Հուլիսի 23-ին Քարահունջ հայագիտական կենտրոնի անդամները մեկնեցին գիտարշավ Գեղարքունիք, հնագույն Կոթ գյուղաքաղաքի տարածք: Կոթը հանդիսանում էր Սյունաց նախարարական տոհմի իշխանանիստ ավանը։ Այն տեղադրված է Ներքին Մարտունու տարածաշրջանի Գետաշեն գյուղի տարածքում, Արգիճի գետի ափին` Սևանա լճից ոչ հեռու։
Միջնադարում Կոթ քաղաքը աչքի է ընկել իր մեծությամբ և դերով։ Այն եղել է Գեղարքանիք գավառի կենտրոնը և իշխանական նստավայրը: Այս տարածաշրջանի զարգացման և ծաղկման համար կարևոր հանգամանք է եղել այն, որ քաղաքը գտնվել է քարավանային առևտրական ճանապարհների խաչմերուկում՝ իրար կապելով տարբեր տարածաշրջաններ, մշակութային և տնտեսական կենտրոններ։ Մի ճանապարհը Դվինից ձգվել է դեպի հյուսիս, Արփա գետի եզերքով մտել է Վայոց Ձոր, այնտեղից էլ թեքվելով Սելիմի լեռնանցքով՝ հասել Կոթ քաղաք, մյուս ճանապարհը Կոթը միացրել է Արարատյան դաշտի հետ Կոտայքի վրայով։ Այս միացյալ ճանապարհը շարունակվել է դեպի Սոդք, ուր ճյուղավորվելով մտել է Արցախ և Քուռ գետի հովիտ։
Կոթ քաղաքը ձգված է եղել մինչև ներկայիս Վերին Գետաշեն գյուղի սահմանները, նրանից բաժանվելով Իշխանագետի (Արգիճի) նեղ ձորակով։ Պատմական քաղաքից ներկայումս պահպանվել են թվով 418 պատմամշակութային հուշարձաններ՝ հին բնակատեղի, եկեղեցիներ, մատուռներ, միջնադարյան գերեզմանոցներ՝ մեծաքանակ խաչքարերով ու տապանաքարերով։ Շուրջ 9,5 հա տարածքի վրա տարածվում է վաղ միջնադարյան ծագում ունեցող գերեզմանատունը, որտեղ կան բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր։ Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում կա 121 խաչքար, որոնցից ամենահինը պատկանում է 9-րդ դարի սկզբին:
Խաչքարերով հարուստ մի այլ գերեզմանատուն, որտեղ հաշվառված Է 156 խաչքար, գտնվում է. գյուղի հարավ-արևմտյան եզրին` բարձրադիր հարթության վրա։ Այստեղ կան իրենց չափերով մեծ խաչքարեր, ինչպես նաև` մեծ ու տափակ տապանաքարեր։ Տապանաքարերից շատերն ունեն արձանագրություններ, որոնք պատմական հարուստ նյութ են պարունակում։
Սբ. Աստվածածին եկեղեցին կամ Կոթավանքը կառուցվել է պատմական Կոթ քաղաքի արևելյան կողմում, ժայռերով երիզված բարձունքի հարթության վրա, որն իր բարձր դիրքի շնորհիվ, լավ է երևում շրջակա տարածքներից։
Գիտարշավի ժամանակ հասցրեցինք այցելել հնավայրի տարածքի որոշ հատվածներ, հայտնաբերեցինք բազմաթիվ խոշոր մենհիրներ անցքերով: Մեր կարծիքով այդ մենհիրները ավելի հին ծագում ունեն, միջնադարում դրանցից թրթշնեևը վերածվել են խաչքարերի:
Տեղի բնակիչների կողմից մեր ստացված նոր տեղեկությունները ցույց են տալիս, որ մեր ուսումնասիրությունները այս հնավայրում դեռ կշարունակվեն:
Comentários