Բնիկ հայերեն երկին բառը միանգամայն անհասկանալիորեն բխեցվում է հնդեվրոպական «*d(i)ui-n-՝ dei- «փայլել, շողալ» արմատից՝ -u աճականով», որի իրական հայերեն զուգահեռը տիւ արմատն է։ Միաժամանակ նշվում է, որ «կան հնչյունական դժվարություններ», ինչը շատ մեղմ է ասված։
Հայերենի և պոլինեզիական լեզուների բառանյութերի համեմաական քննությունն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, ընդ որում՝ երկուստեք․ ռապանուի-հայերեն բառային զուգահեռներն օգնում են ճշգրտելու պոլինեզիական բառաձևի սահմանները և բառի կառուցվածքը, իսկ պոլինեզիական լեզուներում պահպանված հնագույն բառարմատների օգնությամբ հաջողվում է ստուգաբանել բազմաթիվ անհայտ ծագման, անհասկանալի, ինչպես նաև փոխառություն համարվող հայերեն բառեր, պարզել դրանց ծագումն ու ելակետային իմաստը։
Նույնպիսի համեմատական քննությամբ պարզվում է, որ բնիկ հայերեն երկին բառի առավել հավանական նախաձևը համապոլինեզիական բառապաշարին պատկանող ragi (raŋi) «երկինք» բառն է։ Բացահայտվում են ոչ միայն բնիկ հայերեն երկին բառի կենդանի նախաձևը, այլև ելակետային իմաստը, ինչպես նաև նույնարմատ բառերի ծագումնաբանական փունջ հայերենում, որոնցից երեքը ներկայացվում են սույն հոդվածում։
--------------------
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտություն է առաջացել հայերենը համեմատելու ոչ հնդեվրոպական լեզուների հետ, նկատի ունենալով վերջինիս բնիկ հայերեն ճանաչված բառարմատների խիստ սակավությունը՝ արմատների ընդհանուր թվի ընդամենը 10%-ը և անհայտ ծագման ու փոխառություն համարվող բառարմատների ահռելի քանակը (90%-ը)։ Ակադ․ Գ․ Ջահուկյանը գտնում էր, որ հայերենը կենդանի հնդեվրոպական լեզուների մեջ ամենաառեղծվածայինն է՝ հիմնավորելով այդ կարծիքն այն փաստով, որ վերջինիս «․․․չստուգաբանված՝ անհայտ ծագման բառարմատները մոտավոր հաշվումներով կազմում են բառարմատների ընդհանուր թվի առնվազն կեսը, եթե ոչ կեսից ավելին»: Հայերենի նման առեղծվածների լուծման ուղիներից մեկը կարող է լինել հայերենի և այլ լեզվաընտանիքների լեզուների բառամթերքների համեմատությունը։
Հայերենի և պոլինեզիական լեզուների բառանյութերի համեմատությունը արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, ընդ որում՝ երկուստեք։ Օրինակ՝ ռապանուի-հայերեն բառային զուգահեռներն օգնում են ճշգրտելու պոլինեզիական բառաձևի սահմանները և բառի կառուցվածքը, տարորոշելու դեռևս շատ անորոշ ձևույթ-բառ-մասնիկ հասկացությունները, ապացուցելու անհայտ ծագման համարվող պոլինեզերեն որոշ բառերի պատկանելությունը համապոլինեզիական բառապաշարին։
Իսկ պոլինեզիական լեզուների հետ համեմատության միջոցով հնարավոր է դառնում ստուգաբանել անհայտ ծագման և սխալագիր համարվող հայերեն բառեր, երբեմն՝ առաջ քաշել դրանց բնիկության տեսակետը, բացահայտել հայերենում տարբեր լեզուներից փոխառություն համարվող բառերի փոխառության իրական ուղղությունը, նաև ճշգրտել արդեն իսկ բնիկ հայերեն համարվող որոշ բառերի իրական, կենդանի նախաձևերը։ Վերջիններս այն բառերն են, որոնց երկպլանային (ձևաիմաստային) համընկնումներ ցուցաբերող ակնհայտ նախաձևերը գտնում ենք պոլինեզիական լեզուներում, այն դեպքում, երբ վերականգնված հնդեվրոպական նախաձևերը ցուցաբերում են հնչյունական կամ իմաստային զգալի շեղումներ։
Բերենք մի քանի օրինակներ․
ռապան․ huri4 «շրջվել», «փաթաթվել, ոլորվել, կծկվել», hiro1 «ոլորել, պտտել» - գրաբ. հիռ (hiṙ) «պտոյտ, շրջան, գալար» (բխեցվում է per-s-` sper- «պտտել, շրջել»-ից),
ռապան․ hau5 «հով, սյուք» - գրաբ. հով (hov) «հով, հովանի, քամի» (բխեցվում է հ․-ե․ նախալեզվի pou-` p(h)u- «փչել, ուռչել» արմատից),
ռապան. հagu1 «շնչառություն, շնչել» - գրաբ. հագագ (hagag), արմատը՝ հագ (hag) «շունչ, առոգանութիւն» (*pouiio-՝ *pu «փչել»),
ռապան. tao «ամուսնու քույրը» - գրաբ. տալ (tal) «ամուսնու քույրը» (*gəlōu-),
ռապան․ tara1 «բուն (ծառի), փուշ», tari4 «ծովային ջրիմուռի անվանում» - գրբ․ տառ «մնջեղ ծառի սերմը կամ հունտը», նաև ծառ «ծառ» (*g՛ers- «ոլորել, ծռել, ճյուղերից, թփերից հյուսել», ծառ <g՛rso-)[1] և այլն:
Նման բառերի թվին է պատկանում նաև մեր խնդրո առարկան՝ Գ․ Ջահուկյանի կողմից բնիկ հայերեն ճանաչված «երկին» բառը։
Հայերեն երկին բառը անհասկանալիորեն բխեցվում է հնդեվրոպական նախալեզվի վերականգնված «*d(i)ui-n-՝ dei- «փայլել, շողալ» արմատից՝ -u աճականով, որպես «շողացող երկինք»։ Միաժամանակ նշվում է, որ «․․․կան հնչյունական դժվարություններ» (ինչը շատ մեղմ է ասված), ենթադրվում է երկիր բառի հնարավոր համաբանական ազդեցություն և համեմատվում հ․ հնդկ․ dyau «երկինք», divām «օր», հ․ սլավ․ dънь, լիտվ․ diena «օր» բառերի հետ[2]։
Առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ այս բառերի հայերեն համարժեքը այդ նույն տարալեզու զուգահեռների թվում Ջահուկյանի հիշատակած բնիկ հայերեն տիւ «ցերեկ, օրվա լույս ժամանակը», «լույս»[3] բառն է, որը վերոհիշյալ բառերի հետ ցուցաբերում է թե՛ հնչյունական, թե՛ իմաստային անուրանալի ընդհանրություններ։
Հարց է ծագում, թե ինչն է ստիպել Գ․ Ջահուկյանին հնչյունաբանորեն այդքան անհամատեղելի բառը մտցնել հնդեվրոպական վերականգնված d(i)ui-n-՝ dei- «փայլել, շողալ» արմատի տիրույթ։ Մեր կարծիքով, այստեղ նշանակալի դեր են ունեցել հետևյալ փաստերը․
ա) վերականգնված նախահնդեվրոպական լեզվում և ցեղակից հնդեվրոպական լեզուներում չի գտնվել հայերեն երկինք բառին հնչյունական և իմաստային առումով քիչ թե շատ մոտիկ բառ կամ նախաձև, որից հնարավոր լիներ բխեցնել երկին արմատը և
բ) երկինք բառը լեզվի հիմնական բառաֆոնդի շատ կարևոր բաղադրիչ է։ Հայերենում այն գրավոր ավանդված է տիեզերածնության յուրօրինակ «նախերգանք» հանդիսացող «Վահագնի ծնունդը» պայմանական անունով անթվակիր պատումում, որը սկսվում է «Երկնէր երկին․․․» բառակապակցությամբ։ Այսպիսի բառը չէր կարող լինել անհայտ ծագման կամ ոչ բնիկ և այդ պատճառով Ջահուկյանը ստիպված այն կցում է այդքան անհամապատասխան նախաձևի տիրույթ՝ հայերենի հնդեվրոպական բնույթը կասկածի չենթարկելու համար։
Ուրեմն՝ ո՞րն է երկին բառի քիչ թե շատ ընդունելի նախաձևը։ Նման հարցերի պատասխանները անհրաժեշտ է փնտրել այլ լեզվաընտանիքների լեզուների հետ համեմատության միջոցով, ինչը և կանենք ստորև։
«Երկինք» նշանակող բառը պատկանում է համապոլինեզյան բառապաշարին․ ՆՊՆ[4] lani, ռապան․ ragi, մաորի rangi, մանգ․ ragi, տուամ․ ragi, տահիտ․ ra‘i, սամոա lagi, տոնգա langi և այլն։ Ընդհանրացնելով՝ նշենք, որ երկինք նշանակող արմատը պոլինեզիական լեզուներում, մասնավորապես ռապանուերենում, հայտնի է ragi, կամ որ նույնն է՝ raŋi ձևով․ ետնալեզվային ŋ-ն մոտավորապես արտահայտում է (ng) հնչյունակապակցությունը և դյուրինության նկատառումներից ելնելով գրության մեջ փոխարինվում է g տառով։ Ակնհայտ է պոլինեզերեն ragi արմատի և հայերեն երկին բառի իմաստային լիակատար համապատասխանությունը և հնչյունական պլանի մերձակցությունը։ Ռապանուի-հայերեն մեծաթիվ և տարաբնույթ ընդհանրությունների առկայությունը հիմք է ստեղծում ենթադրելու, որ բնիկ հայերեն երկին բառի մերձագույն նախաձևը համապոլինեզյան բառապաշարին պատկանող ragi «երկինք» բառն է։
Այս բառի կրած հնչյունական փոփոխությունները հասկանալու համար անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ռապանուի-հայերեն բառային ընդհանրություններում բացահայտված հնչյունական որոշ օրինաչափություններ։
Նախաձայնի հավելում։ Իշխող տեսակետի համաձայն՝ «...հին հայերենում ր-ով անկարելի էր բառ սկսել, ուստի և փոխառյալ բառերում ր-ով սկսվող բառն առջևից ստանում էր ա կամ ե»[5]։
Ռապանուերեն-հայերեն բառային զուգահեռների քննությամբ պարզվել է, որ նախաձայնի հավելման այդ օրինաչափությունը գործում է նաև ռապանուի-հայերեն բառային զուգահեռներում, ինչը բացառում է այդ բառերի փոխառյալ լինելը։
Բերենք օրինակներ․
ռապան․ rua «փոս, խանդակ», «ջրհոր» - հայ․ առու «ջրի ճամփա, գետակ»,
ռապան․ rogo «ազդարարում, ծանուցում» - հայ․ առոգեմ «բարբառել»,
ռապան․ rere «գնալ մի կողմ», «նահանջել» (+e) - գրբ․ ե-րեր «երերում, տատանում» (բխեցվում է *tres- «դողալ, երերալ» արմատից,
ռապան․ rerarera (rera-rera) «ծովի մակերևույթը» (+e)> - գրբ․ ե-րեր, որից՝ ե-
րերալ, երերուն «երերացող, տատանվող»),
ռապան․ raga2 «երեխա» - հայ․ ե-րեխա «երեխա», գրբ․ երեխայ «երեխա» և այլն։
Ճիշտ նույն օրինաչափությամբ պոլինեզերեն ragi (raŋi) «երկինք» բառից, է (ե) նախաձայնի հավելումով և շեշտազրկված a-ի անկումով ստանում ենք էրգի «երկինք» ձև, որ պահպանված ենք գտնում Ասլանբեգի բարբառում, նաև բնիկ հայերեն երկին բառը (ragi (+e)>eragi>ergi) = հայ․ էրգին։ Հայերեն բարբառների մեծ մասում այն հնչում է հետևյալ կերպ․ (Պլ․) էրգինք, (Ագլ․) ե՛րգինք, յէրգինք, (Ղրբ․ Մրղ․) յէրգյինքյ, (Գր․) յէ՛րգինք, (Խրբ․) էրգինքյ, (Ոզմ) յէրկէյնքյ, (Անտ․) յըրգե՛նք, (Ասլ․) էրգի, էրգինք և այլն[6]։
Այսպիսով՝ համապոլինեզիական raŋi «երկինք» բառն իմաստային առումով նույնական է, իսկ հնչյունական պլանով ամենամոտն է հայերեն «երկինք» բառին։ Այդ իսկ պատճառով այն իրավամբ կարող է դիտվել որպես բնիկ հայերեն երկին բառի կենդանի նախաձև, որից օրինաչափորեն ծագում են գրաբարյան երկին և հայերեն բարբառային բազմաթիվ ձևերը։ Հետևապես, հիմք ունենք համարելու, որ այն ծայրարևելյան մեկուսի կղզիներում պահպանված հնաբանություն է։
Թերևս կարելի էր կասկածի տակ առնել այս համապատասխանությունը որպես եզակի օրինակ, եթե հայերենում չբացահայտվեին նույնածագում այլ բառեր ևս, որոնք նույնպես ռապանուի-հայերեն ընդհանրություններին հատուկ օրինաչափ հնչյունական անցումների արդյունք են։
Վերջնահնչյունի անկում։ Հայտնի է, որ ռապանուերեն-հայերեն բառային զուգահեռների մեծ մասը ռապանուերեն բառի վերջնահնչյունի օրինաչափ անկումով ստացվող արմատներ են, օրինակ՝
ռապան․ kite2 «տեսնել, նկատել», «իմանալ» - գրբ․ գէտ/գիտ- «գիտակ, գիտուն, գիտցող», «գիտենալ, իմանալ», «կախարդ», բխեցվում է ueid-/uoid- «տեսնել, գիտենալ» արմատից[7],
ռապան․ teka «պտտվել (շրջադարձի մասին)» - գրբ. թեք, որից՝ թեքել «ծռել, դարձնել» (*tek- «հյուսել» արմատից),
ռապան․ turuturu (turu-turu) «կաթ-կաթ թափել (ջուրը, հեղուկը)» - գրբ. թոր «հոսում, հոսք, հոսանք, կաթում», որից թորել/թուրել, թորթորել (բխեցվում է «*(s)ter- «անմաքուր հեղուկ» արմատից),
ռապան․ հinihini2 (hini-hini) «հնագույն, հնամենի» - գրբ. հին «հին», բխեցվում է *seno- «հին» արմատից[8],
ռապան․ tova «ծով» - գրբ․ ծով «ծով», կասկածանքով բխեցվում է *gob- արմատից[9],
ռապան․ taki2 «ցանցի ներքևի մասը», taki5, taki eeve «նստատեղ» - գրբ. տակ «հատակ, «տակ, խորք»[10] և այլն։
Ճիշտ նույն օրինաչափությամբ պոլինեզերեն rangi «երկինք» բառից ստանում ենք հայերեն բարբառային (Ար․ ՆԲ Թբ․ Չրմ․ Ղրբ․ Հվր. (Քնդ․) Շմխ․ Մղր․ (Կրճ․) Ուրմ․ Կր․ Մշ․ Մկս․) ռանգ, (Սս․ (Մտկ․)) ռընգ «գույն», ռանգեռանգ «գույնզգույն», Կր․ (Կ․) ռակ ռանկ «գույնզգույն», «նախշուն-նախշուն», «տեսակ-տեսակ»[11] չստուգաբանվող ռանգ (րանգ[12]) «առհասարակ՝ գույն» իմաստով բառը։ Այն հայերենի բազմաթիվ բարբառներում հայտնի է ռանգ ձևով և «առհասարակ՝ գույն» իմաստով, որից ունենք բարբառային (Թբ․) ռանգավոր/ռանգավուր «գունավոր»[13], (Ղրբ․) ռանգ-ռանգ «բազմագույն, երփներանգ, խայտաբղետ»[14], ռանգը թալուկ, ռանգը թռած «գունատ», «խունացած, գույնը գցած»[15], ասվում է հիմնականում հին բազմագույն գորգերի, կարպետների, շորերի համար[16]։
Համարվում է փոխառություն պրսկ․ rang-ից[17]։ Հաշվի առնելով հայ-պոլինեզյան բազմաբնույթ ընդհանրությունների առկայությունը և ժամանակագրական գործոնը, վերջնահնչյունի անկման հայտնի և գործուն օրինաչափությամբ պոլինեզերեն rangi բառից ստացվող հայերեն րանգ/ռանգ բառը կարելի է համարել բնիկ հայերեն բառ։
Մեզ կարող են առարկել՝ հիշեցնելով իշխող այն կարծիքը, թե հայերենը չի ունեցել ր-ով սկսվող արմատներ։ Այս կարծիքը վերանայման կարիք ունի, քանի որ ր նախասկիզբ ունեցող մի շարք պոլինեզերեն բառեր ունեն ր/ռ-ով սկսվող (և ոչ միայն) հայերեն զուգահեռներ գրաբարում և հայերենի բարբառներում[18], ինչպես օրինակ՝
ռապան․ ra1 «այստեղ», «այնտեղ» - բրբ. (Ջ․) րես «հրես», րեդ «հրեդ», րեն «հրեն»,
ռապան․ raa «արև» - բրբ. (Ղրբ․) րեգնակ/րիգնակ «արև»,
ռապան․ raega «առաջին պտուղները» - բրբ. (Ղրբ․) րաչին «առաջին»,
ռապան․ rae1, te rae, rahe «առաջին», rae1, i rae «առաջուց, նախ» - բրբ. (Ղրբ․) րաշկան/րաշկեն «նախ, առաջուց»,
ռապան․ raga «երեխա» - բրբ. րախա/րեխա «երեխա», գրբ․ երեխայ «երեխա»,
ռապան․ rivariva (riva-riva) «մեծ», «հարուստ», «գերազանցել» - բրբ. (Ղրբ․) ռավալ/ըռավալ, որ նույնն է՝ գրբ․ առավել «ավելի, շատ, առավելությամբ»[19],
ռապան․ riki, rikiriki «փոքրիկ» - հայերեն -րիկ նվազական մասնիկ և այլն:
Այսպիսով, միանգամայն հնարավոր ենք համարում վաղնջագույն հայերենում րանգ/ռանգ «գույն» բառի գոյությունը, իմա՝ բնիկությունը, նկատի ունենալով նաև վերջինիս տարածվածությունը հայերենի բազմաթիվ և իրարից հեռու խոսվող բարբառներում։
Rangi-Երկինք և rang-գույն իմաստային կապը հասկանալու համար նշենք, որ պոլինեզիական գունանունները ոչ միայն գունանուններ են, այլ այն կրող առարկաների անուններ։ Օրինակ՝ կանաչ գույնի նշանակելիները կապվում են «մատաղատի, նորածիլ բույս, փոքրիկ, դեռատի» իմաստների հետ․
համապոլինեզիական mata «կանաչ» և «նորածիլ բույս», ռապան․ mata3 «կանաչ» և «չհասած, խակ (պտուղ)», «դեռահաս, դեռատի», mata9 «պտուղ, սաղմ», սամոա moto «կանաչ» և «պատանի, դեռատի», տոնգա mata «կանաչ» և «խակ, չհասած մրգեր», մաորի mata «թարմ բույսեր», որոնց համապատասխանում են հայերեն բարբառային (Ար․ Հվր․) մատ «խաղողի վազի ավելորդ մասերը, որ էտում են», որից՝ բնիկ հայերեն մատաղ «մատղաշ, մանուկ հորթ» (*mad- «թաց․ խոնավ․ կաթել, հյութեղ, պարարտ»)[20]։ Աճառյանը, հենվելով սլավոնական զուգահեռների վրա (հին սլավ․ mladu, ռուսերեն младший), բխեցնում է mel- «մանրել» արմատից՝ d- աճականով և դրափոխությամբ[21]։
Գունանիշ և առարկայացույց բառերի նման լծորդություն առկա է նաև հայերենում։ Բերենք մեկ օրինակ․ Գ․ Ջահուկյանը գտնում է, որ «հնարավոր է, որ դալար բառը հնում գործածվեր ոչ միայն կանաչեղենի, այլև հենց կանաչ գույնի համար»[22]։ Մեր կարծիքով, Գ․ Ջահուկյանը միանգամայն ճիշտ է․ հայերեն դալար բառի դալ արմատը ծագում է ռապանուի tara1 «ծառի բուն», «փուշ» բառի հնչյունափոխված (r>l) բնիկ հայերեն տալ (բխեցվում է *dhel-ից) բառից՝ տ-ի ձայնեղացմամբ։ Այն նույնական է հայերեն բարբառային (Ղրբ․) (tal) տալ «ծառի ճյուղ» արմատին, որից ունենք նաև բրբ․ (Ղրբ․) տալար, տելար, տիլար «դալար, մատղաշ» բառերը[23]։ Ինչպես տեսնում ենք, անգամ տվյալ գույնի կրող առարկայանիշ պոլինեզերեն բառերն ունեն բնիկ հայերեն զուգահեռներ։
Քանի որ երկինքն այն տարածքն է, որտեղ անընդհատ օրվա մեջ զանազան գույներ են փոխարինում իրար, նաև կապույտ երկնքում կարելի է տեսնել սպիտակ, մոխրագույն, սև, դեղին, կարմրագույն ամպերի շքերթ, ապա ragi «երկինք» բառը իրավամբ կարող էր ընկալվել որպես միաժամանակ և՛ «երկինք» հասկացության, և՛ «առհասարակ գույն» հասկացության նշանակելի։
Վերոհիշյալ՝ ե նախաձայնի հավելման օրինաչափությամբ պոլինեզերեն raŋi (rangi) «երկինք» բառից ստանում ենք նաև հայերեն երանգ «գույն, ներկ», արդի գրական լեզվում՝ «նուրբ տարբերություն» իմաստով բառը, որից ունենք երանգ-երանգ «գույնզգույն», երանգաներկություն, երփներանգ, բազմերանգ կամ բազմերանկ, կարմրերանգ, խրթներանգ։ Այն համարվում է փոխառություն իրանական աղբյուրից, համեմատվում է պրթ․ rang, մ․ պ․ և պ․ rang բառերի հետ[24]։ Նշվում է նաև, որ նոր շրջանի բարբառներում (?) փոխառված է ռանգ ձևով (հարցականը՝ Լ․ Ս․)։ Աճառյանը բերում է վերջինիս հետևյալ զուգահեռները․ պհլ․ rang, պազենդ․ rang, պրս․ rang, arang, ranǰ, քրդ․ reng, renk, աֆղան․ բելուջ․ rang, սանսկ․ ran՛ga, բոլորը՝ «գույն» նշանակությամբ[25]։ Ինչպես տեսնում ենք, այն մեծ տարածում ունի ընդարձակ տարածաշրջանի ամենատարբեր լեզուներում։
Այսպիսով՝ բնիկ հայերեն երկին բառի առավել հավանական նախաձևը համապոլինեզիական բառապաշարում պահպանված ragi (raŋi) «երկինք» բառն է, որից օրինաչափ հնչյունական հերթագայությունների արդյունքում ստացվում են հայերեն երկին, ռանգ/րանգ և երանգ բառերը։ Ընդունված կարծիքի համաձայն՝ այդ բառերից առաջինը բխեցվում է հնչյունական և իմաստային առումով անհամոզիչ նախաձևից, երկրորդը և երրորդը համարվում են փոխառություն իրանական լեզուներից։
Հհայերեն այս բառերի կենդանի և մերձավոր ելակետային նախաձևը հայտնաբերվում է հնագույն պոլինեզիական լեզուներում, որոնց տարիքը գնահատվում է 50 000 և ավելի տարի։ Ժամանակագրական գործոնը, հայ-պոլինեզյան բազմաբնույթ (տեղանվանական, դիցանվանական, բառային, քերականական) ընդհանրությունների առկայությունը, ռապանուի-հայերեն բառային ընդհանրություններում բացահայտված և մասնավորապես՝ վերոհիշյալ բառերում գործող հնչյունական կանոնավոր հերթագայությունները
ա) ապացուցում են այդ բառերի նույնարմատ՝ նույնածագում բնույթը,
բ) թույլ են տալիս հիմնավորել վերջիններիս բնիկ հայկական ծագումը և
գ) որոշել փոխառության իրական ուղղությունը՝ հայերենից դեպի այլ լեզուներ։
Համապոլինեզիական ragi (raŋi) «երկինք» բառի միջոցով հայերենում բացահայտվում է բառերի ծագումնաբանական փունջ, որից, տեղի և ժամանակի սղության պատճառով սույն հոդվածում ներկայացվեցին միայն երեքը։
Լեյլա Ստեփանյան, 2024 թ․
[1] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ․, Եր., 2010, Էջ 360:
[2] Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ․, Եր․, 2010, էջ 227։
[3] Մալխասեանց Ստ․, Հայերէն բացատրական բառարան, Հայկ․ ՍՍՌ Պետհրատ․, Եր․, 1944, էջ 1443։
[4] ՆՊՆ – նախապոլինեզերեն։
[5] Է. Աղայան, Գրաբարի քերականություն, հ․ 1, Սինխրոնիա, գիրք Ա, Հնչյունաբանություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Նշվում է նաև, որ նոր շրջանի բարբառներում (?) փոխառված է ռանգ ձևով (հարցականը՝ Լ․ Ս․)։ Եր․, 1964, էջ 161.
[6] Աճառյան Հր․, Հայերեն արմատական բառարան, Երևանի համալսարանի հրատ․, Եր․, 1926, հատ․ 2, էջ 62-63 (հետ այսու՝ ՀԱԲ)։
[7] Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ․, Եր․, 2010, էջ 160։
[8] Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ․, Եր․, 2010, էջ 461։
[9] Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ․, Եր․, 2010, էջ 366։
[10] ՀԱԲ, հատ․ 4, էջ 360, համարվում է փոխառություն միջին պարսկերեն ենթադրյալ *tak արմատից, պրսկ․tak:
[11] Հայոց լեզվի բարբառային բառարան, ՀՀ ԳԱԱ հրատ․, Եր․, 2001, էջ 227-228։
[12] Ռապանուերենում բացակայում է (ṙ) հնչյունը, բայց ռապանուի-հայերեն զուգահեռներում առկա է ռապանուի r – հայերեն ռ (ṙ) համապատասխանություն։
[13] Հայոց լեզվի բարբառային բառարան, ՀՀ ԳԱԱ հրատ․, Եր․, 2001, էջ 228։
[14] Սարգսյան Ա․ Ղարաբաղի բարբառի բառարան, ԱՊՀ, Եր․, 2013, էջ 167։
[15]Մալխասեանց Ստ․, Հայերէն բացատրական բառարան, Հայկ․ ՍՍՌ Պետհրատ․, Եր․, 1944, էջ 228։
[16] Հայոց լեզվի բարբառային բառարան, ՀՀ ԳԱԱ հրատ․, Եր․, 2001, էջ 227-228։
[17] Մալխասեանց Ստ․, Հայերէն բացատրական բառարան, Հայկ․ ՍՍՌ Պետհրատ․, Եր․, 1944, էջ 157։
[18] Առավել մանրամասն՝ Ստեփանյան Լ․, Հայ-պոլինեզյան լեզվամշակութային ընդհանրություններ, «Յասոն» հրատ․, Եր․, 2015, էջ 80-86։
[19] Սարգսյան Ա․, Ղարաբաղի բարբառի բառարան, Եր․, 2013, էջ 167։
[20] Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ․, Եր․, էջ 513։
[21] ՀԱԲ, հատ․ 3, էջ 267։
[22] , Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Եր․, 1987, էջ 270։
[23] Սարգսյան Ա․ Ղարաբաղի բարբառի բառարան, ԱՊՀ, Եր․, 2013, էջ 707։
[24] ՀԱԲ, հատ․ 2, էջ 39, Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Եր․, 1987, էջ 270, Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ․, Եր․, 2010, էջ 221։
[25] ՀԱԲ, հատ․ 2, էջ 39։
Comments