top of page
Writer's pictureMariam Vardanyan

ՀԱՅ-ՊՈԼԻՆԵԶՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԼԵԶՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ


 

Լ. Գ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Լեզվաբանությունն այն գիտաճյուղերի թվին է պատկանում, որոնք կոչված են լուծելու պատմության առեղծվածները (հնագիտություն, հնէաբանություն), որովհետև լեզվաբանական գիտության ուսումնասիրության առարկան՝ մարդկային լեզուն, լինելով ժողովուրդների և մշակույթների ծագման, զարգացման, կապերի և կրած բազմամյա ազդեցությունների կենդանի վկա, հազարամյակների հեռավորությունից անգամ արտացոլում է տարատեսակ փոխառնչությունները: Բացառված չէ, որ որևէ պատմական առեղծվածի լուծումն սկսվի հենց լեզվական ընդհանրությունների հայտնաբերումից, որից հետո միայն ի հայտ գան այլ (հնագիտական, մարդաբանական, դիցաբանական, մշակութային) ընդհանրություններ: Դրա փայլուն օրինակը շումերների գոյության կանխատեսումն է և դրան հետևած շումերական մշակույթի հայտնաբերումը. հայտնի է, որ շումերների գոյության մասին առաջինը խոսել են ոչ թե պատմաբանները, այլ լեզվաբանները, որոնք, ձեռքի տակ դեռևս չունենալով որևէ իրեղեն ապացույց, ելնելով ընդամենը բևեռագրին հատուկ որոշ առանձնահատկություններից, գիտական արտածման մեթոդով գտան աշխարհին դեռևս անհայտ այդ ժողովրդի հետքը:


Պատմական անլուծելի թվացող առեղծվածներից մեկն էլ Պոլինեզիայի հանելուկային մշակույթի և պոլինեզիացիների ծագման հարցերն են, որտեղ նույնպես իր եթե ոչ որոշիչ, ապա գոնե ուղղորդիչ դերը կարող է կատարել լեզվաբանական գիտությունը: Պոլինեզիացիների մարդաբանական տիպի և պոլինեզիական լեզուների ծագման հարցերում գիտնականներին դեռևս չի հաջողվել հասնել միակարծության: Մի շարք գիտնականներ հնարավոր էին գտնում կովկասոիդ մարդաբանական տիպի առկայությունը Պոլինեզիայում: Հետաքրքիր են մանավանդ ծագումով պոլինեզիացի երկու լուրջ բանահյուսագետների՝ Ա. Ֆորնանդերի և Պերսի Սմիթի հայտնած կարծիքները: Դրանցից առաջինը՝ Ա. Ֆորնանդերը պոլինեզիացիներին համարում էր «... սպիտակ կովկասոիդներ (այն ժամանակվա տերմինով՝ արիացիներ), որոնց վրա չափազանց մեծ ազդեցություն էր թողել միջագետքյան քաղաքակրթությունը և որոնք Հարավային Հնդկաստանում խառնվել էին դրավիդյանների հետ» (այստեղ և այսու ընդգծումները մերն են): Երկրորդը՝ Պ. Սմիթը, գտնում էր, որ պոլինեզիացիները Հնդկաստանի կովկասոիդ բնակչության մի մասն են: Պ. Սմիթը և նրա նախորդները ըստ ամենայնի համակարծիք էին այն հարցում, որ Պոլինեզիան բնակեցված է ժողովրդի մեկ խմբով՝ պոլինեզիացիներով, չնայած Սմիթը փորձում էր նրանց բաժանել վերաբնակիչների երկու ալիքների: Ֆրեզերը ենթադրում էր, որ պոլինեզիական կղզիները նախ բնակեցվել են Հնդկաստանից եկած երկու սև ռասաներով, հետագայում նրանց միացել են նույնպես Հնդկաստանից գաղթած կովկասոիդները: Պոլինեզիացիների միջագետքյան և հնդկական ծագման կողմնակիցներից էր նաև Է. Բեստը, իսկ Լ. Սալլիվենը գտնում էր, որ նրանց մարդաբանական տիպը չորս տարրերից է բաղկացած. երկուսը՝ կովկասոիդներ, մեկը՝ նեգրոմելանեզոիդներ և մեկը՝ նեգրոմոնղոլոիդներ, որոնք տարբեր կղզիներում խմբավորվել են տարբեր հարաբերություններով: Հ. Շապիրոն, որի հետևությունները բավականին լավ փաստարկված են և չեն կորցրել իրենց նշանակությունը, ենթադրում էր, որ առաջին վերաբնակիչները դոլիխոկեֆալ էին և Պոլինեզիայի ծայրամասային շրջաններում պահպանվել էին ընդհուպ մինչև եվրոպացիների գալուստը: Այնուհետև տեղի է ունեցել բրախիկեֆալ բնակչության վերաբնակեցում, որը կազմում է Կենտրոնական Պոլինեզիայի և Հավայան կղզիների բնակչության հիմնական մասը:


Մ. Բրաունը համոզված էր, որ պոլինեզիական կղզիներն առաջինը բնակեցրել են կովկասոիդ ժողովուրդները, որոնք խոսում էին արխաիկ արիական լեզուներով, վերաբնակիչների երկրորդ և երրորդ ալիքները, նրա կարծիքով, նույնպես կովկասոիդներ են եղել: Է. Հենդին գտնում էր, որ վերաբնակիչների առաջին ալիքը, որ եկել է Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայից (որը նա անվանում է հնդ-պոլինեզիական), ամբողջությամբ եղել է կովկասոիդ, իսկ երկրորդին բերում էր Հարավային Չինաստանից: Պ. Բաքը (Te Rangi Hiroa) նույնպես հանդես եկավ երկու ալիքների մասին իր տեսությամբ: Նրա կարծիքով, պոլինեզիացիները կովկասոիդ և մոնղոլոիդ տիպերի խառնուրդ են և եկել են Ինդոնեզիայից՝ Միկրոնեզիայով:


Պ. Բելվուդի համոզմամբ, «Պոլինեզիայի բնակչության հիմքում ընկած է մեկ մարդաբանական տիպ, ինչը վկայում է մեկ աղբյուրից վերաբնակիչների հետևողական ալիքների առաջացման մասին: Վերաբնակիչների տարբեր ալիքների պատկանելությունը զանազան մարդաբանական տիպերի շատ կասկածելի է»:  

Պոլինեզիացիներն իրենց համարում են եկվորներ, ըստ որում՝ եկվորներ արևմուտքից, իսկ որոշ կղզիներում պահպանված ծագումնաբանական թեմաներով ավանդությունների համաձայն՝ նրանք բոլորն իրենց այժմյան բնակության կղզիներ են հասել մեկ ընդհանուր նախահայրենիքից, որը գտնվում էր ինչ-որ տեղ հյուսիս-արևմուտքում: Այս վկայակոչումներն ընդհանուր առմամբ չեն հակասում պոլինեզիացիների առասպելական նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում տեղադրող մեր վարկածին: Այսօր արդեն, հենվելով Պոլինեզիայի բնակեցման մասին պատմող ավանդությունների, ինչպես նաև պատմագիտական, հնագիտական, ազգագրական, մարդաբանական ու լեզվաբանական գիտությունների  բացահայտած ակնհայտ և անուրանալի ընդհանրությունների վրա, պոլինեզիագետների ճնշող մեծամասնությունը վերջիններիս հնարավոր նախահայրենիք է համարում Հարավարևելյան Ասիան, Հնդկաչինը, Ինդոնեզիան: Կապերն իսկապես ակնհայտ են և բազմակողմանի, սակայն նման լուծման պարագայում անտեսվում է մի չափազանց կարևոր փաստ. պոլինեզիացիների առասպելական նախահայրենիքից հիշատակ մնացած, հազարամյակներով սերնդեսերունդ փոխանցված, բնիկների կողմից սրբացված բազմաթիվ տեղանուններից և ոչ մեկն այդպես էլ չի հաջողվում գտնել վերոհիշյալ երկրներում՝ չնայած ուսումնասիրողների գործադրած երկարամյա ջանքերին: Սա, մեղմ ասած, հարցականի տակ է դնում վերոհիշյալ տեսակետի ճշմարտացիությունը կոնկրետ այն առումով, թե հենց Հարավարևելյան Ասիան է պոլինեզիացիների փնտրվող նախահայրենիքը:


Հարավարևելյան Ասիան անշուշտ եղել է այն ցատկահենավայրը (трамплин), որտեղից նրանց նախահայրերը ձեռնարկել են Խաղաղ օվկիանոսի կղզիների բնակեցման՝ իր հանդգնությամբ պատմության մեջ նախադեպը չունեցող իրենց նավարկությունները: Սակայն նախահայրենիքից հիշատակ մնացած տեղանունների բացակայությունը Հարավարևելյան Ասիայում մենք դիտում ենք որպես ապացույց մեր այն տեսակետի, որ վերջինս ընդամենը հերթական հանգրվան է եղել, բայց ոչ երբեք այն ելակետային երկիրը, որտեղից սկիզբ է առել այդ ճանապարհորդությունը:


Նախահայրենիքի տեղորոշման հարցում կարևորելով պոլինեզիացիների առասպելական նախահայրենիքից հիշատակ մնացած (նաև՝ սրբացված) բազմաթիվ տեղանունների համընկնումները Հայկական լեռնաշխարհի տեղանունների հետ, դրանց իմաստային անուրանալի կապն ու պատճառաբանվածությունը, կարծում ենք, որ կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ պոլինեզիացիների առասպելական նախահայրենիքի տարածքը հիմնականում համընկել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին: Մեր այդ եզրահանգմանը համահունչ են նաև պոլինեզագետների բազմակողմանի հետազոտությունների արդյունքում պարզված այն տեսակետները, որ «Պոլինեզիացիներն ունեին զարգացած  հողագործություն, նրանք մշակում էին 27 տեսակի մշակաբույսեր, որոնք համարյա բոլորը, բատատից բացի, ունեն ասիական ծագում», «...անկասկած նախապոլինեզերենի կրողներն ապրել են հրաբխային ծագման կղզում... նրանք պահում էին շուն, խոզ, ընտանի թռչուններ....»: 


Մեր կողմից առաջադրվող հայ-պոլինեզյան լեզվական առնչությունների հիմնավորման խնդրի խոցելի կողմ կարելի է համարել ժամանակային ահռելի անջրպետը, որ գոյություն ունի արդի լեզվաբանության կողմից հայերենին վերագրվող տարիքի (8-12 000 տարի) և պոլինեզիական լեզուներին վերագրվող տարիքի (40-50 000 և ավելի տարի) միջև: Բացի նրանից, որ հայերենին և պոլինեզիական լեզուներին բաժանում է աներևակայելի ժամանակագրական անջրպետ՝ 30-40 000 տարի, սա նաև այն դեպքերից է, երբ այդ լեզուների (կամ, որ նույնն է՝ լեզվակիրների) առնչությունների մասին չի պահպանվել (կամ գոնե ցայսօր հայտնի չէ) ոչ մի պատմական հիշատակություն:


Նման իրավիճակների մասին Գ. Ջահուկյանը գրում է, որ «...երբ պատմական տվյալները բացակայում են կամ հակասում են գիտական տվյալներին, մենք ստիպված ենք դիմել լեզուների համեմատության տվյալների քննությանը միայն. նկատի ունենալ՝ 1) ընդհանրությունների քանակը. եթե ընդհանրությունները մեծ թիվ են կազմում, կարելի է խոսել այդ լեզուների պատմական սերտ փոխազդեցության մասին»: Նշենք, որ բացահայտված ռապանուերեն-հայերեն ընդհանրությունների թվաքանակը (ռապանուերեն լեզվի բառապաշարի մոտ 50%-ը) առավել քան բավարար փաստական հիմք է ապահովում հնագույն ժամանակներում տեղի ունեցած՝ «նախահայերի» և պոլինեզիացիաների նախահայրերի «պատմական սերտ փոխազդեցության» հնարավորություն ենթադրելու համար:


Հարց է ծագում. երբ և որտեղ կարող էր տեղի ունենալ վաղնջահայերենի և նախապոլինեզերեն կոչված լեզվի (իմա՝ լեզվակիրների) այդ «պատմական սերտ փոխազդեցությունը»: Ինչպես տեսանք վերը, լեզվաբանական նյութն այս հարցերի համար ուրվագծում է հետևյալ պատասխանները. շփումը պետք է տեղի ունենար  առնվազն 40-50 000 տարի առաջ, Հայկական լեռնաշխարհում և սահմանակից տարածքներում (կամ, առավել ընդարձակ՝ Փոքր Ասիայում): Այսօր, երբ նման վարկածների հիմնավորման համար ավելի ու ավելի են կարևորվում միջգիտակարգային փաստերը, այս հարցերի պատասխանները գտնելուն կարող են նպաստել նաև հարակից գիտակարգերի՝ վերջին տարիներին իրականացված հետազոտությունների արդյունքում պարզված արտալեզվական բազմաթիվ փաստեր:


Օրինակ՝ պոպուլյացիոն գենետիկայի առաջատար ներկայացուցիչներից մեկին՝ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Լուիջի Կավալլի-Սֆորցային (Luigi Luca Cavalli-Sforza) հաջողվել է աշխարհի տարբեր ժողովուրդների վերաբերյալ հավաքել, ընդհանրացնել և համադրել բազմատեսակ (ծագումնաբանական, մշակութային, հնագիտական և լեզվաբանական) տեղեկատվություն, ինչի հիման վրա էլ նա առաջ է քաշել առանձին ռասաների ու ժողովուրդների ծագման և մարդկության զարգացման մասին իր տեսությունը: Երկար տարիներ ուսումնասիրելով բնակչության տեղաբնիկ տարրը, որը չի տուժել ժողովուրդների ներգաղթի և այլատեսակ ազդեցությունների արդյունքում, կենսաբանական լեզվաբանության ներկայացուցիչները հանգել են այն եզրակացության, որ գենետիկական վերլուծությունը ցույց է տալիս մարդկային ցեղի մեկ տոհմածառի ծագում, ինչը համընկնում է նաև լեզվի համակարգման նոր սիստեմի հետ: Ըստ հիշյալ հեղինակի՝ երկու տոհմածառերի (ժողովուրդների և լեզուների) ծագումը Աֆրիկայից է (90 000 տարի առաջ), որտեղից նրանք (մարդիկ և լեզուները) տարածվել են Աֆրիկայից Առաջավոր Ասիա (60 000 տարի առաջ), որտեղից էլ՝ Եվրոպա, Նոր Աշխարհ և Օվկիանիա (40-50 000 և ավելի տարի առաջ): 


Ասվածից հետևում է, որ վաղնջահայերենի և պոլինեզիական նախալեզվի կրողների «պատմական սերտ փոխազդեցությունը» կարող էր տեղի ունենալ Առաջավոր Ասիայում՝ 60 000 տարի առաջ՝ Աֆրիկայից դեպի Օկիանիա տեղաշարժվելու ճանապարհին: Պետք է խոստովանել, որ մենք չենք կիսում վաղ Homo Sapiens-ի աֆրիկյան ծագման վարկածը: Բացահայտված բազմաթիվ հայ-պոլինեզյան տեղանվանական ընդհանրությունները խոսում են վերջինիս փոքրասիական ծագման օգտին: Այս տարբերակն այսօր մեզ ավելի հավաստի է թվում, սակայն, անկասկած, կարիք ունի հետագա ավելի խորը գիտական ուսումնասիրությունների (մասնավորապես՝ բացահայտված հայ-պոլինեզյան բառային ընդհանրությունների հիման վրա վերականգնվող հնագույն նախաձևերի և որոշ աֆրիկյան լեզուների համեմատական ուսումնասիրության):


Այս հարցում ճիշտ եզրահանգումներ կատարելուն հատկապես նպաստում են վերջին տասնամյակում Հայաստանում օտարազգի գիտնականների հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում հնագիտության և մարդաբանության  բնագավառներում կատարված հայտնագործությունները:


Բերենք օրինակներ. ինչպես արձանագրում է Ն. Քոչարը, «Հայկական լեռնաշխարհը վերաբերում է էյկումենայի այն շրջաններին, որոնք համարվում են ոչ միայն հնագույն մարդկանց բնակեցման ու տարածման գոտիներ, այլև ներկայանում են որպես մարդկության նախահայրենիք: Լեռնաշխարհի և հարակից շրջանների տարածքներից կապկամարդկանց, հնագույն և հին մարդկանց ոսկրային մնացորդների գտածոները բավարար ապացույցներ են Homo Sapiens-ի ծագման և կազմավորման գոտու մեջ Հայկական լեռնաշխարհը ներգրավելու համար, որը նաև հարավեվրոպեոիդ ճյուղի կազմավորման բնօրրանն է: ... հնագույն մարդկանց գործունեության հետքերի բազմաթիվ փաստացի ապացույցների կուտակումը մեր օրերում, ինչպես նաև էվոլյուցիոն զարգացման տարբեր ձևերի ոսկրային մնացորդները կասկած չեն հարուցում և համոզում են, որ Հայկական լեռնաշխարհը, որպես արեալի կենտրոնական մաս, պետք է մտցնել Բանական մարդու կազմավորման գոտու մեջ»:


Պակաս խոսուն չեն հնագիտական հայտնագործությունների արդյունքները. ինչպես նշում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանը, «Շատ կարևոր ձեռքբերում ունեցանք Նոր Գեղիում: Այստեղ 300-350 հազար տարի վաղեմության նյութեր ենք գտել: Այդ հետքերը թողել է նախամարդու տեսակը, որին կոչում ենք ուշ Homo Erectus կամ վաղ Homo Sapiens: Մինչ այս տեսակետ կար, որ Եվրասիան բնակեցնող այդ հոմինիդը` վաղ Homo Sapiens-ը, ձևավորվել է Աֆրիկայում և տարածվել Եվրասիայում: Տարածման ճանապարհն անցել է Հայաստանով կամ Փոքր Ասիայով: Հայ-ամերիկյան համատեղ ծրագրի շրջանակներում կատարված պեղումները ցույց տվեցին, որ դա այդքան էլ ճիշտ չէ: Նոր Գեղիի նյութերը ավելի հավանական են դարձնում, որ այդ մարդիկ տեղի բնակիչներ են, ոչ թե եկվորներ: Նախկինում լևալուազյան տեխնիկայով մշակված առարկաներ ֆիքսելիս ասվում էր, որ դա ստեղծողներն Աֆրիկայից են եկել: Այս նյութերը ցույց տվեցին, որ այդ մարդիկ տեղացի են եղել և տարեկից Աֆրիկայում եղածներին: Սակայն Աֆրիկայից դեպի Փոքր Ասիա ճանապարհին պեղված հուշարձաններն ավելի երիտասարդ են, քան մերը: ...ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեր հուշարձանները ստորին պալեոլիթի մշակույթի կրողներ են, և այդ մշակույթը տեղում է ձևավորվել: Սա այդ ահռելի տարածքները բնակեցնողների մասին պատկերացումները փոխող ուսումնասիրություն է և մեր խոշորագույն ձեռքբերումներից է»:


Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ մալայա-պոլինեզիական լեզուների տարիքը գնահատվում է 40-50 000 և ավելի տարիներ և մեջբերենք Պ. Ավետիսյանին. «Նշեմ նաև, որ մինչև 40 հազար տարվա վաղեմության բանական մարդու հետք ենք գտել Աղիտուում` Սիսիանի հարևանությամբ: Դա ողջ Եվրասիայի տարածքում մարդ բանականի ամենահին հետքն է: Գուցե ավելի վաղ շերտեր էլ կան. աշխատանքներն ավարտված չեն»:: Այսպիսով՝ Աղիտուում գտնված 40 հազար տարվա վաղեմության բանական մարդու հետքը հասակակից է պոլինեզիական լեզուներին (ինչը 4-5 անգամ գերազանցում է հայերենին վերագրվող տարիքը) և, մեծ հավանականությամբ, այդ մարդիկ տեղի բնակիչներ են եղել, ոչ թե եկվորներ: 


Պոպուլյացիաների արմենոիդ տիպի՝ Հայկական լեռնաշխարհում ու հարակից շրջաններում ադրենածին լինելու գաղափարը ժամանակին հաստատել են այդ բնագավառի շատ անվանի մասնագետներ, ինչպիսիք են Վ. Ալեքսեևը, Գ. Դեբեցը, Լ. Օշանինը, Վ. Բունակը, Ֆ. Լուշանը, Ն. Վալլուան, Մ. Աբդուշելիշվիլին և այլոք: Գ. Դեբեցը նույնիսկ հանգում է այն եզրակացության, որ «այն դեպքերում, երբ առաջավորասիական (արմենոիդ) հատկանիշները հայտնաբերվում են այնպիսի ժողովուրդների մոտ, որոնց լեզվի կամ մշակույթի կազմավորումը կապված է Առաջավոր Ասիայի տարածքներից դուրս ընկած շրջաններին, կարելի է պնդել, որ մարդաբանական տվյալները խոսում են առաջավորասիական ենթաշերտի մասին»: Ն. Քոչարը գրում է. «Իսկ ինչ վերաբերում է հայերին, կարելի է հաստատակամորեն խոսել նրանց էթնոծագումնաբանության մեջ զգալի դեր խաղացած այնպիսի էթնիկ տարրերի մասին, որոնք նախորդել են Առաջավոր Ասիայում հնդեվրոպական լեզուների տարածմանը: Փաստորեն, հայերի մարդաբանական կերպարում չի բացահայտվել մի որևէ տարր, որը կարելի լինի Առաջավոր Ասիայում հնդեվրոպական լեզուների տարածման ժամանակներում կամ դրանից հետո ներթափանցած համարել»: 


Ամփոփելով իր երկարամյա ուսումնասիրությունների արդյունքները, Ն. Քոչարին հաջողվել է նաև «...հաշվարկել հայկական պոպուլյացիայի տարբերակման ժամանակակից մակարդակին հասնելու ժամանակը: ... Հայկական միացյալ խմբի համար, որի էֆեկտիվ չափսը հասնում է 442 մարդու, մենք ստացել ենք 40-50 հազար տարիներ առաջ, այսինքն՝ վերին պալեոլիթում, երբ ի հայտ է եկել կրոմանյոնյան մարդը՝ Homo Sapiens-ը»: ...Նշանակում է, որ մարդու արմենոիդ հատկանիշները կազմավորված են եղել արդեն մեզնից 40-50 հազար տարիներ առաջ, այսինքն՝ վերին պալեոլիթում, երբ ի հայտ է եկել կրոմանյոնյան մարդը - Homo Sapiens-ը»:


Սա անչափ հետաքրքիր դեպք է, երբ և' լեզվական, և' հնագիտական, և' մարդաբանական հետագծերը համընկնում են իրար: Եվ համընկնում են ոչ միայն աշխարհագրորեն, այլև ժամանակագրորեն, ինչը, կարծում ենք, ոչ հաճախադեպ երևույթ լինելուց բացի, նաև բացառիկ կարևորություն ունի այդ լեզվակիրների նախահայրենիքի տեղորոշման, լեզվական առնչությունների բնույթի գնահատման, ժամանակագրության իրականացման և պոլինեզիացիների նախահայրերի արմենոիդ ծագման մասին մեր վարկածի հիմնավորման համար:


 

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Алексеев В., Происхождение народов Кавказа, М., 1974

2. Беликов В. И., Происхождение и миграции полинезийцев (по лингвистическим данным), «Пути развития Австралии и Океании», М., 1981

3. Беллвуд П., Покорение человеком Тихого океана,  М., 1978

4. Дебец Г., Заселение Южной и Передней Азии по данным антропологии, в кн. Происхождение человека и древних расселений человечества, М., 1951

5. Те Ранги Хироа, Мореплаватели солнечного восхода, М., 1959

6. Федорова И. К., «Говорящие дощечки» с острова Пасхи, Дешифровка, чтение, перевод, Санкт-Петербург, 2001

7. Ջահուկյան Գ. Բ., Հայոց լեզվի պատմահամեմատական քերականության հիմունքները, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր» հաս. գիտ., 1955, N1

8. Ջահուկյան Գ. Բ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Ե., 1987

9. Ստեփանյան Լ., Հայ-պոլինեզյան լեզվամշակութային ընդհանրություններ, Ե., 2015

10. Քոչար Ն., Արմենոիդ ռասսայական տիպի ծագումնաբանական խնդիրները Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հաս. գիտ., 2012, N1

11. Kern H., Taalkundige gegevans ter depaling van het stamland der Maleisch-Polinesische volken

12. Cavalli-Sforza, Luigi Luca, The history and  Geography of Human Genes, 1994, Genes, Pheoples and Languages, 2000

20 views0 comments

留言


bottom of page