Քարահունջ հնագույն աստղադիտարան
«Համաստեղությունների հնագույն պատկերանշանների ստեղծողները, հավանաբար ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև Արարատ լեռան շրջանում»: Ուիլյամ Օլկոտ
Քարահունջ հնագույն աստղադիտարանը գտնվում է Երևանից 200 կմ հարավ՝ Սյունիքի Նախկին Ծղուկ գավառի տարածքում, Սիսիան քաղաքից երեք կիլոմետր հյուսիս, ծովի մակարդակից 1730-1770 մ բացարձակ բարձրության վրա՝ զբաղեցնելով իր հարակից կառույցների հետ միասին մոտ 70 -90 հեկտար տարածք: Պետք է նշել, որ հնավայրի տարածքն ավելի ծավալուն է եղել, սակայն խորհրդային տարիների գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով ամբողջովին ավերվել է հնավայրի արևելյան հատվածը:
Նկ. 1. Քարահունջի հնավայրը ուղղաթիռից
Հնավայրի աշխարհագրա-երկրաբանական նկարագրությունը
Մոտ երկուսուկեսից մեկ միլիոն տարի առաջ հզոր հրաբխային ժայթքումների հետևանքով, առաջացել են Ծղուկի և Իշխանասարի լեռնազանգվածները, որին հաջորդել է Սիսիանի իջվածքի առաջացումը, ինչն էլ հիմք է ծառայել Սյունիքի խոշոր լճային ավազանի գոյացման համար: Լիճը երկարությամբ ձգվում էր Գոռայք գյուղից մինչև Շամբի ջրամբարի պատվարը (մոտ 43 կմ) և լայնությամբ՝ Արևիս գյուղից մինչև Ծղուկի լանջերը (28 կմ)։ Իշխանասար գյուղի տեղամասում այն ունեցել է մոտ 500 մետր խորություն։ Լճի մակարդակը եղել է մոտ 2200 մ բարձրության վրա (Սևանից 300 մետր բարձր): Սյունիքի այս խոշոր լճային ավազանը հավանաբար գոյատևել է ստորին Չորրորդականի ժամանակաշրջանից (մոտ մեկուկեսից մեկ միլիոն տարի առաջ) մինչև վերին Չորրորդական ժամանակաշրջանը (մոտ 100 հազ. տարի առաջ)՝ լճի հատակին առաջացնելով դիատոմիտների ու անդեզիտա-բազալտային լավաների հերթափոխությամբ տափարակ, որը լճի ցամաքելուց հետո հրաշալի սեյսմիկ պայմաններ է ապահովել հետագայում կառուցված ճարտարապետական շինությունների և, ամենից առաջ, Քարահունջ աստղադիտարանի գործիքների (քարերի) կայունության համար (Ազիզբեկյան Հ.Գ, և ուրիշ. Հայաստանի Հանրապետության Սիսիանի, Գորիսի և Եղեգնաձորի շրջանների երկրաջերմային անոմալիաների որոնողական աշխատանքներ, Եր. 1994 թ, էջ 33-35, Ընդերքի պետական վարչության ֆոնդեր):
Նկ. 2. Քարահունջի հնավայրի տեղադրությունը
Մոտ 100 հազ.- 80 հազ, տարի առաջ վերացել են Սյունիքի լճային ավազանի հիմնական մնացորդները, որից հետո էլ լճային առաջացումների մեծ մասը ծածկվել է վերին պլեյստոցենի (100 հազ. - 20 հազ. տարի) ժամանակաշրջանի լավաներով, ահա այդ բազալտային լավաների սարահարթի վրա, Սիսիան քաղաքից երեք կիլոմետր հյուսիս կառուցվել է հուշարձանը:
Քարահունջի հնավայրի անվանումը
Քարահունջի հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումներն են Ցից քարեր, Դիք-դիք քարեր, Զորաց քարեր: Շահ Աբասի կողմից Հայաստանի շատ վայրեր հայաթափ անելուց հետո այստեղ լցված կովկասյան թաթարները հնավայրը թարգմանաբար անվանեցին Ղոշուն դաշ, ինչը նշանակում է քարե զորք կամ քարե զինվորներ: Զորաց քարեր նշանակում է քարե զորք կամ քարե զինվորներ, որը հուշարձանի տեսքից բխող լեզվական փոխաբերություն է՝ որպես կանգնած մարդկանց խումբ կամ զորախումբ: Իսկ Քարահունջ անվանումն առաջարկվել է 1990-ականներին հուշարձանը հետազոտող ռադիոֆիզիկոս և ռադիոաստղագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու կողմից: Հերունին նշում է, որ XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանը «Սյունիքի Պատմությունը» գրքում հիշատակել է, Սիսիան քաղաքի մոտ Քարունջ անվանմամբ գյուղ։ Քարահունջ անունով գյուղեր կան Գորիսում (Քարահունջից 30 կմ հեռավորության վրա), Արցախում՝ 2 գյուղ (Քարահունջից 60 և 90 կմ հեռավորության վրա), որոնցից մեկի մոտ ժայռերի մեջ կան բացված անցքեր, Վեդիում, Լոռիում և Արևմտյան Հայաստանում: Քարահունջ անվան կազմությունը Պարիս Հերունին մեկնաբանում է քար+հունչ՝ ձայն, արձագանք, հնչյուն (կոչ) բառերով, այսինքն՝ «Հնչող քարեր» կամ «Խոսող քարեր»: Հերունին զուգահեռ է անցկացնում Քարահունջ և Սթոունհենջ անվանումների միջև և գտնում ընդհանրություններ իմաստային բաղադրիչներում՝ Սթոուն անգլերեն նշանակում է «քար», իսկ «Հենջ» բառ չկա։ Ստացվում է, որ Սթոունհենջ-ը նույն «Խոսող քարեր»-ն են։ Կան նույնական ձևով և նշանակությամբ բազմաթիվ այլ համընկնող կառույցներ տարբեր երկրներում՝ Քալենիշը (Քար Նիշ)՝ Շոտլանդիայում, Քարնակը (բրետոներեն՝ Քարնիխ)` Ֆրանսիայի Բրետանում, մի այլ Քարնակ` Եգիպտոսում, Նյու-Գռենջը (հենջ/հունջ)՝ Իռլանդիայում և այլն։ Դրանց մեծ մասի հետ գիտնականները կապում են լուսատուների դիտումների գործառույթ։ (Պարիս Հերունի, « Հայերը և հնագույն Հայաստանը», Երևան-2006թ, էջ 19, 71):
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող հնագույն հուշարձանը՝ մոտ 10 հեկտար տարածքով, անվանվել է «Քարահունջ» աստղադիտարան: Նկատի ունենալով Քարահունջի հնավայրի բացառիկ դերն ու նշանակությունը Հայաստանի հնագույն շրջանի մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում, ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 26-ի որոշմամբ ստեղծվել է «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց (50 հեկտար տարածքով), իսկ 2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ տարածքը փոխադրվել է հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անժամկետ օգտագործման իրավունքով անհատույց հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: «Քարահունջ աստղադիտարան» մեգալիթյան համալիրը նրա մի մասն է կազմում։
Քարահունջի հնավայրի ուսումնասիրությունները
Դեռևս 20-րդ դարի սկզբին հնագույն աստղագիտության գիտակներ ֆրանսիացի Կամիլ Ֆլամարիոնը, Փոփոխական աստղերի դիտորդների ամերիկյան ասոցիացիայի հիմնադիր, Թագավորական աստղագիտական ընկերության անդամ՝ ամերիկացի Ուիլյամ Օլկոտը (William Tyler Olcott) և անգլիացի աստղագետ Էդվարդ Մաունդերը եկան այն եզրակացության, որ երկրի վրա առաջին աստղագիտական դիտարկումները, ինչպես նաև համաստեղությունների բաժանումը կատարվել է Հայկական լեռնաշխարհի բնիկների կողմից։ Սա նշանակում է, որ Պատմական Հայաստանի ամբողջ տարածքում պետք է գոյություն ունենային հնագույն աստղադիտարաններ, որտեղ կատարված դիտարկումներն էլ հիմք են ծառայել նշված աստղային գիտելիքների զարգացման ու տարածման համար: Քարահունջը, Պորտասարը, Մեծամորի հնագույն գիտական մշակութային կենտրոնը, Սելիմի, Սև սարի աստղագիտական կենտրոնները, աստղային և այլ երկնային մարմիններ պատկերող ժայռապատկերները և աստղագիտական գտածոները՝ գոտի օրացույցներ, արեգակնային համակարգի բրոնզե մոդել, արևն ու մոլորակները խորհրդանշող մոմի աշտանակներ՝ ինչպես նաև մեզ հասած և մեծ մասամբ միմյանց հաստատող (MUL.APIN) և հայկական միջնադարյան աստղագիտական հնագույն գիտելիքներ (Շիրակացի), հաստատում են վերը նշված գիտնականների ճշմարտացիությունը:
Քարահունջ հնավայրի առաջին ուսումնասիրողներից է պատմական գիտությունների դոկտոր Օնիկ Խնկիկյանը (Խնկիկյան, Օ. Ս. «Սիսիանի Զորաքարերը», «Հայաստանի բնություն» ամսագիր, 1984, № 4, էջ 33-34:), ով առաջինը կարծիք հայտնեց, որ հնավայրը, հավանաբար ծառայել է որպես աստղադիտարան:
Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը Օ Խնկիկյանի տվյալների հիման վրա 1985 -1987 թվերին ուսումնասիրել է Քարահունջ աստղագիտարանի տարածքը: Աստղաֆիզիկոսը ենթադրեց, որ այստեղ նախկինում կատարվել են աստղագիտական ուսումնասիրություններ, իսկ որոշ քարերի անցքերով դիտվել է Արևը գիշերահավասարների և արևադարձների օրերին: («О возможном астрономическом назначении мегалитических колец Ангелакота», 1985, стр․101)․
Հնավայրի ամենալուրջ ուսումնասիրությունները պատկանում են ակադեմիկոս Պարիս Հերունուն, որի ղեկավարած վեց արշավախմբերը (1994, 1995, 1996, 1997, 1999 և 2001 թվականներին) մանրամասն ուսումնասիրություններ են կատարել Քարահունջում և հարակից տարածքում, որի արդյունքում կազմվել է կառույցի մենհիրների տեղագրական քարտեզը (տես Նկ.3), չափվել է նրա երկրաբաշխական լայնությունն ու
երկայնությունը, տեղի մագնիսական շեղման անկյունը, ինչպես նաև կատարվել են լեռնաշղթաների հորիզոնի անկյունային բարձրությունների չափումները, 360° ազիմուտների համար։ Չափվել են կանգնած քարերի անցքերի ուղղվածության ազիմուտները և բարձրությունները (անկյունները) հորիզոնի նկատմամբ, ստացվել են այլ կարևոր բնութագրեր։ Համարակալվել են 223 քարեր, ստեղծվել է նրանց լիակատար կատալոգը չափերով ու իրավիճակի նկարագրությամբ։ Կատարվել են երկնային լուսատուների բազմաթիվ դիտումներ, Արևի և Լուսնի ծագման, մայրամուտի և կուլմինացիայի լուսանկարներ և վիդեոֆիլմեր։ Դիտումների ավարտից հետո կատարվել են արդյունքների համեմատական հաշվարկներ։ Հայտնաբերվել են նախնադարյան աստղագիտական բազմաթիվ քարե գործիքներ և որոշվել է նրանց ճշգրտությունը։
Նկ.3. Մենհիրների երկրաբաշխական քարտեզը
Այսպիսով, մի քանի տարվա դաշտային ուսումնասիրություններից (1994-2001 թթ) հետո, անվանի գիտնականը աշխարհին ցույց տվեց, որ Քարահունջի հնավայրում գործել է աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը, և որին կից նաև գտնվել է հին Հայաստանի գլխավոր աստված ԱՐ-ի (Արև) տաճարը: Գիտնականը օգտագործելով երկրագնդի առանցքի պրեցեսիայի երևույթի օրինաչափությունը և աստղային այլ օրենքներ, 4 իրարից անկախ մեթոդներով ապացուցեց, որ աստղադիտարանը ակտիվ գործել է առնվազն 7500 տարի առաջ: Պարիս Հերունին համարում էր, որ հայկական աստղագիտության պատմությունն ավելի քան 25 000 տարեկան է։ (Պարիս Հերունի, «Հայերը և հնագույն Հայաստանը», Երևան-2006թ, էջ 17, 52-54):
Ամերիկացի աստղաբան Ջերալդ Սթենլի Հոքինզը Պարիս Հերունու Քարահունջում կատարած դիտարկումների մասին նրան հղած իր նամակում գրում է` «..Խորապես տպավորված եմ ձեր կատարած մանրակրկիտ աշխատանքով և հուսամ դրա արդյունքն ի վերջո կարձանագրվի գրականության մեջ»։
Շվեյցարացի գիտնական, գիտությունների դոկտոր Հ.Պ. Կլայները 1995 թ.–ին ուսումնասիրել է Քարահունջի տարածքը։ Նա ուշադրություն է դարձրել N68 քարին, և նկատել, որ տարվա որոշակի պահին փորված խորության մեջ լցված անձրևաջրից արտացոլված Արևի ճառագայթը N69 քարի գագաթի հետ կազմում է որոշակի անկյուն։ Կլայները կարծիք է հայտնել, որ առանձին կանգնած N200 քարը խաղացել է նույն դերը, ինչ Սթոունհենջի հայտնի Կրնկաքարը։ Նա հայտնաբերել է նաև մի շարք գործիքներ, որոնք ամենայն հավանականությամբ առնչվել են աստղագիտությանը։
2001թ. Եվրասիական աստղագիտական միության նախագահ պրոֆեսոր Ն.Գ. Բոչկարյովը իր երկու ասպիրանտների հետ հայտնաբերեց հարավային թևի մոտ գտնվող N90 քարի մոտ ընկած N90ա պերիսկոպ–քարը։ «Քարահունջը բավականին լուրջ աստղադիտարան է», այսպիսին էր պրոֆ. Բոչկարյովի առաջին գլխավոր կարծիքը։ Հետագայում կիրառելով այլ մեթոդներ, 2003 թ.–ին նա եկավ այն եզրակացության, որ Քարահունջը ավելի քան 9000 տարեկան է և աշխարհի ամենահին աստղադիտարանն է։ (Ա. Հայրապետյան, «Քարահունջ», Մոսկվա 2018):
Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի հրավերով բրիտանացի լրագրող և գրող, հնագույն քաղաքակրթությունների մասնագետ Գրեհըմ Հենքոքը (Graham Hancock), որի այդ ոլորտին նվիրված տասնյակից ավելի գրքերը թարգմանվել են աշխարհի 27 լեզուներով և տպագրվել ավելի քան 7 միլիոն տպաքանակով, Հայաստան է այցելել հատուկ Քարահունջն ուսումնասիրելու նպատակով։ Արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ Քարահունջն ունի առնվազն 12 000 տարվա պատմություն։ Իր հերթական գրքի մի ամբողջ գլուխ Գ. Հենքոքը նվիրել է Հայաստանին և Քարահունջին։
Պարիս Հերունու մահվանից հետո, մաթեմատիկոս, կենսակիբեռնետիկ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանը բացահայտեց, որ Քարահունջի հուշարձանի մեգալիթների գիծը հիշեցնում է Կարապ-Անգղ համաստեղության աստղերի դասավորությունը:
Մարինե Վահրադյանի հետ համատեղ «Քարահունջ հուշարձանի միջառարկայական գիտական հետազոտության արդյունքներ» հոդվածի մեջ գիտնականը անցկացրել է մի շարք հետազոտություններ՝ հուշարձանի անվանումների, կառուցվածքային, գործառական և աշխարհագրական առանձնահատկությունների, ինչպես նաև մեգալիթյան կառույցների հետ կապի, ինչպիսիք են՝ Սթոունհենջը և Պորտասարը, կատարվել են նաև այլ ուսումնասիրություններ:
(https://www.facebook.com/vachagan.vahradyan/videos/2103337653025137/, https://qarahunj.livejournal.com/2010.html, https://www.youtube.com/watch?v=vHBLEciWgRM)
Կալինինգրադի մեր հայրենակից Գոռ Հովսեփյանը, տեղում բազմաթիվ անցքավոր մենհիրների վրա բացահայտեց երկինքը դիտող անձի արմունկները, ոտքերի թաթերն ու ծնկները, անգամ ծնոտը դնելու հատուկ փորված տեղեր, որոնք արված են քարի անցքով երկարատև դիտարկումները հարմարավետ դարձնելու նպատակով։ (https://www.facebook.com/vachagan.vahradyan/posts/2076244782401091), (https://www.facebook.com/vachagan.vahradyan/posts/2070871299605106):
Երկրաբան Հովհաննես Ազիզբեկյանը երկար տարիներ գործել է Սյունիքում և զբաղվել Քարահունջ հնավայրի տարածքի երկրաբանական կառուցվածքի և այլ հարցերով: Նա 2019 թվին մանրամասներով ներկայացրեց հետևյալը.
-
Տեղանքի առանձնահատուկ երկրաբանական կառուցվածքի շնորհիվ հնավայրը հազարամյակների ընթացքում երկրաշարժներից գրեթե չի վնասվել։
-
Քարահունջի հնագույն աստղադիտարանը որոշակի ազդեցություն է ունեցել շրջակայքի տեղանունների և իր հետ անմիջականորեն կապված այլ հնավայրերի ձևավորման վրա:
-
Նկատելի է հնավայրի տարբեր կառույցների նշանակությունը, մենհիրների և գետնափոր կառույցների կապը, հնավայրի քարհանքը, աղբյուրը, հնավայրի մենհիրների դասավորվածության նմանությանը Անգղի համաստեղության աստղերի հատակագծի հետ։
-
Իշխանասարի զանգվածի վրա հայտնաբերվել է Քարահունջի կառույցի հետ նույն լայնության վրա գտնվող պարսպապատ քարե աշտարակի ավերակ, որը և գարնանային գիշերահավասարին (մարտի 21) Արևի տաճարից դիտելիս նշում է արևածագի կետը լեռան վրա։
(Հ. Ազիզբեկյան, «Քարահունջի արևածագը և Արևի աշտարակը», 2019.), (Հ. Ազիզբեկյան, «Քարահունջի հնավայրը սրբազան տաճար, աստղադիտարան և բնակավայր», 2020.):
Հնագետ, պատմաբան և արևելագետ Զոհրաբ Մուղդուսյանը 2019-2020 թվերին իր մի քանի հոդվածներում քննադատել է հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ավերիչ գործունեությունը Քարահունջում և անհիմն դամբարանադաշտի վարկած առաջադրելը, նաև անդրադարձել է հնավայրի գետնափոր կառույցների նշանակությանը։
Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի գիտաշխատող Հայկ Մալխասյանը «Բյուրականի աստղադիտարանի Հաղորդումներ» գիտական պարբերականում հրապարակել է Քարահունջի աստղագիտական նշանակության մասին հոդված, որտեղ աստղագիտական և երկրաչափական մեթոդներով և Stellarium 0.19.1 համակարգչային ծրագրի գործադրմամբ ցույց է տալիս, որ այս հնագույն աստղադիտական համալիրը կարող էր կառուցվել 32300 տարի առաջ Անգղ (Cygnus) համաստեղության աստղերի դասավորության տեսքով: (Բյուրականի աստղադիտարանի «Հաղորդումներ» գիտական պարբերական, 2020 թ.)
2020թ.-ի հուլիսին Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կազմակերպեցին մեկշաբաթյա գիտարշավ՝ ուսումնասիրելու Քարահունջի աստղագիտական նշանակությունը: Արշավախումբը ղեկավարում էր աստղագետ, տոմարագետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչ՝ Գրիգոր Բրուտյանը: Ճարտարապետների և երկրաբաշխների խումբը գլխավորում էր ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետ Գառնիկ Ստեփանյանը: Հետազոտությունների արդյունքում ստացվել է աստղագիտորեն կիրառելի թվայնացված ամբողջական տվյալների հավաքագրում, կատարվել են ճարտարապետական և երկրաբաշխական (գեոդեզիական) ամբողջական և լիարժեք չափագրություններ և ճարտարապետական հուշարձանի տարածական տեղազննում։ Ընդհանուր առմամբ հետազոտվել է 20 հեկտար տարածք, հաշվառվել է տարածքում գտնվող նախկինում չհաշվառված մոտ 100 մեգալիթ, որոնց նկատմամբ նույնպես կատարվել են վերը նշված չափումները: Ներկայումս ընթանում է տվյալների մշակման և վերլուծության գործընթաց, ինչից հետո տվյալները կհրապարակվեն:
Կան նաև ուժեր, որոնք Քարահունջի հնավայրը պեղումների քողի տակ ավերելուց բացի փորձում են տիրապետող դարձնել վարկած, ըստ որի Քարահունջ հնավայրը ուղղակի հնագույն դամբարանադաշտ է, իսկ մենհիրների անցքերն էլ արված են այդ քարերը քարհանքից կենդանական ուժով հնավայր տեղափոխելու նպատակով (Աշոտ Փիլիպոսյան, Պավել Ավետիսյան, Գրիգոր Արեշյան, մշակույթի նախարարության և այլ դեպարտամենտների պատասխանատու պաշտոնյաներ): Սակայն նշված ակադեմիական գիտնականները հիմնականում հանդես են գալիս բանավոր լրատվությամբ, և նրանցից ոչ մեկը գիտական հիմնավորված հոդված չի գրել և պեղումների համակարգված ցուցադրություն չի կազմակերպել։ 2013 թվականից արգելոցի տարածքում հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ իրականացվում են հնագիտական պեղումներ: Վերջինս Քարահունջն ընդունում է որպես եզակի հնագիտական հուշարձաններից մեկը և միակ մեգալիթյան հուշարձանը ամբողջ Կովկասում, որը այդպիսի ծավալով և այս մակերեսով պահպանվել է: Ա. Փիլիպոսյանի թվագրում է հուշարձանը մոտ 4 հազար տարեկան՝ հիմնվելով պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի վրա, ամեն կերպ փորձում է հերքել Քարահունջի աստղադիտման նշանակությունը՝ ընդգծելով միայն դամբարանադաշտի գաղափարը:
Հնավայրի նկարագրությունը
Հնավայրն ունի պատմական մեծ արժեք և Հայաստանի հնագույն մշակութային և գիտական խոշոր կենտրոն է։
Հնավայրում լավ արտահայտված են իրենց նշանակությամբ մի քանի կառույցներ.
-
Հնագույն քարե աստղադիտարանը՝ մենհիրների խումբը, որոնց տեղադրությունը գետնի վրա համապատասխանում է «Կարապ» համաստեղության աստղերի դասավորությանը երկնքում: Կառույցի մեջտեղի հատվածում գտնվում է Արևի Աստծո՝ ԱՐ-ին նվիրված տաճար:
-
Ուղղանկյուն հատակագծով գետնափոր քարե պատերով կացարաններ, որոնք տարածված են հնավայրի ամբողջ տարածքում:
-
Քարհանք, որը գտնվում է բնակավայրի արևմտյան վերջավորության վրա:
-
Աղբյուր, որը գտնվում է բնակավայրի հյուսիս-արևմտան մասում առաջացած կիրճի հատակին։
Քարահունջ աստղադիտարան
Քարահունջի խոշոր մենհիրները տեղադրված են հնավայրի արևելյան սահմանում, ձգվում են հյուսիսից հարավ և բաղկացած հատվածներից, որոնց Պարիս Հերունին անվանել է կենտրոնական շրջան, հյուսիսային և հարավային թևեր, հյուսիս–արևելյան քարուղի, շրջանը հատող լարագիծ, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։
Մենհիրները բազալտից են, բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը ներկայումս իրենց նախնական դիրքում են։ 85 քարերի վրա կան անցքեր, որոնք ունեն 4-5 սմ տրամագիծ և երկու կողմից լավ մշակված, դեպի կենտրոն գնացող նեղացող շեղում։ Կան նաև կոտրված քարեր։ Քարահունջի մենհիրները տեղափոխվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից։ Անցքերը բացվել են հնավայրում, մեգալիթները տեղադրվել և ամրացվել են նպատակային ուղղություններով և կիրառվել են որպես որոշակի աստղագիտական գործիքներ։ Պեղումների հետևանքով դրանց մի մասը վնասված կամ տեղաշարժված է:
Կենտրոնական շրջան և Արևի տաճար
Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից։ Այն ունի ձվաձև տեսք և սուր ծայրով ուղղված է դեպի արևմուտք։ Շրջանի կենտրոնում գտնվում է կենտրոնական կրոմլեխը, որի կենտրոնում, խորության վրա գտնվում է ուղղանկյուն կառույց (7x5)m2։ Ըստ ակադեմիկոս Հերունու՝ կենտրոնական շրջանն ու հյուսիս–արևելյան կարճ քարուղին, որն ուղղված է ամառային արևադարձի օրվա արևածագի կետին, ծառայել է ԱՐ աստծուն նվիրված հանդիսավոր արարողություններին։
Արևի տաճարը ուղղվածությունը արևմուտքից արևելք է, մուտքը արևմուտքից է: Արևի տաճարը շրջապատված է քարե երկու շրջագծերով, որոնցից փոքրը կլոր է և կառուցված ոչ խոշոր մշակված քարերով, իսկ մեծը, ինչպես նշեցինք, էլիպսաձև է, կազմված խոշոր մենհիրներով (տես Նկ.4.):
Հետազոտողների մի խումբ, որն օգտագործել է զգայուն մագնիսաչափ, հայտնաբերել է, որ կենտրոնական շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը պարույրի տեսք ունեն։
Նկ. 4. Մենհիրներով և մշակված քարերով շրջագծեր Արևի տաճարի շուրջը
Արևի տաճարի ծածկի որոշ սալեր ունեն անցքեր, որոնցից մեկն ուղղված է հյուսիս-արևելք։ Արևի տաճարի շուրջը կառուցված մենհիրներով և մշակված քարերով շրջագծերը Արևի տաճարի ծիսական մասն են կազմում: Դժվար է ասել, թե որն էր կառույցի նախնական տեսքը, քանի որ այն դարեր ի վեր տուժել է գանձագողերից և արդեն մեր ժամանակներում հնագետների ձեռքից: Վերջին տարիներին այստեղ, այսպես կոչված, պեղումներ են իրականացվել ծանր տեխնիկայի միջոցով, ինչը հավասար է վանդալիզմի:
Նկ. 5. Արևի տաճարի ներքին կառուցվածքը
Հյուսիսային թև
Հնավայրի մենհիրների հյուսիսա¬յին թևը բաղկացած է 80 առանձին քարերից, որոնցից 49 անցքեր ունեն։ Թևի երկարությունը 136 մ է։ Հյուսիսային վերջավորությունը բաժանվում է արև-մտյան և արևելյան քարուղիների, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 50 մ է։ Այստեղ կան նաև 1-1,5 մ լայնությամբ սալարկված քարուղիներ։ Ուղիների երկարությամբ քարերի հակառակ կողմում կան փոքր մեգալիթներ, որոնք ամենայն հավանականությամբ, աստղերի դիտումների ժամանակ ծառայել են որպես նստարաններ։ Նմանատիպ քարուղիներ կան նաև հարավային թևում։
Հարավային թև
Հուշարձանի հարավային թևը ձգվում է կենտրոնական շրջանից 75 մ դեպի հարավ, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևմուտք ու շարունակվում շուրջ 40 մ։ Այն կազմված է 70 քարերից, որոնցից 26–ի վրա անցքեր կան։ Հարավային թևի վերջավորությունից հետո կան նաև 1-1,5 մ լայնությամբ սալարկված քարուղիներ։ Ուղիների երկարությամբ քարերի հակառակ կողմում կան համեմատաբար փոքր մեգալիթներ, որոնք հավանաբար, դիտումների ժամանակ ծառայել են որպես նստարաններ։
Հյուսիս-արևելյան քարուղի
Հյուսիս–արևելյան քարուղին կազմված է 8 քարից, որոնցից 2–ը ունեն անցքեր։ Քարուղու երկարությունը 36 մ է, լայնությունը՝ 8 մ և գետնի մակերեսից բարձր է 0,5 մ:
Լարագիծ
Քարաշար լարը հատում է կենտրոնական շրջանը (Արևի տաճարի մենհիրային շրջանը) և որպես հյուսիսային թևի շարունակություն՝ միացնում է այն հարավային թևի հետ։ Լարագիծը ընդգրկում է 20 քար, որոնցից 6-ը անցքեր ունեն։
Առանձին կանգնած քարեր
Հնավայրի տարբեր հատվածներում կան նաև առանձին կանգնած քարեր՝ արևելյան և արևմտյան կողմերում մինչև 90 մ և ավելի հեռավորության վրա։ Կան նաև պառկած քարեր, այդ թվում նաև անցքերով։
Ուղղանկյուն հատակագծով գետնափոր քարե շինություններ
Հնավայրի ամբողջ տարածքը ծածկված է հսկա մենհիրներով, տարբեր կառույցներով (տարբեր հաստության քարե պատեր, փողոցներ, գետնափոր ուղղանկյուն կառույցներ՝ ծածկված մեծ քարե սալերով): Ամբողջ հնավայրում տարածված են և աչքի են ընկնում նշված ուղղանկյուն հատակագծով կառույցները (տես նկ. 6): Նրանք, ինչպես նաև կենտրոնական մասում գտնվող կառույցը՝ Արևի տաճարը, փոքր շեղումներով ուղղված են արևմուտք – արևելք: Գետնափոր կառույցների գրեթե բոլորի մուտքի առաջ կան քարակույտ պարիսպներով բակեր: Բակերը տարբեր չափերի են, մոտ 100-400 մ2 (հնավայրի ծայրամասում նույնիսկ 1000 մ2)։
Նշված գետնափոր կառույցները ծածկված են եղել կեղծ թաղով՝ քարե մեծ սալերով, որոնք էլ իրենց հերթին ծածկվել են հողով և քարաբեկորներով, իսկ վերջում՝ կավային նյութով, որը պաշտպանել է կառույցը տեղումներից և ցրտից: Գետնափոր շինություն¬ների այսպիսի կառուցվածք ֆիքսվել է նաև Սիսիանի շրջանի և Գեղամա լեռնաշղթայի տարածքների մի քանի հնավայրերում:
Նկ. 6. Գետնափոր քարե կառույցներ
Նկ. 7. Քարահունջի հնավայրի կենտրոնում Արևի տաճարն է (շրջապատված էլիպսաձև և կլոր քարե շրջաններով և նրանից ցած գետնափոր բնակարաններ՝ իրենց պարսպապատ բակերով)
Հնավայրի քարհանքը
Քարահունջ հնավայրի տարածքում տեղադրված են բազմաթիվ մենհիրներ, կառուցված են մեծ քանակությամբ պարիսպներ և պատեր, գետնափոր քարե ուղղանկյուն կառույցներ, այսինքն՝ հնավայրը ամբողջովին քարաշեն է՝ օգտագործվել է շատ մեծ քանակությամբ քարային նյութ, որի համար օգտագործել են հնավայրի հարավ արևմտյան հատվածում մերկացող լավաների հսկա քարաբեկորները: Քարհանքը գրեթե կից է հնավայրին, սակայն քարերը տեղափոխել են շրջանցող, ավելի հանգիստ ճանապարհով (տես Նկ. 8): Քարաբեկորները տեղափոխել են արդեն մշակված վիճակում՝ բացառությամբ անցքերի, այդ են վկայում քարհանքում առկա քարաթմբերը։
Նկ.8. Քարհանքի ընդհանուր տեսքը
Հնավայրի աղբյուրը
Հնավայրը ապահովված է եղել ջրով, բնական աղբյուրը գտնվում է հնավայրի արևմտյան մասում կիրճի հատակին (տես նկ. 8), հնավայրի մակարդակից մոտ 50 մետր ներքև: Գարնանը և ամառվա սկզբին նշված կիրճով հոսում է փոքրիկ գետակ, որը ամռանը գրեթե չորանում է, իսկ աղբյուրից մշտապես հոսում է ոչ մեծ քանակությամբ սառնորակ խմելու ջուր, որը ջուր է ապահովել հնավայրի բնակիչներին։ Նշված աղբյուրի շնորհիվ կիրճը կանաչ է ամբողջ ամռան ընթացքում: Այժմ աղբյուրի տեղը գրեթե չի երևում, այն ծածկված է առաջացած հողաբուսական ծածկով և ջրափոսերով։
Մենհիրների անցքերը
Քարահունջի մենհիրներից 84-ը ունեն անցքեր, որոնք եզակի երևույթ են հնագույն հուշարձաններում (աստղադիտարաններում)։ Այդ հսկա քարերի մեջ արված անցքերն ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն։ Անցքերն ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20 սմ ներքև։ Անցքերը երկու կողմից կոնաձև լայնանում են, լավ մշակված են և ողորկ: Անցքերի մեծ մասը ուղղված են իրական հորիզոնի տարբեր կետերին, իսկ որոշ անցքեր նայում են դեպի երկինք:
Երկնքի որոշակի կետերին ուղղված նեղ տրամագծով անցքերի առկայությունը հնարավորություն տվեց Պարիս Հերունուն ճշգրիտ հաշվարկել Քարահունջ աստղադիտարանի տարիքը, օգտագործելով աստղագիտական մեթոդներ:
Մի քանի փաստարկներ, որ Քարահունջ հնավայրի մենհիրների անցքերը արվել են տեղում՝ լուսատուները դիտելու նպատակով, այլ ոչ թե տեղաշարժելու համար․
-
Անցքերը խնամքով մշակված են։ Քաշելու համար դա անհրաժեշտ չէր։
-
Անցքերը գրեթե նույն չափի են, և բոլորն էլ երկու կողմից ձագարաձև լայնանում են ու շատ լավ մշակված են՝ կենտրոնում սրվելով, որը իր կտրող հատկությամբ նույնպես ժխտում է պարանով քաշելու միտքը:
-
Անցքերն արված են 10 տոննայանոց քարերի ամենաբարակ ծայրի հատվածներում, նրանք միանշանակ չէին դիմանա քաշելուն։
-
Անցքեր ունեն միայն մենհիրների մի մասը։
-
Կան քարեր, որոնց անցքերը կիսատ են փորված:
Նկ. 9. 10 Հնավայրի մենհիրների անցքերը
6. Օրինակ՝ գոյություն ունի, պերիսկոպ քար, որի անցքը փորված է ուղիղ, ապա թեքվում է դեպի վերև:
7. Ամենամեծ մենհիրները անցքեր չունեն, իսկ համեմատաբար միջին և փոքր քարերը, որոնք մարդկային ուժ գործադրելով հնարավոր է տեղափոխել, ունեն անցքեր:
8. Քարերը հատուկ մշակված են տևական ժամանակ անցքերից հարմարավետ դիտումներ կատարելու նպատակով՝ քարերի վրա փորված են արմունկները, ոտքերն ու ծնկները, անգամ ծնոտը դնելու համար հարմարավետ տեղեր:
Քարահունջի հնավայրի թվագրությունը
Քարահունջ հուշարձանի տարիքը մի քանի մեթոդներով հաշվարկել է Պարիս Հերունին. «Այսպիսով, Քարահունջ աստղադիտարանի տարիքը (երբ այն ակտիվ գործել է) կազմում է ավելի քան 7500 տարի (մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կեսը)» (Պարիս Հերունի, «Հայերը և հնագույն Հայաստանը», Երևան-2006թ, էջ 54):
Աշխարհի բազմաթիվ գիտնականներ, ովքեր հենց Քարահունջում ծանոթացան Հերունու ուսումնասիրություններին, ոչ միայն հավանություն տվեցին, այլ նույնիսկ եկան այն եզրակացության, որ Քարահունջն ունի առնվազն 12 000 տարվա պատմություն (Գրեհըմ Հենքոք):
Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Հայկ Մալխասյանը իր մի հոդվածում աստղագիտական և երկրաչափական մեթոդներով ցույց է տալիս, որ այս հնագույն աստղադիտական համալիրը կարող էր կառուցվել 32300 տարի առաջ Անգղ (Cygnus) համաստեղության աստղերի դասավորության տեսքով և իր երկարատև գործունեության ընթացքում աստղադիտական համալիրը ենթարկվել է որոշակի վերակառուցման 7800 տարի առաջ: (Հայկ Մալխասյան, (Բյուրականի աստղադիտարանի «Հաղորդումներ» գիտական պարբերական, 2020 թ.):
Բացի հնագիտական, աստղագիտական և այլ մեթոդներից գոյություն ունի նաև համեմատական մեթոդը, որը մասնագետին կարող է կողմնորոշել հուշարձանների կառուցման հաջորդականության առումով:
Հնագետները մեգալիթյան հուշարձանները դասակարգում են նաև ըստ մշակվածության՝
«կոպտատաշ (օր.՝ Քարահունջ, Խնածախ, Բալակ, Ալ լիճ), հղկված (Հարժիս, Այլաղ, Խնածախ), սրբատաշ (Հարժիս, Գոմք)» (Հ. Ավետիսյան, Ա. Գնունի, Ա. Բոբոխյան, Գ. Սարգսյան, Հայաստանի մեգալիթյան հուշարձանները և դրանց դասակարգման խնդիրը, Երևանի պետ. համալսարան):
Բնականաբար կոպտատաշ հուշարձանները (Քարահունջ- Զորաց քարեր) ավելի հին պետք է լինեն, քան նույն Հայկական լեռնաշխարհում գտնվող հղկված և սրբատաշ Պորտասարի տաճարը: Այսինքն՝ Քարահունջի հուշարձանը ավելի հին է Պորտասարից (մթա 12 000 տարի):
Համադրելով Քարահունջի հետ կապված մինչ այսօր կատարված բոլոր ուսումնասիրությունները գալիս ենք այն եզրակացության, որ այս պատմավայրը իրենից ներկայացնում է բազմաշերտ մի հնավայր, որտեղ հուշարձանախմբի մեջ հիմնական գերակշռող դերը վերագրված է մեգալիթյան հուշարձանների խմբին, կանգուն քարերը, որոնք՝
-
Դասավորված են Անգեղ (Կարապ) համաստեղության նկարվածքով,
-
Մեգալիթները հիմնականում կանգնած են լավ պատրաստված ձեռաստեղծ հիմքերի վրա, դա լավ երևում է պեղումների արդյունքում բացված հատվածներում, ինչն էլ ապացուցում է, որ հուշարձանը ունեցել է շատ կարևոր նշանակութուն, անհրաժեշտություն է եղել այն կառուցել այնպես, որ երկարաժամկետ, դարերով ծառայի իր նպատակին և այդ ամբողջ ժամանակահատվածում չկորցնի իր ճշտության աստիճանը,
-
Քարերը ունեն նպատակային մշակված ոճ՝ հիմնային մասում կայունության համար մշակված է լայն, վերևում ավելի թեթևացված, սրված, բերված կետային նշանակետի գաղափարի, վերնամասում հատուկ բարակեցված հատվածում դիտանցքի բացվածքով, որոնք ունեն հստակ տրամաբանական ուղղություններ և թեքման անկյուններ հորիզոնի գծի նկատմանբ, իսկ որոշներն ունեն մեկից ավելի անցք միաժամանակ տարբեր ուղղությամբ դիտելու համար,
Նկ. 11. Պորտասար (Գեբեկլի Թեփե)
4. Հուշարձանի դիրքը տեղանքում ընտրված է ոչ պատահական, դիտումների համար ընտրված է լավագույն պայմաններ՝ հարավ արևմուտքից, արևմուտքից, հյուսիսից, արևելքից և հարավ արևելքից շրջապատված է սարերով, իսկ հարավից հորիզոնը բացվում է, մեծանում է աստղային երկնքի դիտելու դաշտը, որը բնորոշ է ժամանակակից աստղադիտարաններին։ Երկրաբանական տեսակետից այս վայրը ունի հարուստ հազարամյակներով ձևավորված շերտեր, որոնցում մարում են սեյսմիկ ցնցումները, առավել ևս դրան նպաստում է հյուսիսարևմտյան կողմից կտրող ձորը։ Այս հանգամանքներով է պայմանավորված հուշարձանի ցնցումակայուն հիմնատակը։ Այս է նաև պատճառը, որ հազարամյակների (32000 տարի) հնություն ունեցող այս համալիրը կանգուն է մինչ օրս,
5․ Հարակից տարածքում կան շատ ստորգետնյա և կիսագետնափոր շինություններ, որոնք իրենց հատակագծային երկրաչափական լուծումներով և դիրքով ունեն հստակ ուղղվածություն աշխարհագրական ուղղությունների նկատմամբ: Այս կառույցները հատուկ տեղակայված են լանդշաֆտի ցածրադիր հատվածներում՝ քամուց պաշտպանված լինելու նպատակով։ Շինությունների կեղծ թաղերով ծածկերի սալերի մեջ կան նույնպես անցքերով վեմեր, որոնք հավանաբար ժամանակին քարերի շարվածքի մաս են կազմել և հետագայում, երբ կորցրել են իրենց նշանակությունը, երկրորդական օգտագործում են ունեցել:
Այս հիմնական բնութագրող կետերը ակնհայտ խոսում են այն մասին, որ Քարահունջի ծագումն ու ֆունկցիոնալ բովանդակությունը ուղղակիորեն կապված է երկնային լուսատուների դիտումների հետ, եղել է իր ժամանակի համար ստեղծված բավականին մեծ ճշտությամբ կառուցված աստղադիտական համալիր։ Հետագայում, 2020թ․ ամռանը կատարված առավել մանրակրկիտ՝ մինչև միլիմետրի ճշտություն ապահովող չափագրության ուսումնասիրությունները, կբացահայտեն Քարահունջի ամբողջական կերպարը։