top of page

ՔԱՐԱՀՈՒՆՋ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ

Updated: Oct 22, 2021



Հազարամյակներ առաջ Հայկական բարձրավանդակում բնակվող հայ ժողովուրդը, հանձին քրմերի, խորամուխ է եղել աստղային-տիեզերական գիտելիքներում, և այն գործնական մեծ դերակատարություն է ունեցել երկրի հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, բարոյական և այլ ոլորտները կարգավորելու գործում։

Սովորական տրամաբանություն է՝ եթե աստղային գիտելիքը պահանջարկված է եղել հասարակության կողմից, ապա ինչու չպե՞տք է լինեին նաև ենթակառուցվածքային կենտրոն-օջախներ, որոնցում հազարամ­յակների ընթացքում կկուտակվեր այդ գիտելիքը: Խոսքը Հայաստանի հնագույն աստղադիտարանների մասին է, որոնց դեմ վաղուց «խաչակրաց արշավանք» են իրականացնում պետական այն կառույցները, որոնց սրբազան պարտականությունը հենց այդ անթեղված մշակույթի բացահայտելն ու պահպանելն է: Այս առումով Հեթանոսական կրոնը և տաճարականությունը գիտության ստեղծողը, կրողը, պահպանողն ու զարգացնողն էին: Գիտությունը քրմական դասի գործունեության կարևոր խնդիրներից մեկն էր, ու հեթանոսական տաճարները նաև գիտական կենտրոններ էին: Իսկ գուցե՞ այդ գիտելիքը ընդօրինակվում էր հարևաններից, ինչպես փորձում են ներկայացնել այսօրվա հնագետները:

Վերջին տասնամյակներին Հայկական բարձրավանդակում մշակույթի ամենաբազ­մազան ոլորտներում կատարված հնագիտական բացահայտումներն ու հայտնագործութ­յունները միանշանակ ցույց տվին, որ տասնյակ հազարավոր տարիներ շարունակ «մշակու­թային կիսալուսին» կամ «Քարահունջ-Պորտասարի էլլիպս» անվանված մշակույթն իր քաղաքակրթությամբ սնուցել է մի այնպիսի հսկայական տարածա­շրջան, որի սահմանները դժվար է հստակորեն որոշել /լեզվական տվյալներով տասնյակն անցնող լեզվաընտանիքների ժողովուրդներ/, ուստի գոնե հիմա բարոյական չէ շարունակել անհիմն հերյուրանքները օտարներից հայկական մշակույթի կրած ազդեցությունների մասին, տեսակետ, որը միչև վերջերս տիրապետող էր և դեռ է՛ դրսի և Հայաստանի ակադեմիական գիտության շրջանակներում:

Մշակութային հոսք Հայաստանից եղել է անընդհատ, սակայն այն ուժեղացել է հատկապես տեխնոլոգիական հեղաշրջումների փուլերում, որոնց ընթացքում բնության հետ մարդու գոյատևման դաժան գոտեմարտը թեթևացնող ամեն մի գիտատեխնիկական հայտնագործություն, ներդրվելով երկրի հասարակական արտադրության տարբեր ոլորտներում, նաև ազգաբնակչության ու արտահոսքերի միջոցով անընդհատ իր թարմությունն է բերել շրջակա մշակութային կենտրոններին՝ հայոց լեզվի նյութական և կառուցվածքային հումքից մինչև դիցաբանություն, աստղագիտություն, տոմար, երկրագոր­ծություն, սովորութային և օրենսդրական իրավունք, գյուղատնտեսություն, բնապահպանական քաղաքականության հիմունքներ, մետաղամշակություն և մշակութային այլ ոլորտներ: Ահա այդ ազդեցության հետքերն այսօր նորագույն գիտություն­ների ու մեթոդների միջոցով նորովի վերծանվում, բացահայտվում և կողք-կողքի դրվելով ուրվագծում են այն հզոր համայնապատկերը, որի շնորհիվ հնագիտության տարբեր բնագավառ­ներում արդեն ձևավորում է «Հայկական բարձրավանդակի քաղաքակրթության» տեսլականը:

Դառնալով հայերի հնագույն աստղագիտական և տիեզերակերտման պատկերա­ցումներին՝ պետք է նշենք, որ հստակորեն բացահայտված են մի շարք մշակութային կենտրոն­ներ, որոնց հետ արդի գիտությունը բազմաթիվ պատճառներով, կարելի է ասել, կորցրել էր ժառանգականության կապը: Իրականում մինչքրիստոնեական աստղագիտա­կան համաշխար­հային մշակույթի ու գիտության հայկական սերման և շարունակականութ­յան վերաբերյալ են խոսում երկնային մարմինների անվանումները, որոնք որևէ մեկից փոխառնված լինել չէին կարող՝ իրենց նախահիմքերի հայկական լինելու պատճառով. դրանք Հայկական բարձրավանդակի սրբազան վայրերի և այլ իրողությունների անվանումնե­րի ուղղակի կրկնություններն են [Ա.Արմին, 2020, Լ.Ղազարյան, 2019]: Ասվածը հաստատող հզոր փաստարկներ են երկնային մարմինների վայրի և ընտանի կենդանիների, երկրագործության, կենցաղի ու աշխատանքային գործիքների հայ-շումերական մշակույթի բառացի նույնությունները [Ա.Դավթյան,2014]: Աշխարհահռչակ հնաաստղագետներ Ու. Օլքոտի, Ֆլամարիոնի, հնագետներ Ե.Մաունդերի, Օ.Սվարցի կատարած աստղագի­տության տեղայնացման աշխատանքների շնորհիվ աստղա­յին երկնքի առաջին համաստեղությունների առանձնացումն ու անվանումները անառարկելի­որեն կատար­վել են ո՛չ Եգիպտոսում, ո՛չ Շումերում, ո՛չ Բաբելոնում, այլ Հայկական բարձրավան­դակում:

Պակաս կարևոր չեն նաև Հայաստանի աստղային գիտելիքն ամփոփող բաց, քարեղեն «գրքերը» «քարտեզներն» ու խեցեղենը: Նշենք դրանցից մի քանիսը:

Ա. Աստղագիտական վառ պատկերացումներ են արտահայտված Գ.Բրուտյանի վկայած Քեթի գյուղի Շենգավիթյան մշակույթին (վաղ բրոնզեդարյան շրջան) պատկանող մթա. 3200թ. մեզ հասած աղյուսե քրեղանի նախշազար­դերում, որոնցում, ըստ գիտնականի վկայության, արված են հայկական օրացույցի բովանդակությամբ զարդանախշեր՝ տարվա օրերի, ամիսների նշումներով, որոնք խմբավորված են տարին և նրա եղանակները խորհրդանշող վիշապանման պատկերների մեջ: Արեգակի, լուսնի, մոլորակների ու աստեղատների ուսումնասիրությունը մեր նախահայրերի ժամանակի չափման, օրացույցի ստեղծման և տաճարական ծիսակարգի կազմակերպման ուղղությամբ աստղային գիտելիքի ամենագործնական կիրառումն է եղել:

Բ. Այս ոլորտում կարևոր է ճարտարապետ Ս.Պետրոսյանի գտած հսկա մեգալիթը՝ Գեղամա լեռների Սև սարում, որի վրայի փորագրված նշանները երկրաբան Հ․Ազիզբեկյանը կապում է Արեգակի և աստղային երկնքի ու դրանց մասին մարդկանց երկրային պատկերացումների հետ:

Գ. Կարեն Թոխատյանը Վարդենիսի լեռնանցքի ժայռապատկերների մեջ ենթադրում է աստղային քարտեզ՝ Առյուծ, Աղեղնավոր և այլ համաստեղությունների պատկերներով և, ներկայիս վիճակի հետ համեմատելով փորձում է բացահայտել նախնիների կողմից երկնքի քարտեզագրման մոտավոր ժամանակը՝ մթա․ 3800-4000 տարի, այսինքն՝ մոտ 6 000 տարի մեզնից առաջ [Л.Казарян,2019:231]:

Դ. Աստղագիտական մեր ժառանգության կարևոր էջ է Մեծամորի փոքր բլրի վրա հայտնաբերված աստղագիտական երեք հարթակներից կազմված միասնական հնագույն աստղադիտարանի համալիրը: Ըստ աստղագետ Գ.Բրուտյանի նկարագրության՝ [Գ.Բրուտեան, 2018:154-158] այն ունեցել է աստղադիտումների որոշակի ուղղվածություն և եղել է խոշոր մշակութային համալիր, եթե ընդգրկենք նաև մետաղաձուլարանը: Դրանց գործունեության ժամկետները համադրվել են աստղագիտական և հնագիտական զուգահեռ տվյալներով և ճշտությամբ ցույց են տվել մթա 3-րդ հազարամյակի սկիզբը:

Ե․ Աստղագիտական բովանդակությամբ հաջորդ առանցքային հնավայրը Պորտասարն է՝ Հյուսիսային կամ Հայկական Միջագետքում, որի պեղումներն ու հետազոտությունները շուրջ 25 տարի իրականացրել են գերմանացի հայտնի հնագետ Քլաուս Շմիդտը և նրա կողմից հրավիրված տարբեր ոլորտների աշխարհահռչակ գիտնականներ: Այն մասին, որ Պորտասարը, որպես կրոնամշակութային խոշոր կենտրոն, մթա. 11-10 000 տարի առաջ իրականացրել է նաև աստղադիտումների և տիեզերական չափումների գործունեություն, միանշանակ հավաստվել են գերմանական, ամերիկյան, շոտլանդական հնաաստղագետների և հնագետների կողմից: Պորտասարի արդյունքները, հատկապես մարդկային հասարակության զարգացման փուլերի ժամանակաբաժանման, երկրագործական մշակույթին անցնելու, տարբեր արհեստների ու զբաղվածութ­յան ոլորտների ճշգրտման բազում առումներով, պայթեցրին ակադեմիական գիտական շրջանների պատկերացումները հին աշխարհի հասարակության զարգացման ճշմարիտ ընթացքի մասին և ցույց տվեցին շատ խնդիրների կրկին և նորովի անդրադառնալու անհրաժեշտությունը: Պորտասարի մշակված մեգալիթների բարձրաքանդակների թեմատիկան ևս մեկ անգամ միանշանակ հռչակեց Մեծամորի, Քարահունջի և Հայաստանի ու աշխարհի՝ անվանումով ու ձևով քարահունջանման կառույցների աստղադիտական տեսության ճշմարտացիութ­յունը և այն, որ այդ ամենն սկսվել է այստեղ՝ Հայկական բարձրավանդակում:

Եթե այսօր գլոբալիստների ֆինանսական ջունգլիների նյութական միջոցների հաշվին տերև կրծող ինչ-որ թրթուր, իր որկորի մոլուցքով տարված, չի ընդունում, որ ինքը, իր տերևը, նրա կրող ճյուղն ու ծառը և ողջ երկրագունդը պտտվում են թե՛ երկրի, թե՛ Արեգակի շուրջը, դա ճշմարիտ գիտության համար որևէ նշանակություն ունենալ չի կարող: Նույնը վերաբերում է Քարահունջի հսկայական համալիրում միայն դամբարաններ փնտրող հնագետներին։ Վերը բերված հնավայրերի օրինակները միանշանակ փաստում են Հայաստանի աստղագիտական հզոր անցյալը:

Հայաստանի Հանրապետության Սիսիան քաղաքից ոչ հեռու գտնվում է Հայաստանի և աշխարհի ամենաեզակի ու ամենահին կառույցներից մեկը՝ Քարահունջ աստղադիտարանի պատմամշակութային հուշարձանը: Այն բավականին ընդարձակ մի հնավայր է՝ կոպտամշակ հսկայական մեգալիթներով, որոնց շարվածքը առաջին հայացքից անհասկանալի գիծ են կազմում՝ ձգվելով հյուսիս-հարավ ուղղությամբ, իսկ կենտրոնում՝ ձվաձև քարերի շրջանում, գտնվում է «Արևի տաճարը», որից դեպի հյուսիս արևելք ուրվագծված է մի ուղի՝ մի կողմից երեք, մյուսից՝ վեց միջին չափի մեգալիթներով: Սա հատկանշական կառույց է մի շարք աստղադիտական նշանակություն ունեցող մեգալիթային հնավայրերի համար:

Տասնամյակներ առաջ հնագետ Օնիկ Խնկիկյանը առաջինն էր, որ այս կառույցը ենթադրել էր հնագույն աստղադիտարան: Ակադեմիկոս Պարիս Հերունին, որը 20-րդ դարի աշխարհի աստղաֆիզի­կական ամենահռչակավոր աստղադիտակիհեղինակն ու կառուցողն է, ԽՍՀՄ-ի քայքայման ծանր պայմաններում խնդիր դրեց ապացուցել այդ հնավայրի աստղադիտական գործառույ­թը:

Ներքուստ համոզված լինելով աստղադիտարանի տեսլականի մեջ, Պարիս Հերունին ձեռնարկեց և չորս տարբեր միմյանցից անկախ մեթոդներով հաշվարկեց ու ապացուցեց իր և Օնիկ Խնկիկյանի իրավացի լինելը և Քարահունջի գործելու ժամանակը՝ առնվազն 7 500 տարի մեզնից առաջ:

Թեև Պարիս Հերունու ապացույցները Քարահունջի աստղադիտարան լինելու վերաբերյալ հիմնավորված էին բարդ ու բազմակողմանի հաշվարկներով, այնուամենայնիվ գիտնականը, որևէ վրիպումից խուսափելու նպատակով, դրանք ուղարկում էր աշխարհահռչակ տարբեր մասնագետների, շատերին հրավիրում՝ տեղում քննարկելու կարևոր խնդիրները և ստանում տեսակետի իրավացիության հաստատումներ, որով նա գիտական վարկածը վերածեց գիտական տեսության: Այս խնդրում նրան սատարում էին այլազգի բազմաթիվ հռչակավոր գիտնականներ, որոնք Պարիս Հերունու բարձրացրած հարցերի առկա կամ հեռակա խստապահանջ քննարկողներն էին:

Քարահունջ-աստղադիտարանի տեսության քննարկումները շարունակվում են նաև հայրենասեր հնաաստղագետի մահից հետո, երբ Քարահունջ աստղադիտարանի գաղափարով տոգորված շատ գիտնականներ և համակիր­ներ շարունակեցին նոր, լրացուցիչ ապացույցներ ավելացնել, որոնք առավել ամրապնդեցին ակադեմիկոս Պարիս Հերունու առաջադրած տեսությունը: Բերենք մի քանիսը:

1. Պ.Հերունու ենթադրությունը, որ աստղադիտարանը հավանաբար գործել է մինչև 301 թվականը, հետագայում հաստատվեց Սյունիքի լեռնաշխարհի լավագույն գիտակ, երկրաբան Հովհաննես Ազիզբեկյանի կողմից, որը Իշխանասարի լանջին, ճիշտ Արևի տաճարի նույն լայնության վրա (39,3 աստիճան) հայտնաբերեց աշտարակի փլատակներ, որը տարեմուտին՝ մարտի 21-ին, արևածագի կետի հետ ուղիղ գիծ է կազմում Արեգակի և Քարահունջի Արևի տաճարի միջև: Ինչպես պարզվեց, Աշտարակը գտնվում է աստղադիտարանի տարբեր տեղերում գտնվող մի քանի մեգալիթների անցքերի դիտակետում, ինչը խոսում է հին ժամանակներում խմբային դիտումների մեթոդի կիրառման և, բնականաբար, երևույթների ընկալման շուրջ հնարավոր քննարկումների մասին: Մյուս կողմից՝ Հ․Ազիզբեկյանը, ուղղանկյուն կացարանների առջև հայտնաբերելով բականման շինությունների պահպանված քարե ցանկապատներ, միանշանակորեն հերքեց Ա․Փիլիպոսյանի պնդումը այս կացարանների դամբարան լինելու վերաբերյալ, քանի որ դրանք բոլորն ունեն բակեր և ապահովել են թեք տարածքից մուտքը կացարաններ, իսկ հանգուցյալներին հաստատ տնտեսական բակեր հարկավոր չեն։

2. Այն, որ Պարիս Հերունին իր գիտական եզրահանգումներով աստղադիտարանը կապում էր նաև Անգղի համաստեղության աստղերի հետ (Դենեբ և այլն), հետագայում հավաստեց նաև մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը՝ մոտավոր արտաքին նմանություն գտնելով և համադրելով Քարահունջի մեգալիթների գծաշարի և Անգղի համաստեղության աստղերի գծագրության միջև:

3. Պարիս Հերունին անցքով մեգալիթները անառարկելիորեն համարում էր աստղադիտման նպատակով պատրաստված գործիքներ: Այս հանգամանքը կողմնակիորեն, ևս մեկ անգամ ապացուցեց Կալինինգրադում բնակվող մեր հայրենակից Գոռ Հովսեփյանը: Անցք ունեցող բոլոր անմշակ քարաբեկորների վրա նա հայտնաբերեց մարդու մարմնի՝ ծնկների, արմունկների, ձեռքերի, անգամ ծնոտի համար փորված խորություններ՝ փորված երկարատև դիտարկման դեպքում մարդու մարմնի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով:

4 Պորտասարի ուղղանկյուն քարասյուների նուրբ մշակության և ոճավորված բարձրաքանդակների համեմատությամբ (մթա.11-12 000 տարի) Քարահունջի մեգալիթները ներկայացնում են քարամշակման ավելի հին ու վաղնջական դարաշրջան: Սա խոսում է այն մասին, որ նույն տարածքում և նույն էթնոսի ստեղծած շինարարական մշակույթի զարգացման տրամաբանությամբ, Քարահունջը չէր կարող կառուցված լինել ավելի ուշ շրջանում և իր հնությամբ գերազանցում է Պորտասարի ժամանակին: Հայաստանի Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի գիտաշխատող Հայկ Մալխասյանը, հետևելով Վ.Վահրադյանի մտահղացմանը, Անգղի աստղերի և Քարահունջի մեգալիթների համընկնումների որոշ շեղումները համարելով հազարամ­յակների ընթացքում աստղերի տեղաշարժերի հետևանք, համակարգչային «Stellarium 0.19» ծրագրով հետզհետե խորացավ անցյալ հազարամյակների մեջ և, երկու գծերի առավելագույն համընկնման ժամանակաշրջանի հիմքով, կառույցը թվագրեց մթա. 30-րդ հազարամյակ:

Այս տարվա օգոստոսի սկզբին Վ․Համբարձումնայի անվան աստղադիտարանի ու Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ աստղագետներ Գրիգոր Բրուտյանը, Հայկ Մալխասյանը և համալսարանի ճարտարապետ Գառնիկ Ստեփանյանի գլխավորությամբ մի շարք աշխատակիցներ կազմակերպեցին արշավ՝ «Դեպի Քարահունջ», որտեղ չափիչ-ստուգիչ արդիական սարքերի օգնությամբ մեկշաբաթյա հետազոտական-չափագրական աշխատանքներ կատարեցին տեղանքի և աստղադիտման գործիքներ հանդիսացող մեգալիթների նկատմամբ։ Նրանց ուղեկցում և խմբի իրականացրած գործընթացները նկարահանելով փաստահավաք գործունեությամբ օժանդակում էր Քարահունջ հայագիտական կենտրոնի ՀԿ-ի նախագահ Նանա Հերունին։ Մասնագետները վերջերս նախնական տպավորությամբ հանդես եկան մի շարք հաղորդաշարերով: Նրանց նախնական տպավորությունը անբեկանելի է՝ Քարահունջի կառույցը, որի վրա աշխատել է Պարիս Հերունին, աստղադիտարան է։

Ընդհանրացնելով մեր խորհրդածությունները՝ նշենք, որ Քարահունջը վաղեմի դամբարանադաշտ ներկայացնող հնագետների տեսակետը անգամ իրենց համախոհների և պետական պաշտոնյաների ժրաջան սատարման պայմաններում դույզն-ինչ չի հիմնավորվում փաստերով: Ա.Փիլիպոսյանի հավաստմամբ Արևի տաճարը «շուրջ 4 000 տարի դամբարանի դեր է կատարել, որը «ապացուցվում է» ընդամենը «երեքուկես գանգ» կամ «գանգի հետք» պեղելու հիման վրա, սակայն անգամ այս տվյալները հավաստված չեն լուսանկարներով։ Մինչդեռ վայ-պեղումների մասնագետները հրճվում են հակահերունիական և աստղադիտարանի տեսությանը դեմ հեռավար բանավոր, անմշակ հերյուրանքներ տարածելով, իսկ գիտական զեկույց դեռ չկա և չի էլ կարող լինել, քանի որ չկան համապատասխան գտածոներ և դրանց լուսանկարային հիմնավորումները։ Ցավալի է սակայն, որ պեղումների ընթացքում ավերվել և ոչնչացվել է Արևի տաճարի գմբեթարդ ծածկը, անցք ունեցող բազմաթիվ մեգալիթներ ամբարձիչներով տեղաշարժվել են, շատ քարեր անհետացել են, մինչդեռ այդ ամենը աստղադիտարանի մաս են և կարևոր են հետագա սերունդների կողմից ավելի նպաստավոր պայմաններում հետազոտելու համար։

Գերեզմաններ կամ դամբարանադաշտ անպայմանորեն գոյություն ունի աշխարհի ցանկացած բնակավայրի տարածքում ու դրանով որևէ մեկին չես զարմացնի, մինչդեռ այսպիսի վաղեմության աստղադիտարան ամբողջ աշխարհում ունի միայն Հայաստանը: Սրանում է Քարահունջի խորհուրդը և այն պետք է անվնաս հասցվի ապագա սերունդներին։

Լինելով հնագետ և ոչ հնաաստղագետ, պետական պաշտոնյաների սատարմամբ ձգտելով հերքել աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Պարիս Հերունու ապացուցած նվազագույնը 7 500 տարի վաղեմություն ունեցող Քարահունջի աստղադիտա­րան լինելու տեսությունը, Հայաստանի հնագետների համքարությունը դեռ չի կարողացել հասկանալ, որ աշխարհի առաջատար հնաաստղագետների, երկրա­բան­­ների, հնագետների և այլ գիտնականների կողմից հայկական ծագում ունեցող մի այլ հնավայր Պորտասարի՝ 11-12 000 տարվա հնագույն աստղադիտարան ընդունելու և հաստատելու փաստը ինքնաբերաբար տարածվում է նաև Քարահունջի ու քարահունջանման մյուս կառույցների վրա:


Գրականություն

1․ Արթուր Արմին, Հալդիի դարպասներ․ Հնագույն դիցարանի աստղային և թվային կառույցը, Երևան 2020թ․, 219 էջ։ 2․ Արմեն Դավթյան, Հայերեն-շումերերեն ընդհանրությունների բառարան, Երևան 2014, 489 էջ։ 3. Лессинг Казарян, Комплексное арменоведение, Ереван 2019г., 432 с.

Հրաչիկ Հակոբջանյան,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Քարահունջ» հայագիտական կենտրոն» ՀԿ-Իհիմնադիր անդամ

50 views0 comments

Comments


bottom of page