2023 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ խոշորագույն հայ գիտնական, ռադիոֆիզիկոս, ռադիոաստղագետ, հայագետ և մեծ անհատականություն՝ ակադեմիկոս Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողությունը Երևանի Դավթաշեն համայնքում:
Միջոցառմանը ներկա էին անվանի գիտնականներ, մշակույթի և քաղաքական գործիչներ, Պարիս Հերունու կողմից ստեղծված և ղեկավարված միութենական ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ, ազգականներ և մտերիմներ։
Տեղի ունեցավ Պարիս Հերունու փողոցի ցուցանակի հանդիսավոր բացումը (նախագծող՝ Քարահունջ կենտրոնի հիմնադիր անդամ Թովմաս Բադալյան):
Պարիս Հերունի գիտնականի գիտական ավանդի և հայ ժողովրդի համար նրա անհատականության նշանակության մասին խոսեցին հանդիսավոր արարողության մասնակիցները՝ լեզվաբան, բան. գիտ. թեկնածու, Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը, ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ Գառնիկ Ստեփանյաը, ՀԱՊՀ պրոֆեսոր, «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախագծի ղեկավար Արևիկ Սարգսյանը, Հաճըն հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի անդամ, միության հիմնադիր նախագահ Գեւորգ Կրբեկյանի որդին՝ Վահագն Կրբեկյանը (նշենք, որ Պարիս Հերունու երակներում հոսում էր հաճենցու արյուն), «Կոտայք» մարզային թերթի թղթակից, գրող իրավաբան, ազատամարտիկ՝ Սամվել Մաճկալյանը: Փայլուն խոսքով ելույթ ունեցավ նաև մասնագիտությամբ կիբեռնետիկ, հասարակական գործիչ, հայկական ավանդական պարերի մասնագետ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը: Շնորհակալական խոսք ասաց «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Պարիս Հերունու դուստր Նանա Հերունին:
Այնուհետև Գագիկ Գինոսյանը իր «Կարին» ազգային-ավանդական երգի-պարի խմբի հետ միասին հանդես եկան պարերով, որոնց միացան նաև ուրիշներ: Երգիչ, երգահան Արսեն Համբարյանիը ներկայացրեց երու երգ: Փողոցում գտնվող պուրակում տիրում էր տոնական մթնոլորտ՝ ուրախություն, հպարտություն և ոգեշնչում՝ երկար սպասված և ոգեղենության բարձրակարգ իրադարձությունից։
Միջոցառումը կազմակերպվել էր «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի կողմից, Դավթաշենի համայնքապետարանի աջակցությամբ:
Տեսանյութը մեր յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/watch?v=HlrsU3y5BNc
Comments