝ 40-50 000 և ավելի տարվա: Այդ պատճառով էլ հայերենի և պոլինեզիական լեզուների համեմատությունը չափազանց հետաքրքիր է երկուստեք՝ թե' հայերենի, թե' պոլինեզյան լեզուների ուսումնասիրման համար:


Ռապանուերենի ձայնավորները


Ցավոք սրտի՝ մասնագիտական գրականության մեջ քիչ տեղեկություններ կան ռապանուերենի հնչույթային համակարգի մասին՝ վերջինիս հնչույթաբանական առանձնահատկությունների մանրամասն ուսումնասիրության բացակայության պատճառով: Բայց նկատի ունենալով այն փաստը, որ ձայնավորների հնգաստիճան համակարգն ընդհանուր է բոլոր պոլինեզիական լեզուների համար և, ըստ ամենայնի՝ նաև առավել կայուն է, կարելի է փաստել, որ ավելի լավ են ուսումնասիրված ձայնավորների տիպաբանական բնութագրերը:  


Վերականգնված նախապոլինեզերեն լեզուն ենթադրաբար ունեցել է հինգ պարզ ձայնավոր (/a/, /e/, /i/, /o/, /u/)՝ առանց երկար/կարճ հակադրության: Ձայնավորների այս հնգաստիճան համակարգն ընդհանուր է բոլոր պոլինեզիական լեզուների համար, իսկ դրանցում առկա երկար ձայնավորներն ու երկձայնավորները, ըստ լեզվաբանական ուսումնասիրությունների արդյունքների, հետագայում են առաջացել՝ ձայնավորների միաձուլման արդյունքում:


Ռապանուերենը ևս  ունի հինգ ձայնավոր՝ a, e, i, o, u, որոնք ունեն հնչույթային տարբերություններ, կարող են լինել կարճ և երկար (կամ կրկնակի): Գրության մեջ երկար ձայնավորներն արտահայտվում են որպես կրկնակ ձայնավորներ. a - կարճ, aa – երկար կամ կրկնակի, e – կարճ, ee – երկար կամ կրկնակի և այլն:


Ռապանուերենի ձայնավորների համակարգն ունի հետևյալ պատկերը.


Աղյուսակ 1

Բարձր.\շարք

Առաջնային

Միջին

Ետին

Վերին

      i

 

   u

Միջին

     e

 

   o

Ստորին

 

    a

 

 

ա) Հայտնի է, որ հայերենի բարբառներում արձանագրվող ձայնավորների թիվը տատանվում է 6-ից 12-ի միջև: Սակայն՝ «Ուշադրության արժանի հանգամանք է այն, որ անկախ այդ միավորների քանակից, բոլոր բարբառներն էլ անխտիր ունեն հայերենի համար ընդհանուր վերը նշված վեց ձայնավորները՝ a, e, i, o, u, ə... որոնք, ըստ բոլոր ուսումնասիրողների հավաստիացումների՝ իրենց արտասանական առանձնահատկություններով չեն տարբերվում ժամանակակից գրական հայերենի համապատասխան հնչույթներից: Դրանք փաստորեն այն ձայնավորներն են, որոնք վերականգնվում են նաև հին գրական հայերենի համար»:

Գ. Ջահուկյանը վաղնջահայերենի համար վերականգնում էր հնգաստիճան ձայնավորային համակարգ (*a, e, i, o, u, ā, ē, ī, ō, *ū) և գտնում էր, որ այդ շրջանում երկար և կարճ ձայնավորները դեռևս հնչույթային տարբերություն ունեին (նկատենք, որ վերականգնված հնդեվրոպական նախալեզվի ձայնավորների համակարգը նույնպես բնութագրվում է երկար և կարճ ձայնավորների հակադրությամբ): 

Այսպիսով, վաղնջահայերենի համար Գ. Ջահուկյանի կողմից վերականգնված ձայնավորային համակարգը ճշտիվ համապատասխանում է ռապանուերենի ձայնավորային համակարգին:

Ռապանուերեն                                                Վաղնջահայերեն

a, e, i, o, u,                                            a, e, i, o, *u,

aa, ee, ii, oo, uu                                     ā, ē, ī, ō, *ū

բ) Ժամանակակից հայերենի ձայնավորական համակարգը ներկայացնում է հետևյալ պատկերը:


Աղյուսակ 2

Բարձր.\շարք

Առաջնային

Միջին

Ետին

Վերին

      ի

 

  ու

Միջին

      է(ե)

   (ը)

օ(ո)

Ստորին

 

 

  ա

 

Եթե վերջինս համադրենք ռապանուերենի ձայնավորների համակարգը ներկայացնող աղյուսակի հետ, կստանանք հետևյալ պատկերը.


Աղյուսակ 3

Բարձր.\շարք

Առաջնային

Միջին

Ետին

Վերին

  i  (ի)

 

u (ու)

Միջին

  e  (է/ե)

  (ը)

օ (օ/ո)

Ստորին

 

   a

  (ա)

 

Ինչպես տեսնում ենք, ռապանուերենի i, e, u, o ձայնավորները տիպաբանորեն նույնական են արդի հայերենի համապատասխան (ի, է, ու, օ) ձայնավորներին, փոփոխվել է միայն a(ա)-ի տիպաբանական բնութագիրը՝ մեկ հատկանիշով. ռապանուերենում այն ստորին բարձրության միջին շարքի ձայնավոր է, իսկ հայերենում՝ ստորին բարձրության ետին շարքի:  

գ) Արդի հայերենն ունի ը ձայնավոր, որ բացակայում է ռապանուերենում: Այն ևս ռապանուերենի a ձայնավորից տիպաբանորեն տարբերվում է մեկ հատկանիշով. ռապանուերենի aստորին  բարձրության միջին շարքի ձայնավոր է, իսկ հայերենի ը-ն՝ միջին բարձրության միջին շարքի:


Ըստ Հ. Մուրադյանի՝ «...ա ձայնավորը հին հայերենի դասական շրջանում միշտ կայուն և չհնչյունափոխվող ձայնավոր էր», սակայն «...ետդասական և հատկապես միջին հայերենի շրջանից սկսած խախտվում է նրա այդ հատկությունը»: Այս կարծիքը, թերևս, կարիք ունի հետագա ճշգրտումների: Նորահայտ փաստերը խոսում են այն մասին, որ ը ձայնավորը նախապես կարող էր արտահայտվել ա հնչյունով, ինչին թերևս ականատես ենք լինում ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրություններում, որտեղ առկա է ռապ. a – հայ. ը համապատասխանություն. ռապան. a2 «հոդ, գործածվում է անձնանունների հետ» – հայ. ը որոշյալ հոդ,  ռապան. a5 «մեջ» - բնիկ հայ. ըն- (ըն-կալել, ըն-տանի), (ընդ-գրկել) բխեցվում է հնխ. anti ձևից, որի ներգոյականն է ant «երես, ճակատ, առաջակողմ»), ընդարձակ գործածութիւն ունեցող նախդիր, որ զանազան հոլովներով զանազան նշանակութիւններ է ստանում, այդ թվում՝ «մէջտեղը, միանգամայն»: Կարծում ենք՝ համեմատելի է նաև հայ. ընդեր (ընտեր) «փորոտիք, խորք» բառի հետ, որ բխեցվում է հ.-ե. *entero- «ներքին» արմատից և համեմատվում հ. հնդ. antra «ներքին», հուն. εντερα «աղիք, փորոտիք, ընդերք», «լատ. interus «ներքին» բառերի հետ,  ռապան. a7  «շրջապատել» - գրբ. ընդ «շուրջ» (ընդ-գրկել), (տես a5–ը), ռապան. mana3 «մնալ» - մ(ը)նալ «մնալ», գրբ. մնամ (*menā-` *mēn- «մնալ». հմմտ. նաև հ. հնդկ. man- «հապաղել, հանգիստ մնալ», լատ. maneo «մնալ»), ռապան. tatake (ta-take) «վեճ, վիճել» - բրբ. (Ղրբ.) թակ տալ «ծեծել», թակ (ու) մհակ, նաև թըկըմըհակ «կռիվ, ծեծկռտուք», թըկը-թակե «ծեծ, տփոց», թակել «ծեծել», ռապան. հahari1 (ha-hari) «կատակ, ծաղր» - հայ. h(ը)ռհ(ը)ռալ «բարձրաձայն և անզուսպ ծիծաղել, ք(ը)ռք(ը)ռալ» և այլն:


Ռապանուերեն որոշ երկվանկ բառերի a վերջնահնչյունը, որը դրանց հայերեն զուգահեռներում հնչահապավման արդյունքում սովորաբար օրինաչափորեն ընկնում է, երբեմն կարծես համապատասխանում է հայերենի ը որոշյալ հոդին: Օրինակ՝ ռապան. hegahega (hega-hega) «կարմրավուն, կարմիր, պայծառ» - գրբ. շէկ/շեկ «դեղնակարմիր, խարտյաշ», բրբ. (Վն.) շեկ «շիկացած», (Ղրբ.) շէգյ/շէյգ (թերևս՝ շէգյը), ռապան. heva «խելագարություն», «խելագարվել» - գրբ. խեւ «գիժ, խելառ», Գ. Ջահուկյանը կասկածանքով բխեցնում է հ.-ե. *(s)kebh- «կտրել, ճեղքել» արմատից  (թերևս՝ խեւը),   ռապան. hega2 «լույսը բացվել», hehega (he-hega) «լույսը բացվել, արևածագ» - գրբ. ծագ (Գ. Ջահուկյանը կասկածանքով բխեցնում է հ.-ե. *g'ogh- «ցից, սյուն, ճյուղ» արմատից), բրբ. (Ղրբ., Տր., Տփ. ևլն) ծաքյ/ծէքյ «արևածագ, արշալույս» (թերևս՝ ծէքյը), ռապան. hega1 «ձկան անվանում» - գրբ. ձուկ(ը)ն «ձուկ» (*g'h(i)-kon՝ *g'hiu-), բրբ. (Ղրբ.) ծուկնը/ծուկըն, տես նաև անհայտ ծագման զիգ(ը)ն «մի ձուկ» (կարելի է ենթադրել որոշյալ հոդի կրկնակի գործածություն) և այլն:


Այս համապատասխանությունը նկատվում է նաև հայերենում. հմմտ. օրինակ, գրբ. անկանել/ընկենուլ «գցել, նետել», որից ունենք՝ ընկեցիկ, զընկենու, զէնընկեց ևլն (բխեցվում է sengu- «ընկնել, խորասուզվել» արմատից, որտեղից ծագած է համարվում անկանել (sngu-)բայը, իսկ ավելի ուշ շրջանում՝ գրբ. առատ/միջին հայերեն ըռատ «առատ, լի, առատաձեռն»:


Այն մանավանդ հատուկ է հայերենի՝ գրաբարից ավելի հնատիպ համարվող արևելյան խմբի առավել տիպական բարբառներին, ինչպես օրինակ՝ արածել/ըրածել, առաւել/ըռավալյ, անդար-ընդերու «անտեր-անտիրական», անդոր/ընդուր «այդ պատճառով», առաջին/առաչի/ըռըչի, նաև ա նախասկիզբ ունեցող բառերի հոլովաձևերում անգյուն/ընգյունան/ընգյունավը, աշունք/ըշունքան/ըշունքավը, ախճիգյ/ըխճըկանա/ըխճըկանավը, անգուճ/ընգուճան/ընգուճավը ևլն:


Ենթադրում ենք, որ, ըստ ամենայնի՝ ռապանուերենում, նաև պոլինեզիական լեզուների միջև փաստված մի շարք հնչյունական համապատասխանություններ և հերթագայություններ հայերենի կազմավորման վաղնջագույն շրջանում սաղմնավորվող բարբառների նախնական հնչյունական տարբերությունների արտացոլումն են: Նորություն չէ, որ, «...բարբառային արդի տարբերությունների զգալի մասը հիմքեր ունի բարբառային ավելի հին տարբերությունների մեջ: Դրանց թվին են պատկանում հատկապես հնչյունական որոշ կարևոր հատկանիշներ»:


Ռապանուերենի բաղաձայնները


Պոլինեզիական լեզուների բաղաձայնների թիվը տատանվում է 8-12-ի միջև: Բաղաձայնների ամենասակավաթիվ քանակն արձանագրված է հավայերենում (8): Անգամ արևմտապոլինեզիական տոնգա լեզուն, որ պոլինեզիական լեզուների մեջ ամենահարուստ բաղաձայնական համակարգ ունեցող լեզուն է, ունի ընդամենը 12 բաղաձայն: Ռապանուերենը ևս ունի սակավաթիվ բաղաձայններ (10):

Բոլոր պոլինեզիական լեզուների պես, ռապանուերենը ևս գործածում է քմային հնչյուն (ng), որը հիշեցնում է անգլերեն լեզվի sing բառի ng-ն կամ էլ ռուսերենի нг հնչյունակապակցությունը (դյուրինության համար  գրության մեջ արտահայտվում է g տառով):


Ինչպես նշվեց, ռապանուերենը շատ վաղ է անջատվել մյուս պոլինեզիական լեզուներից, ավելի վաղ, քան մաորին, մարկիզերենը, հավայերենը: Ըստ Էմորիի՝ վիճակագրական տվյալները վկայում են, որ Զատկի կղզու լեզուն ամենից վաղ է անջատվել մյուս արևելապոլինեզիական լեզուներից: Այս մասին է վկայում նաև կոկորդային հնչյունի առկայությունը, որն անհետացել է Պոլինեզիայի այլ կղզիերում, սակայն պահպանվել է տոնգա լեզվում: Օրինակ՝ ռապան. ma’unga «սար» - տոնգա mo’unga, ռապան. ra’a «արև» - տոնգա la’a, ռապան. va’e «ոտք» - տոնգա va’e, ռապան. ho’ou «նոր» - տոնգա fo’ou, ռապան. tu’u «կանգնել» - տոնգա tu’u, ռապան. hetu’u «աստղ» - տոնգա fetu’u և այլն:


Ռապանուերեն բնագրերում կոկորդային հնչյունն արտացոլող նշանը սովորաբար չի նշվում՝ հրատարակչական գործընթացը հեշտացնելու նպատակով:

Հնչյունները ռապանուերենում նշանակվում են ըստ Ս. Էնգլերտի՝ 14 տառերով. A, E, G (ng), H, I, K, M, N, O, P, R, T, U, V:

Այսպիսով՝ ռապանուերենի հնչյունական համակարգն ամբողջությամբ ներկայացնում է հետևյալ պատկերը.

 

 

 

Պոլինեզիական նախալեզվի համար վերականգնված է բաղաձայնների հետևյալ շարքը.  p, t, k, q, m, n, ŋ, w, f, s, h, l, *r:

Նախապոլինեզերեն լեզվի բաղաձայնական համակարգի համեմատությունը արդի պոլինեզիական լեզուներում դրանց արտացոլումների հետ հանգեցնում է այն եզրակացության, որ որոշ բաղաձայններ ավելի կայուն են, քան մյուսները: Այդ հարցի՝ պոլինեզիական 29 լեզուներում կատարված ուսումնասիրությունը տվել է հետևյալ արդյունքները (փակագծերում նշված թվերը ցույց են տալիս, թե համեմատվող 29 լեզուների քանի՞ տոկոսն է պահպանել տվյալ հնչույթը). m (100%),  p (100%), n (97%), t (97%), ŋ (93%), k (86%), f (62%), l (59%), s (49%), r (41%),  ʔ (17%), w (14%), h (10%):


Պոլինեզիական լեզուների (այդ թվում՝ նախապոլինեզերենի) բաղաձայնական համակարգերի համեմատությունը վաղնջահայերենի՝ ակադ. Գ. Ջահուկյանի կողմից վերականգնված բաղաձայնական համակարգի հետ բացահայտում է հետաքրքիր զուգադիպումներ, որոնց մասին ստորև:


ա) Գ. Ջահուկյանի կարծիքով, վաղնջահայերենը պետք է որ ունենար հետևյալ բաղաձայնները. b(h), d(h), g(h), j(h), p, t, k, c, p‘, t‘, k‘, wc‘, f (β)?, δ (θ), x (γ?), s, z, h և r, ṙ, l, m, n ձայնորդները (մգացված են այն բաղաձայններն ու ձայնորդները, որոնք առկա են պոլինեզիական լեզուներում): Դրանց թվում, «...վաղնջահայերենի բուն ձայնորդների շարքը պիտի կազմեին r, ṙ, l, m, n ձայնորդները»: Ձայնորդների այս շարքն առկա է պոլինեզիական լեզուներում և վերականգնվում է նախապոլինեզերենում՝ բացառությամբ ռ(ṙ)-ի: Բայց անհրաժեշտ ենք համարում նկատել, որ ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրություններում գործում է ռապանուերեն r – հայերեն ռ համապատասխանություն, ինչը նկատվում է նաև հայերենում: Բերենք օրինակներ. ռապան. aaru1 (a-aru) «բռնել, խլել» - գրբ. առ «առնելը, գրաւում, կողոպուտ, յափշտակութիւն, աւար ևլն», որից՝ առնուլ «առնել, գրաւել, նուաճել, խլել ևլն» (բխեցվում է հնխ. ar- «տալ, բաժին հանել, առնել, յուրացնել» արմատից),  ռապան. aaru2 (a-aru) «միացնել բռնակով» - գրբ. յար «կից, կցուած, կողք-կողքի, միացած» (ar- «կցել, միացնել») և առ- (նախդիր և նախածանց) «մոտ, դեպի, կողքին» իմաստով, որից՝ առուկ, առընթեր, առանձին  (*per- արմատից), ռապան. ara4 «արթնացնել», «արթնանալ» - գրբ. յառնել (յարեայ, արի) «վեր կենալ, կանգնել» (բխեցվում է r-n-՝ er- «շարժվել, բարձրացնել, հուզել»-ից), ռապան. aro «առջևի կողմը» - գրբ. առ- «նախդիր կամ նախադրութիւն, որ զանազան հոլովներով զանազան նշանակութիւններ է ստանում, այդ թվում դէմը, առջևը... (բխեցվում է հնխ. par- ձևից, որի բունն է համարվում *perə- «առաջի»), ռապան. gorogoro (goro-goro) «փնթփնթալ, խռմփացնել» - գրբ. գոռ «գոչիւն, բոռալու ձայն, բղավոց» (թերևս հ.-ե.՝ ghor-s՝ gher- բնաձայնական արմատից),ռապան. հariu2 «նայել ծուռ, թեք, խորամանկորեն», ariu «նայել ինչ-որ մեկին» - գրբ. յառել «հառել, մեկնել, սևեռել, անքթիթ նայել» (ըստ Ջահուկյանի՝ «թերևս յ- նախածանցով բնիկ հ.-ե.՝ ar-s-` ar- «հարմարեցնել, կապել» արմատից»), ռապան. հiro1 «ոլորել, պտտել», հuri4  «շրջվել», «փաթաթվել, ոլորվել, կծկվել» - գրբ. հիռ «պտոյտ, շրջան, գալար» (թերևս per-s-` sper- «պտտել, շրջել» արմատից), ռապան. kero «թեք(վ)ել, ծալ(վ)ել» - գրբ. կեռ «ծուռ, կեռ, ճանկ» (*ger-s-` *ger- «պտտել, ոլորել» արմատից), ռապան. հurihuri1 (huri-huri) «զայրույթ» - գրբ. հեռ «հակառակութիւն, գժտութիւն, կռիվ, ոխ» (*hers- «հուզել» արմատից) և այլն:


Այսպիսով, վաղնջահայերենի համար Գ. Ջահուկյանի կողմից վերականգնված ձայնորդների շարքը ևս առկա է պոլինեզիական լեզուներում և վերականգնվում է նախապոլինեզերենում, իսկ հայերենի կոշտ ռ(*ṙ)-ի համար հնարավոր է ենթադրել երկրորդային ծագում: Մեր ենթադրությունը հիմնավորում ենք Հ. Մուրադյանի հետևյալ եզրահանգմամբ. «...երևում է, որ հնդեվրոպական r-ի հիմնական (եթե ոչ միակ) ռեֆլեքսը հայերենում եղել է ր-ն, իսկ ռ-ն հետագա գոյություն է՝ հայկական հիմքի վրա, պայմանավորված ր-ի դիրքային որոշ կիրառություններով (թերևս նաև արտաքին հանգամանքներով):


բ) Հայտնի է, որ հ.-ե. l-ի դիմաց հայերենն ունի ł (ղ): Ըստ Գ. Ջահուկյանի՝ վաղնջահայերենում «...ł-ն հավանաբար դեռևս գոյություն չի ունեցել որպես l-ի հատուկ տարբերակ, առավել ևս որպես առանձին հնչույթ»: Հիշեցնենք, որ հինգերորդ դարում (ł)ղ-ն դեռևս կողմնային ձայնորդ էր, հնչում էր որպես կատկային [l]: Հատկանշական է, որ այն՝ (*ł)-ն, ոչ միայն գոյություն չունի պոլինեզիական լեզուներում, այլև չի վերականգնվում  նաև պոլինեզիական նախալեզվում:

Պոլինեզիական լեզուներում գործում է r/l հերթագայություն. օրինակ՝ ռապանուերենի r-ին մի շարք պոլինեզիական լեզուներում (նիուէ, սամոա, արևելյան ֆուտունա, նուկուորո, հավայերեն) փոխարինում է l-ն: Ի դեմս պոլինեզիական լեզուներում առկա այս r/l հերթագայության, կարծում ենք, որ գործ ունենք նախավոր *r-ի տրոհման (r>r, r>l)՝ այսպես կոչված «եվրոպական օրենքի» արտացոլման հետ: Ասվածի ապացույց կարելի է համարել մի ամբողջ շարք բառերում բացահայտվող ռապանուերեն r/ սամոա, նուկուորո, հավայերեն, նաև հայերեն և այլ հնդեվրոպական լեզուներ l, իսկ մի շարք հայերեն բառերում՝ նաև l/ł համապատասխանությունները: 

Բերենք օրինակներ.

1) ռապան. r – հայ. լ.

ռապան. raga1 «հոսել, առաջացնել ջրափոս» - հայ. լակ- «լակում, լակելը» (հ.-ե. lakk-՝ lak- «չպպացնելով ուտել, լակել»-ից), լիթ. lakù, լեթթ. laku, lakt, հսլ. lokati, loçą, սերբ. lòkati ռուս. локать, լեհ. lokam, նաև հայ. լական, բրբ. լագան «կոնք, լագան», ռապան. rano 1) «հրաբուխ, հրաբխի խառնարան (լճով)», 2) «սար» - հայ. 1) լայն «լայն», բրբ. լէն/ (հ.-ե. pləteno- plāt- «թեթև»), հմմտ. սանս. pŗthú, լիթ. platùs, լեթթ. plats ևլն,   2) գրբ. լեառն, բրբ. լէռ/լէր/լեռ/լեր/լmռ «լեռ, սար» (հ.-ե. k'leitr-no` k'lei- «հենել, հակել, թեքել» արմատից), հմմտ. լատ. clivus «բլուր», հհիւս. hlaiva, գոթ. hlaiw, անգսք. hlāw, հբգ. hlēo «գերեզման», ռապան. rakau (ՆԱՆ *kaniw, ՆՊՆ ra’a-kau), տոնգա ‘akau, սամոա la’au, թաիթ. ra’au, հավայ. la’au, մաորի rakau, մանգ. rakau, տուամ. rakau – հայ. լաք «մշակված հողակտոր», լափ «ճյուղ», անհայտ ծագման լափրի (լափռի, լափառ) «չիչխան», ռապան. riri «զայրույթ, ջղայնանալ» (ՆԱՆ lilit, ՆՊՆ li), տոնգա lili, սամոա lili, թաիթ. riri, հավայ. lili, մաորի riri, մանգ. riri, տուամ. riri – հայ. բրբ. (Սբ.) լիր լիր (խոսքեր) «խիստ՝ ծանր հանդիմանություն»,

ռապան. riva «լավ» -հայ. լաւ «լավ» (հ.-ե. labh-«բռնել, ունեցվածք, կալվածք» կամ lē(e)-/lei- «ցանկանալ» արմատից), հմմտ. հ. հնդ. lābha «ձեռքբերում, օգուտ, շահ», հուն. λαφΰρον «ավար, կողոպուտ», լիտվ. lōbis «հարստություն, գանձ», lābas «բարիք, բարի», լատվ., պրուս. labs «լավ, բարի», լիթ. labas «հարստութիւն», «հնարավոր է համարվում նաև համեմատությունը հ.-ե. *lē(e)-/ləi- «ցանկանալ» արմատից ծագող հուն. λώίοζ «ավելի լավ» բառի հետ. տես Աճ. ՀԱԲ 2, 268»,   ռապան. ritorito (rito-rito) 1) «սպիտակ, պայծառ», 2) «կարմիր» - հայ. 1) լուրթ «պարզ, բաց, պայծառ, բաց կապույտ», 2) «պայծառ, ուրախ, պարզերես», 3) «պայծառ արթուն մտքով», նաև լուրջ «բաց կապույտ, պայծառ» (ըստ Ջահուկյանի՝ հազիվ թե կապ ունի  հ.-ե. lenk-, kleu- «ողողել, մաքրել»-ի հետ), հմմտ. նաև վրաց. լուրջի «կապույտ», մինգր. լուրժի, ինգիլ. լուրժ, սվան. յուրջ «կապույտ», 2) գրբ. լոյց, լուցումն «բորբոքումն, վառումն», լուցանել «վառել» (*louks-, leuk-k, leuk-), ռապան. raraga1 (rara-ga) «հյուսել (կողով)», «գործել (ուռկան, ցանց)» - հայ. որոգայթ «թակարդ, ծուղակ»:  Ըստ Գ. Ջահուկյանի՝ «կազմված է –այթ վերջածանցով. (հմմտ. ճառագայթ)՝ որոգ արմատից, որ, թերևս, ծագում է հնդեվրոպական ro- ձևից՝ reu- «պատռել, քանդել, փորել» արմատից». հմմտ. ռուս. ров «փոս»:


Հաշվի առնելով, որ ռապանուերենում բառիս հիմնական իմաստն է «հյուսել», «գործել (ուռկան)» (ոչ թե «քանդել, փորել»), ռապանուերեն rara արմատը համեմատելի է դառնում նաև գրաբ. լար «առասան, թոկ, պարան, լար, թել, ուղղալար, թակարդ, տոռն» «պարան ի կանեփոյ» բառի հետ (հնխ. vləro-՝ wel- «պտտել, ոլորել»), հմմտ. նաև վրաց. լարո «լար, առասան, թակարդ», լարի «մետաքսէ կտոր, նուագարանի լար, աղեղի լար»: Մեր կարծիքով, վերջինիս՝ «հյուսված, գործված թակարդ» նախնական իմաստի օգտին է վկայում նույնարմատ հայերեն որոգայթա-դիր բառը և որոգայթ լարեալ լարիւք արտահայտությունը: Նկատի ունենալով, որ ռապանուերենի ga մասնիկը հոգնակիության ցուցիչ է և համապատասխանում է գրաբարյան –ք հոգնակիակերտ մասնիկին, հնարավոր է ենթադրել ռապանուերեն raraga1 (rara-ga) - գրաբ. լար-ք համապատասխանություն՝ «թել-ք, պարան-ք» իմաստով:

ռապան. reo1  «ձայն», «հնչող» - գրբ. լու «լսելի» (լու<*k'lutos- ), լու առնել «լսել տալ», լու լինել «լսուիլ», լու ի լու «լսելով, լսելի լինելով», հրամ.՝ լուո', հմմտ. ռուս. слышать «լսել», նաև լուր «ձայն լսելի, հնչյուն», որից լսել բայի հրամայական եզ. բ.  դեմքը՝ լու'ր (*k'luro- *k'leu «լսել» արմատից, որից նաև լու, լուռ, լսել):


Նախնական r-ն պահված ենք գտնում սանս. çru «լսել», çrutá- «լուեալ», çrúti- ««ականջ, տեղեկություն, լուր», çruš «լսել», զնդ. sru «լսել», srūta- «լուեալ», պհլ. srūtan «արտասանել», պրս. surūd «երգ», surūdan «երգել, խօսիլ» զուգահեռներում, իսկ l-ն՝ լատ. clueo, cluo «հռչակուիլ, անունը դուրս գալ», գոթ. hliuma «ականջ», հ. բ. գ. hlosēn «ականջ դնել», hlūt «բարձրաձայն, լսելի ձայնով», ն. բ. գ. losen «ականջ դնել», կիմր. clywed, կորն. clevaf և բրըտ. klévout «լսել», հիսլ. hlust «ականջ», անգլ. listen «լսել», հսլ. slut i «կոչիլ, անվանի լինել«, ռուս. слушать, слышать «լսել», слухъ «լսելիք» և այլն, ռապան. rerarera (rera-rera) «ծովի մակերևույթը» - գրբ. երեր «երերում, տատանում» (բխեցվում է tres- «դողալ, երերալ»-ից), բրբ. էրէրալ/էրըրալ/էրէmլ/իարոլ (ըստ Հ. Աճառյանի՝ պարզ արմատն է ter-, որ պահված է միայն սանս. tarala «վախից դողալով» բառի մեջ) հմմտ. նաև սանս. trasati «դողալ», զնդ. tərəsaiti «վախենալ», լատ. terreo «վախեցնել», terror «սարսափ», հսլ. tresa «ցնցել», ռուս. трясти «ցնցել», трясеный «երերալ», նաև գրաբ. լելալ «երերալ, շարժվել» (բխեցվում է lel- բնաձայնատիպ արմատից), հմմտ. նաև լիտվ. liliuoti «օրորել, ճոճել», չեխ. leleti «հուզել», ռուս. лелеять «ալիքների վրա օրորել» և այլն: Գ. Ջահուկյանը գտնում էր, որ «Ավելի հավանական է երեր-ի հայկական կազմություն լինելը՝ *tres->եր-՝ հետագա կրկնությամբ, մանավանդ, որ այն պահպանվել է չկրկնված ձևով բրբռ. երկծալ և երվերտալ բայերի մեջ»:


Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ռապ. hare «խրճիթ, տուն», տոնգա fale, սամոա fale բառի  հավայ. hale «խրճիթ, տուն» տարբերակը, որ պիտի տար բնիկ հայերեն այր, հիւղ, խուղ, այլև *հալ- այլևս անհետացած  արմատ՝ «այր» իմաստով: Այն գտնում ենք Հալիձոր գյուղանվան մեջ: Հին Հալիձորը նախկինում ամբողջովին այրաբնակ է եղել, ըստ այդմ՝ գյուղանունը կարելի է ստուգաբանել որպես Այր-ի-ձոր «Այր(եր) ձորի մեջ»):

2) ռապան. r – հայ. լ>ղ. 

ռապան. ragaraga2 (raga-raga) «լողալ» - բնիկ հայ. լոգանալ/լոկանալ/լողկանալ «լողանալ» (*louənā, lou- «լվանալ» արմատից), լող (լաւղ, լոյղ, ղող, ղաւղ ևլն) «լողալը» (lel- (այլև lul-, lal-) «օրորել, ճոճել, դես ու դեն շարժել» արմատից), ռապան. ruru3 «ցուրտ» - հայ. բրբ. սլուլ «սառնամանիք», սղին «սառցաշերտ», սղոն «սառցակտոր», լեղուլ «ջրի մէջ հարելով հալեցնել» (հ.-ե. <*lel-), լկիլ «սառոյցի կակղիլ՝ հալիլ սկսելը» (հ.-ե. *leg- «կաթել, ծորալ»), ռապան. horihori (hori-hori) «հոգնություն, հոգնել» - գրբ. յոյլ «ծույլ, դանդաղ, ծանրաշարժ»  (*solio-՝ *sel- «սողալ, սողոսկել»), որից՝ յուլանալ/յուղանալ «ծուլանալ», նաև յողալ «ծուլանալ», յուղող «մեղկացուցիչ», յողեալ «ընկեցեալ», ռապան. rogo «հաղորդում» (հմմտ. հ.-ե. lok2 «խոսել») – գրբ. ողոք «աղաչանք», ողող «ողբ, լաց, կոծ» (հնխ. ol-), ողողանալ (-անիլ) «լալ, ողբալ» (ol-ol-՝ el- բնաձայնական արմատից), ողբ «ողբ» (el-, *ol-ից), ռապան. roiroi (roi-roi) «հոսել բերանից (թուքի մասին)» - գրբ. լորձն «լորձ, լորձունք» (*(s)lend(հ)- «սահել» արմատից), նաև լոյծ «հալուկ, հալհլուկ» (leu-, lou-), հմմտ. լատ. re-luo «լուծել», so-lvo «լուծել», lues «լուծույթ, անմաքուր հեղուկ», ողող «թափելը, հոսելը», «ողողել, հեղեղել, ցողել, պարզաջրել» (բխեցվում է pol-ի կրկնավոր ձև՝ pel- «թափել, հոսել, լցնել» արմատից), ռապան. hare3 «թափել, ոթել, վայթել» – գրբ. հալ «հալուիլը», «հալք, հալչելը» «լցնել, հոսել» (հ.-ե. pl- (pol, pel-) «լցնել, հոսել»-ից) և հեղ- «թափել, լցնել» (հ.-ե. pel- «լցնել, թափել, հոսել»), որից՝ հեղուլ «թափել» հեղեղ, նաև զեղ, որից զեղուլ, զեղանիլ «թափուելու չափ լցուիլ» (հնխ. *pel-ից), տես նաև հայ. ողովթի (որովաթի) «հեղեղ» բառը, որ Գ. Ջահուկյանը միացնում է ողող բառի հետ, ռապան. huri2 «փորել» - գրբ. հոր «փոս, խոր, ջրհոր», որից՝ հորել (*poro-՝ *por- «անցկացնել», «անցնել»?), անհայտ ծագման գրբ. փոր «ծակ, պարապություն, մեջը փոս տեղ», որից՝ փորել, (յետնաբար գրուած նաև պորել), բնիկ հայ. պեղել «փորել, հողը փորելով դուրս հանել» (bel- «կտրել, հանել, փորել» արմատից. հմմտ. սանս. bīla- «խոռոչ, ծակ, բացվածք», bīlma- «տաշեղ», վեդ. bāra- «ծակ, բացուածք», միռլ. belach «ծերպ, ճեղք», նիռլ. bealach «ճամբայ, լեռնանցք»), անհայտ ծագման գրաբ. փող «նեղ անցք, խողովակ», ռապան. are1 «ծաղիկ», tiare «ծաղիկ, ծաղկելը» - գրբ. ծառ «ծառ» (*g'rso-), ծաղիկ «ծաղիկ» (*g'ol-(+իկ)՝ gel- «պայծառ, զվարթ շողալ» արմատից): Ռապան. are1 «ծաղիկ» բառի նախնական՝ ր-ով արմատը պահված ենք գտնում հայ. առուեղ «մի տեսակ անծանօթ ծաղիկ», առուոյտ, գրված նաև առւուտ, առվոյտ, առոյտ, առուտ, առուոտ ևլն «մի տեսակ խոտ», առսան «անծանոթ մի բույս», բրբ. (Խրբ.) արիշի «որթատունկ», (Հվր.) արիովր «վայրի կանաչի տեսակ», (Մշ.) արուք 1) «չոր ծառ», 2) «չորացած ծիրանենի», (Խն.) արուսուկ «ուտելի բանջար», (Ալշ. Հմշ. Նն.) արոտ/արոդ, (Գնձ. Ղրբ.) արուտ «մարգագետին, արոտավայր», (Ակն) արոտակ «գիհիի նման ծառ, ձխնի», (Լ.) արոտկան «լավ արածող» բառերում, իսկ լ/ղ-ով տարբերակը՝ բնիկ հայ. ծիլ (ծիղ/ծէղ) «ծիլ, ընձյուղ, բողբոջ» (gī-lo-՝ *gēi- «ծլել, ծաղկել») և, թերևս վերջինիս ձայնդարձային տարբերակ, սակայն կովկասյան (քարթվելական) աղբյուրից փոխառություն համարվող ծալան (բրբ. ծալամ) «խաղողի ուռ» բառերում, ռապան. po «մթություն», «գիշեր», «օր» - գրբ. բալ/բաղ «մէգ, մթին, մռայլն, մթագույն», «ամպ, աղոտ», «ծխի քուլա, գիշեր» (*bhəl- «փայլուն, սպիտակ» արմատից), սանս. bhala- «փայլ», հսլ. bĕlŭ «սպիտակ», լիթ. báltas«սպիտակ», լեթթ. bâls «դժգոյն», գոթ. bala «դժգոյն» և այլն, ռապան. kikiri1 (ki-kiri) «գլաքար» –  գրբ. գիլ/գիղ «գլորում, քար» (*uel- «շրջել, ոլորել, պտտել, գլորել» արմատից), հմմտ. հ. հնդ. válati «ոլորել. գլորել, փաթաթել», լատ. volvō «ոլորել, գլորել, դարձնել», հ. վ. գերմ. welzan «գլորել», ռուս. валун «գլաքար» (տես նաև գրաբ. գուլ «բութ, ոչ սուր» (դանակ), որից՝ գլիլ «բթանալ»), ռապան. kero «թեք(վ)ել, ծալ(վ)ել» - գրբ. կեռ «ծուռ, կեռ, ճանկ» (*ger-s-` ger- «պտտել, ոլորել» արմատից), նաև կեղ «ծուռ, թյուր, թերի», ըստ Ջահուկյանի՝ թերևս կ/խ հերթագայությամբ կապված է խեղ  բառի հետ, որ ծագում է հ.-ե. (s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատից» (տես նաև կաղ) և այլն:


Բերված (և ոչ միայն) օրինակները թույլ են տալիս ենթադրել, որ գործ ունենք նախավոր r-ի տրոհման (r>r, r>l) «եվրոպական» կոչված օրենքի արտացոլման հետ: Հիշեցնենք, որ հինգերորդ դարում (ł)ղ-ն դեռևս կողմնային ձայնորդ էր, հնչում էր որպես կատկային [l]: Համեմատական քերականության արդյունքները ցույց են տալիս, որ «...այն ծագումնաբանորեն հանգում էր հնդեվրոպական l-ին»: Ըստ նույն հեղինակի՝ «Դասական հայերենի լ-ի և ղ-ի ինքնուրույն հնչույթներ լինելու ամենամեծ կռվանը նրանց՝ պատմական զարգացման ընթացքում արտասանական տարբեր որակի հնչյունների հանգելն է: Հին լ-ն ամենուրեք, մեր լեզվի պատմության բոլոր էտապներում, նրա գրավոր ու բանավոր դրսևորման բոլոր տարբերակներում մնացել է որպես լեզվատամնային կողքային ձայնորդ, այն ժամանակ, երբ ղ-ով արտահայտված հնչյունը հայերենի այդ նույն դրսևորումներում, ներառյալ նաև հայերենի ժամանակակից բարբառները, դարձել է ետնալեզվային բաղաձայն»:  


գ) Հայտնի է, որ գրաբարում վ հնչյունն ուներ եռատառ գրություն՝ վ, ւ, ու (v, w, u): Պոլինեզիական լեզուներին հատուկ է w/v հերթագայությունը, իսկ ռապանուերեն-հայերեն բառային զուգահեռներում գործում է ռապանուերեն u/v – հայերեն վ/ւ համապատասխանություն, ինչպես օրինակ՝ ռապան. toutou  (tou-tou) «թավ, խիտ (բույսերի, ծառերի մասին)» - գրբ. թաւ, որից՝ թաթավ (t'at'aw) «թանձր, խիտ (ծառի, անտառի համար ասված)» (բնիկ հայ բառ՝ հնխ. touo-, tēu- «ուռչել» արմատից), ռապան. tau1 «տարի, դարաշրջան» - գրբ. տիւ  «ցերեկ, օրվա լույս մասը» (բխեցվում է հնխ. deu-` dei- «շողալ, փայլել» արմատից), տես նաև տի «օր», առանձին անգործածական արմատ, որ «կայ միայն երկտի «երկու օր» բարդի մէջ...» և տի «տարիք, հասակ» (հնխ. dit կամ diti), ռապան. taviri tavara «պտույտ գալ, բոլորածիր պտտվել» - գրբ. թաւալ  «թավալում, գլորում» (ըստ Գ. Ջահուկյանի՝ թերևս *tap- «սեղմել» արմատից), ռապան. kevakeva (keva-keva) «ուժեղ ցավ» - գրբ. ցաւ «ցավ» (Գ. Ջահուկյանը կասկածով բխեցնում է k'sā-po-՝ k'sā- «այրել» արմատից), ռապան. հau5 «հով, սյուք» - գրբ. հով «հով, հովանի, քամի» (*pou-` *p(h)u- «փչել, ուռչել» արմատից) և ալլն:


դ) Արդի հայերենը բաղաձայնական հարուստ համակարգ ունեցող լեզու է, ունի եռաշարք պայթականներ, պայթաշփականներ և շփականներ: Ժամանակակից հայերենի եռաշարք պայթականների դիմաց ռապանուերենն ունի միայն խուլ պայթականների շարքը: Ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրություններում գործում է խուլ-ձայնեղ  համապատասխանություն:


Ռապան. k – հայ. գ. 

kiki1 (ki-ki) «խոսել», «ասել» - հայ.  գո'գ «ասել, գոչել» (հնխ. oguh-, ueguh- «հանդիսավոր կերպով խոսել»), kikiri1 (ki-kiri) «գլաքար» - հայ. գիլ (գիղ) «գլորում, քար» (*uel- «շրջել, ոլորել, գլորել, պտտել», գուլ «պակասեալ ’ի սրութենէ» (*uel- «պտտել, ոլորել»), kio4 «հմայել» - հայ. գերել «թովել, հմայել» (*ueriio-, uer- «գտնել, վերցնել»), korokoro2 (koro-koro) «հնդկահավ» - հայ. գոռել «հնդկահավ» (գոռալ բայից, որ ծագում է gher- բնաձայնական արմատից), ka4 «գերազանց», kura2 «լավագույն, ընտիր» - հայ. գեր «վեր, աւելի քան, բարձր» (*uer- «բարձրացնել»), kau1 «գնալ» - հայ. գա- «գալ» (*uadh- «քայլել, գնալ»), գնալ (*ghhē-nā-mi-՝ ghē- (չքմայնացած gh-ով) «լքել, հեռանալ, գնալ» արմատի՞ց), karu «սերմ, հատիկ» - հայ. գարի «գարի» (*gher- «դուրս գալ, բուսնել, քիստ ունենալ» արմատից՝ gharua- (՞)), kite2 «տեսնել, նկատել», «իմանալ» - հայ. գէտ (գիտ) «գիտակ, գիտուն, գիտցող» (ueid-/*uoid- «տեսնել, գիտենալ»-ից), rakeia (rakei-a) «հագնված» - հայ. ագանիմ «հագնել» (ըստ Ջահուկյանի՝ ou-՝ (eu- «հագնել»-ից), koa «բավարարվածություն, լինել բավարարված» - հայ. գոհ «արմատ գոհանալոյ», kori «զավթել, խլել, գողանալ, գող» - գող «գող», գող- «անհետացում, գրավում, զավթում» (*uolo- *uel- «պոկել, շորթել, թալանել»-ից)  ևլն:


Ռապան. t – հայ. դ.

tigi «փոքրիկ քարե կացին» - հայ. դակու (տակու, դակուր, դագուր) «ուրագ կամ կացին» (*dhāgu(r)-, dhag- «սրել, ծակել»), toku «իմ» - հայ. դուք «դուք», turi «եղեգի տեսակ», tuere «բույսի անվանում» - հայ. դեղ «(կանաչ, դալար) խոտ, դեղաբոյս, բուժախոտ» (dhel- «ծաղկել, կանաչել», dhal-), terea (tere-a) «հանգստություն, հանգիստ» - հայ. դարել «կանգ առնել, կենալ, մնալ» (dher- «պահել, մնալ»), tatari  «սպասել» - հայ. դադար «հանգիստ, դադարի տեղ, կանգառ» (*dher- «պահել»), tanu «թաղել» - հայ. դամբ «թաղում» (*dhmbh-՝ dembh- «թաղել»), ta «այդ» - հայ. դ երկրորդ դեմքի ցուցական հոդ, դա «դա, այդ» (to- ցուցական հիմքից), tai «ծով, օվկիանոս» - հայ. դանդ «թանձրացեալ մրուր հեղուկ նիւթոց» (*dhn-dh-, dhm-dh-` *dhem-, հմմտ. լատվ. danga «կեղտոտ ջրափոս») և այլն:


Ռապան. p – հայ. բ. 

po «մթություն», «գիշեր», «օր» - հայ. բալ/բաղ «մէգ, մթին, մռայլն, մթագույն», «ծխի քուլա, գիշեր» (*bhel- «փայլուն, սպիտակ»), potu «դանակի սուր ծայրը» - հայ. բութ «բութ, գուլ» (*bhu-t-՝ bhau-, bhu- «խփել, հրել»), parau «ասել, պատմել» - հայ. բալ «խօսիլ, ասել», պարզ արմատն է՝ բա, որից՝ բարբառ «հնչյուն, ձայն, խօսք, լեզու» (հնխ. bha- «խոսիլ» արմատից), pati «բշտիկ» - հայ. բուշտ «պալար, ուռուցք, բշտիկ, պալար» (b(h)(e)u- «ուռչել»), pipiri1 (pi-piri) «որսալ, բռնել» - հայ. բուռն «ձեռքի բուռ, բռնի, բռնավոր», բռնեմ «’ի բուռն առնել, ճանկել» (*bhōr-, bhōr-no-, bher- «բերել, տանել»), pouro «ամբողջ» - հայ. բոլոր «ողջ, համայն», «ամբողջ, բոլորակ» (*bhol-, bhel- «փչել, ուռչել, բխել» արմատից), puta2 «յուղոտ», «չաղ», puku, puhi «ագահաբար ուտել, ճարպակալած» - հայ. բուտ/բութ «ուտելիք, կերակուր» (bhug- «վայելել» - ից), pohi ա) «կատաղություն, զայրույթ» - հայ. բոհ «սպառնալիք, վախ, երկյուղ, սոսկում», որից՝ բոհմունք «ահագին ցասումն և սպառնալիք» (բնաձայն. կազմություն), բ) «սպառնալ, հանդիմանել» - հայ. բողոք «գանգատ՝ աղաղակաւ» (*bholo-ko-, bhel- «հնչել, խոսել»), pae2 «սկսել ծեծկռտուք» - հայ. բախ «արմատ բախելոյ, բախումն», «ընդհարում», «ավելի ուշ՝ բաղխ «հարված» (թերևս զուգահեռ հ.-ե. bhu(m)bh-ին), ինչպես նաև իրանական լեզուներից փոխառություն համարվող մի շարք բառերում՝ pae1 «ավարտել, վերջացնել» - հայ. բաւ «ծայր, վերջ, սահման» (համարվում է փոխառ. պրսկ. bav-ից), pae3 ա) «մաս, բաժին» - հայ. բաժին/բարժին (բաժ) «մաս, բաժին» (համարվում է փոխառություն իրանական աղբյուրից՝ bāžīn), բ) «բաժանել» - հայ. բաժ «մաքս, հարկ, տուրք» (համարվում է փոխառություն իրանական աղբյուրից՝ baž), pae7 «բավական, բավականաչափ» - հայ. բաւ, որից բաւարար, բաւական, բաւել «այնչափ, որչափ պիտոյ իցե» (համարվում է փոխառություն պրսկ. bav-ից) ևլն:


Հիշեցնենք, որ նման (խուլ-ձայնեղ) համապատասխանությունը հատուկ է ցեղակից լեզուներին: Է. Սեպիրը գտնում էր, որ լեզվի կաղապարը անփոփոխ էություն է, որը որոշում է, սակայն, փոփոխությունների բնույթն ու ուղղությունը. «...ցեղակից լեզուները կարող են հնչյունապես տարբեր լինել, բայց նրանց հնչյունական համակարգերի կաղապարները կհամընկնեն այնպես, որ մի լեզվի b, d, g հնչյուններին կարող են համապատասխանել մեկ այլ լեզվի p, t, k հնչյունները»:


Կարծում ենք՝ սխալված չենք լինի, եթե ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրությունների բնույթի որոշման հարցում հենվենք այդ ընդհանրություններին բնորոշ հնչյունական համապատասխանությունների բնույթի վրա:

ԼԵՅԼԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ



Comments


bottom of page