top of page

ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ՀՆԱՎԱՅՐԸ ՍՐԲԱԶԱՆ ՏԱՃԱՐ, ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ և ԲՆԱԿԱՎԱՅՐ

Updated: Sep 21, 2021

Բյուրականի աստղադիտարանի ու Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի համատեղ արշավախումբը 26.08.-30.08.2020 թ ուսումնասիրություններ և չափագրություններ կատարեցին Քարահունջի հնավայրի տարածքում: Աշխատանքներին որոշակի մասնակցություն ունեցան նաև «Քարահունջ» հայագիտական կենտրոն ՀԿ-ի անդամները, որի արդյունքները կշարադրենք այս հոդվածում:


Քարահունջ կամ Զորաց քարեր հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3,5 կմ հյուսիս արևմուտք, 1730-1770 մ բացարձակ բարձրության վրա, զբաղեցնելով մոտ 7-9 հեկտար տարածք: Պետք է նշել, որ անշուշտ հնավայրը զբաղեցրել է ավելի մեծ տարածք, սակայն խորհրդային տարիների գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով ամբողջովին ավերվել է հնավայրի արևելյան հատվածը:


Անվանի գիտնական Պարիս Հերունին աշխարհին ցույց տվեց, որ Քարահունջի հնավայրում գործել է աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը (եթե ոչ ամենահինը): Գիտնականը հաշվումներով ապացուցեց, որ աստղադիտարանը ամենաքիչը 7500 տարեկան է (Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան-2006թ, էջ 17, 52-54):


իսկ որոշ մասնագետներ համարում են, որ այն ունի առնվազն 13 000 տարվա պատմություն (Գրեհըմ Հենքոք, http://www.hayary.org/wph/?p=6694&fbclid= IwAR0s-tPETg8ujZsyIzlle Gj7ZJJcU6lbx8_95EwLkTwbpDPz8BPqC8Sr6c):


2020 թվականին Բյուրականի աստղադիտարանի «Հաղորդումներ» գիտական պարբերականում հրապարակվել է Քարահունջի աստղագիտական նշանակության մասին սենսացիոն հոդված, որտեղ նրա կառուցման տարիքը աստղագիտա-մաթեմատիկական եղանակներով հաշվարկված է ավելի քան 32 000 տարի (Մալխասյան Հ.Ա. Անգղ համաստեղության (Cygnus) դիտումը Հայաստանում 32000 տարի առաջ, https://www.aras.am/combao/2020/27-36.pdf):


Քարահունջ հնավայրի առաջին ուսումնասիրողներից է պատմական գիտությունների դոկտոր Օնիկ Խնկիկյանը (1980), ով առաջինը կարծիք հայտնեց, որ հնավայրը, հավանաբար ծառայել է որպես աստղադիտարան (Օ.Խնկիկյան, «Սիսիանի Զորաքարերը», «Հայաստանի բնություն», N4, Երևան, 1984 թ. Էջ 33):

Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը Քարահունջի առաջին աստղագիտական ուսումնասիրությունն իրականացրել է 1983 թ., որին այնուհետև հաջորդել են երկրորդ` 1987 թ. ուսումնասիրությունները` Ալեքսանդր Բարսեղյանի հետ համատեղ։ Աշխատելով գիշերային ժամերին, երկու գիտնականները հանգում են այն եզրակացության, որ համալիրն օգտագործվել է գիշերային երկինքը ուսումնասիրելու նպատակով. մենհիրներից 84-ի վրա հայտնաբերելով բազմաթիվ «աչքի անցքեր» (Քարահունջ 2: Հայտնաբերումը. հնագիտական պեղումները: Բացահայտում. Աստղագիտություն, http://www.armenianheritage.org/hy/monument/Karahundj/1038


Պարիս Հերունու մահվանից հետո, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը ցույց տվեց, որ Քարահունջի հուշարձանի հատակագիծը գրեթե նույնական է Կարապ համաստեղության աստղերի դասավորության հետ (Քարահունջի կառուցվածքը արտացոլում է կարապի համաստեղությունը, https://www.facebook.com/vachagan.vahradyan/videos/2103337653025137/) :


Այս խիստ կարևոր հայտնագործությունը ապացուցում է, որ Քարահունջի կառուցողները ոչ միայն գիտեին Կարապի համաստեղության մասին, այլ լավ ծանոթ էին համաստեղության մանրամասն կառուցվածքին և կարևոր աստղերի տեղադրություններին:


Սակայն ակադեմիական գիտնականները (Պավել Ավետիսյան, Աշոտ Փիլիպոսյան), պնդում են, որ հնավայրը ընդամենը դամբարանադաշտ է, իսկ հնավայրի կենտրոնական կառույցը (Արևի տաճարը) և հնավայրի մյուս ուղղանկյուն հատակագծով գետնափոր կառույցները դամբարաններ են:


Պետք է նշել, որ նշված ակադեմիական գիտնականները հիմնականում հանդես են գալիս բանավոր հայտարարություններով և նրանցից և ոչ մեկը հանդես չի եկել գիտական հիմնավորված հոդվածով:

Նպատակ չունենալով վիճաբանելու այս կամ այն վարկածի ճշմարտացիության մեջ և լինելով հնավայրը հնագույն սրբազան տաճար և նրան կից նաև աստղադիտարան լինելու համոզված հետևորդը, մեր նախորդ հոդվածում («Քարահունջի արևածագը և Արևի աշտարակը» http://bnaban.am/%d5%a1%d6%80%d5%a5%d5%be%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%af/) ցույց տվեցինք Քարահունջի աստղադիտարանի ազդեցությունը շրջակայքի տեղանունների և իր հետ անմիջապես կապված այլ հնավայրի գոյությունը, ինչպես նաև հնավայրի տեղանքի առանձնահատուկ երկրաբանական կառուցվածքը, որի շնորհիվ հնավայրը հազարամյակների ընթացքում, երկրաշարժերի նկատմամբ մնացել է գրեթե անխաթար:


Այժմ կցանկանայի մի քանի դատողություններով ու նոր դիտարկումներով պարզաբանել տաճարի, աստղադիտարանի ու բնակավայրի կացարանների, ջրամատակարարման և շինարարական նյութի (քարի) մատակարարման որոշ հարցեր և որոշ դիտարկումներ մենհիրների դասավորվածության համապատասխանությունը Կարապ համաստեղության աստղերի հետ:


Ինչպես գիտենք, Քարահունջի հնավայրի տարածքում տեղադրված են բազմաթիվ մենհիրներ, կառուցված է մեծ քանակությամբ պարիսպներ և պատեր (որոնց մնացորդները տարածված են հնավայրի ամբողջ տարածքում), գետնափոր քարե ուղղանկյուն կառույցներ, այսինքն հնավայրը ամբողջովին քարաշեն է և օգտագործվել է շատ մեծ քանակությամբ քարային նյութ:


Բնականաբար հնավայրը պետք է ունենար քարհանք, բավարարելու տարբեր չափերի քարաբեկորների այդպիսի մեծ պահանջարկը: Հնավայրը տեղադրված լինելով բազալտային լավային հոսքի վրա, որը հնավայրի հիմնադրման ժամանակ արդեն ծածկված է եղել մոտ 1-1,5 մ հզորության հողաբուսական ծածկով և տարբեր չափերի քարաբեկորներով, որոնք անշուշտ բավարար չէին հնավայրի քարի պահանջարկը բավարարելու համար: Այս պատճառով էլ հնավայրի կառուցողները օգտվել են հնավայրի հարավ արևմտյան հատվածում մերկացող լավաների թափված հսկա քարաբեկորներից, վեր ածելով այն քարհանքի: Ինչպես տեսնում եք Նկ. 1 -ում, քարհանքը գրեթե կից է հնավայրին, սակայն այս մասում քարհանքի պատերը ունեն ուղղաձիգ անկումներ, այս պատճառով էլ շրջանցելով այս ուղղաձիգ պատերը, քարերը տեղափոխել են ոչ շատ թեք



ճանապարհով (տես Նկ. 1): Քարաբեկորները տեղափոխել են արդեն մշակված վիճակով (այսինքն հնարավոր չափով թեթևացրել են), այդ են վկայում քարհանքում առկա մեծ քանակությամբ մանր քարաբեկորների առկայությունը, որոնց խոշոր կտորները նույնպես տեղափոխել են պարիսպների ու գետնափոր բնակարանների պատերի կառուցման համար: Քարհանքում առանձնացվել է քարերի մշակման երկու տեղամաս (տես Նկ. 1), որոնք աչքի են ընկնում մեծ քանակությամբ մանր քարաբեկորների առկայությամբ և որոնցից վերև գրեթե մաքրվել է քարաբեկորներից:


Քարհանքի քարանյութը ներկայացված է հենց հնավայրի տեղադրման հիմքի բազալտային լավաներով, որոնք երբեմն խիստ ծակոտկեն են և ունեն մուգ և բաց գորշ գույն: Հանքավայրում կտրվել և մշակվել են մեծ քանակությամբ քարեր, այդ են վկայում մշակման տեղամասերում կուտակված մեծ քանակի մանր քարաբեկորները, որոնք տեղ-տեղ կազմում են մանր բլրակներ: Հանքավայրում այժմ էլ առկա են մեծ քանակի հսկա քարաբեկորներ (տես Նկ. 3): Այս քարհանքից են տեղափոխվել հնավայրի բոլոր մանր և խոշոր քարաբեկորները, մենհիրները (տես Նկ.2 ) և բնակարանների ծածկի խոշոր սալերը:




Կարծում եմ, որ բոլոր քարերը տեղափոխվել են եզներով, նկ. 1-ի վրա գծված ճանապարհով: Ուշադիր նայելով քարհանքի լուսանկարը (Նկ. 3), նկատում ենք, որ քարհանքի լանջին, միջնամասում, քարաթափվածքները գրեթե բացակայում են, ի տարբերություն եզրերի, որտեղ մինչև հիմա պահպանվել են խոշոր քարաբեկորներ: Այսինքն՝ քարհանքի միջնամասի թափվածքները մի փոքր իջեցվել են ներքև . մշակելով, տեղափոխել ճանապարհով հնավայր, այդ են վկայում այդ մասում կուտակված մեծ քանակությամբ մանր քարաբեկորները, որոնք նկարում ցույց են տրված սլաքներով:


Հնավայրը ապահովված է ջրով, հիմնական աղբյուրը գտնվում է հնավայրի արևմտյան մասում կիրճի հատակին (տես նկ. 1), հնավայրի մակարդակից մոտ 50 մետր ցածր: Գարնանը և ամառվա սկզբին նշված կիրճով հոսում է փոքրիկ գետակ, որը ամռանը գրեթե չորանում է, իսկ աղբյուրից մշտական հոսում է ոչ մեծ քանակությամբ սառնորակ խմելու ջուր: Այժմ աղբյուրի տեղը գրեթե չի երևում, այն ծածկված է առաջացած հողաբուսական ծածկով և ջրափոսերով, կարծում եմ այստեղ նույնպես պեղումները կարող են արդյունքներ տալ, հնարավոր է բացվեն հնագույն աղբյուրի հետքերը, բացի այդ, անշուշտ կավելանա ջրի քանակը: Նշված աղբյուրի շնորհիվ կիրճը կանաչ է ամբողջ ամռան ընթացքում:


Այժմ վերադառնանք հնավայր, հասկանալու համար, թե որտեղ են ապրել տաճարի և աստղադիտարանի գիտնական քրմերը: Ուշադիր դիտելով հնավայրի ամբողջ տարածքը, նկատում ենք, որ այն ծածկված է տարբեր կառույցներով՝ հսկա մենհիրներով, տարբեր հաստության քարե պատեր, փողոցներ ուճանապարհներ, գետնափոր ուղղանկյուն կառույցներ, ծածկված մեծ քարե սալերով: Ամբողջ հնավայրում տարածված են և աչքի են ընկնում նշված ուղղանկյուն հատակագծով կառույցները, որոնց էլ հնագետները համարում են դամբարաններ:


Նույնպիսի ուղղանկյուն կառուցվածք ունի նաև հնավայրի կենտրոնական մասում գտնվող Արևի տաճարը, որը միայն մյուսներից տարբերվում է իր խոշոր չափերով և ուղղված է արևմուտք – արևելք ուղղությամբ, մուտքը արևմուտքից (տես Նկ. 4): Պետք է նշել, որ հնավայրի մյուս ուղղանկյուն հատակագծով կառույցները նույնպես (փոքր շեղումներով) ունեն արևմուտք – արևելք ուղղվածություն: Եթե Արևի տաճարը շրջափակված է երկու քարե շրջագծերով, ապա տարածքի մյուս նմանատիպ կառույցների համար այդպիսի շրջագծեր բացակայում են, բայց դրա փոխարեն տարածքի գրեթե բոլոր նմանատիպ կառույցները մուտքի առաջ ունեն քարե պարիսպներով բակեր (տես Նկ. 4 ):


Բակերը տարբեր չափերի են, մոտ 100-400 քառ. մ. (Հնավայրիծայրամասում նույնիսկ 1000 մ.), այսպիսի բակեր ունեն հնավայրի գրեթե բոլոր նմանատիպ կառույցները, որն էլ ապացուցում է գետնափոր կառույցի բնակարան լինելը: Ինչպես նշեցինք վերևում, այս կառույցները գետնափոր են, այսինքն՝ հողը փորել են կառույցի բարձրության չափ՝ մոտ 2-2.5 մ. և կառուցապատել քարե պատերով (տես նկ. 5): Գետնափոր բնակարանները հարթ կամ փոքր թեքությամբ տարածքներում որոշակի անհարմարություն կարող են առաջացնել՝ այն է անձրևաջրերի բնակարան լցվելու վտանգ, կամ տուն մտնելու դժվարություններ: Այս հարցերը Քարահունջի բնակիչները տեղում հրաշալի լուծել են բակերը մի փոքր խորացնելով (Նկ. 4-ում բոլոր բակերը ավելի ցածր են ընդհանուր մակերեսից), որի շնորհիվ էլ և անձրևաջրերի հարցն է լուծվում և տան մուտքի ու ելքի: Իսկ ինչո՞ւ են այս բնակարանները գետնափոր: Պատճառը իհարկե Սյունիքի տարածքի խստաշունչ ձմեռն է և անտառների (վառելիքի) բացակայությունը,այստեղ միայն խիստ մեկուսացված գետնափոր տներում կարելի է պահպանել շատ թե քիչ տանելի ջերմություն: Կարծում եմ, որ բնակիչների միակ վառելիքը չորացած գոմաղբից աթարն էր, որն էլ պահեստավորվում էր նկարագրված բակերում:




Նշված գետնափոր կառույցները ծածկվում են քարե մեծ սալերով, որոնք էլ իրենց հերթին ծածկվում են հողով և քարաբեկորներով, իսկ վերջում՝ կավային նյութով, որը պաշտպանում էր կառույցը խոնավությունից: Գետնափոր այս տների կառուցվածքը պարզ ու հասարակ է (տես Նկ.6.), միայն քարե ծածկի կառուցման համար անհրաժեշտ էին քարե մեծ սալեր, որոնք էլ բերվում էին մոտակա քարհանքից:









Ծածկը ներկայացնում է թաղածածկի մի յուրահատուկ, հասարակ ու մատչելի ձև, որը օգտագործվել է հնագույն կառույցներում: Պետք է նշել, որ գետնափոր տների այսպիսի կառուցվածքը մեր կողմից ֆիքսվել են Սիսիանի շրջանի մի քանի հնավայրերում և Գեղամա լեռնաշղթայի տարածքում (տես Նկ. 7)





Եվ գետնափոր կացարանները և պարսպապատ բակերը իրարից տարբերվում են իրենց չափերով, ըստ որում, ինչքան հեռանում ենք դեպի բնակավայրի ծայրամասը, այնքան մեծանում են բակերը: Օրինակ, Նկ. 8. – ում պատկերված են բնակավայրի հարավ-արևելյան մասի խոշոր բակերից մեկը, որը մոտ երկու-երեք անգամ մեծ է բնակավայրի մյուս բակերից: Սովորաբար գետնափոր կացարաններից դեպի բակերը կառուցված են գետնափոր միջանցքներ կամ գետնուղիներ, որոնց երկարությունը տատանվում է 0.5-ից 2 մ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մինչև 10 մ:


Գետնուղիները ունեն նույն կառուցվածքը, դրանք գետնափոր են և կառուցապատված քարե պատերով և ծածկված սալաքարերով (մոտ 80-90 սմ լայնությամբ): Այս գետնուղիների երկարությունը կախված է գետնափոր կացարանի տեղադրումից, խոշոր քարաբեկորների առկայության դեպքում կացարանների և բակերի միջև փորված գետնուղիները հաճախ երկարում են: Լավագույն օրինակ է բնակավայրի հարավ-արևելյան մասում գտնվող կացարանի գետնուղին, որը լավագույնս պահպանվել է գրեթե ամբողջական, իր ծածկի սալաքարերով, մոտ 10 մ երկարությամբ (տես Նկ. 8.):




Հետաքրքիր է, որ նկարագրվող բնակարանների ծածկի սալաքարերը հիմնականում բացված են և դրանց մի մասը թափվել և ընկած են կառույցի հատակին, ըստ որում, սալերի մեծ մասը բացակայում են: կարծում եմ, որ բոլորը անպայման ունեցել են ծածկի սալեր, սակայն հնավայրը լքվել է բնակիչների կողմից և տևական ժամանակ մնացել է անբնակ, որն էլ պատճառ է դարձել բնակարանների ավերմանը: Իսկ ծածկի սալերը որոշ ժամանակ հետո (երբ շրջակայքը բնակելի է դարձել), օգտագործվել է շրջակայքի բնակչության կողմից, օրինակ այդ քարերը օգտագործվել է նաև շրջապատի մթա 2-րդ հազարամյակի դամբարանների քարարկղերի կառուցման համար:


Հնավայրի գրեթե բոլոր գետնափոր կառույցների առաստաղները (ծածկի սալերը) հիմնականում բաց են և ավերված, կարծիքներ կան, որ դրանք ընդհանրապես չեն ծածկվել հողով և կավով: Իհարկե, բոլոր կացարանների առաստաղները ծածկված են եղել կավային շերտով (խոնավությունից, անձրևաջրերից, ցրտից պաշտպանվելու համար), հետագայում դրանք կամ բացվել են մարդու կողմից, կամ երկար ժամանակի ընթացքում կավային շերտը քայքայվել և հեռացվել է անձրևաջրերի ազդեցությամբ: Այդ են վկայում կացարաններից մեկի փլված առաստաղը (տես Նկ.8ա.), ըստ որում ծածկի սալերը ազատվելով կավա-հողային ծածկից,ուղղակի ընկել են կացարանի մեջ:



Այսպես կարող էր լինել, եթե այդ սալերի դրսի մասը ազատվի քարաբեկորների և կավային շերտից արհեստականորեն, կամ ջրերի լվացման հետևանքով:


Հնագետները առայժմ այս հնավայրում և շրջապատում մթա 2-րդ հազարամյակից հին ոչինչ չեն գտել (կամ սխալ են թվագրել գտածոները), որը խոսում է հնավայրի լքվելու և տևական ժամանակ անբնակ մնալու փաստի մասին (մի քանի հարյուր տարի մթա 2-րդ հազարամյակից առաջ), որն էլ կնպաստեր բնակավայրի դատարկմանը և ավերմանը:


Շատ կարևոր է գտնել բնակավայրի գերեզմանոցը, որը անշուշտ շատ մեծ տեղեկություններ կտա հնավայրի մասին: Քարահունջի հնագույն տաճարի և բնակավայրի գերեզմանոցը կարծում եմ տեղադրված է հնավայրից հյուսիս կամ հյուսիս-արևելք (հնավայրից բարձր), որը մինչև հիմա անհայտ է մնում, որովհետև ոչ մի հնագետ լրջորեն չի զբաղվել հուշարձանով, և երբևէ չեմ լսել որևէ ուսումնասիրողի կողմից հնավայրի շրջակայքը հետազոտելու մասին:


Այստեղ մի փոքր շեղվենք և մի քանի խոսք հնավայրի պեղումների մասին: Հնագետները Քարահունջի հնավայրում պեղումներ են կատարում՝ Փիլիպոսյանը 2014 թվից, իսկ Գ. Արեշյանը ավելի վաղ: Պեղումներից հայտնաբերվել են մեծ քանակությամբ հնագիտական նյութեր, սակայն այդ նյութերը փակի տակ են և դրանց մասին խոսվում է միայն մամուլում հարցազրույցների ժամանակ: Այսպիսով պեղումների թույլտվություն այս հնավայրում ստանում են միայն նշված երկու հնագետները, և այլ ուսումնասիրող ոչ միայն չի կարող պեղումներ կատարել, այլ չի կարող նույնիսկ ուսումնասիրել հայտնաբերված նյութերը: Խիստ կարևոր է այդ նյութերի հրատարակությունը, որպեսզի այն հասանելի լինի նաև այլ ուսումնասիրողների համար:


Հնավայրի ամբողջ տարածքը (մոտ 20 հա) կտրտված է արտահայտված ոչ լայն փողոցներով , որոնք կարտահայտվեն բնակավայրի քարտեզի վրա, կատարված մանրամասն չափագրումներից և ուսումնասիրությունից հետո:

Այսպիսով հնավայրում լավ արտահայտված են իրենց նշանակությամբ մի քանի կառույցներ.


1. Խոշոր մենհիրների խումբը, որոնց դասավորվածությանը համապատասխանում է «կարապ» համաստեղության աստղերի տեղադրմանը.

2. Արևի տաճարը՝ հնավայրի տաճարական կառույցը.

3. Ուղղանկյուն հատակագծով գետնափոր քարե կացարաններ քարե պատերով, որոնք տարածված են ամբողջ հնավայրի տարածքում:

4. Քարհանք, որը գտնվում է բնակավայրի արևմտյան վերջավորության վրա, կից բնակավայրին.

5. Աղբյուր, գտնվում է բնակավայրի հյուսիս -արևմտան մասում առաջացած կիրճի հատակին.

Հետագայում հույս ունեմ, որ կհայտնաբերվի նաև՝

6. Բնակավայրի գերեզմանոցը.


Հնավայրի նշված բոլոր տիպի կառույցները խիստ կապված են իրար, կազմում են մի ամբողջությունև կարծում եմ պատկանում են նույն ժամանակաշրջանին: Փորձեմ հիմնավորել: Այս եզրակացությանն ենք հանգում նախ և առաջ պարզ տրամաբանությամբ. եթե հիմնադրվել է տաճար և աստղադիտարան, բնականաբար այն պետք է ունենար սպասարկող անձնակազմ, որոնց անհրաժեշտ էր բնակարաններ ապրելու համար, ջրամատակարարում, քարհանք տներ կառուցելու համար և այլն: Հիմա փորձենք կապել միմյանց մենհիրները, տաճարական կառույցը և բնակարանները: Այժմ վերադառնանք Նկ. 4.-ի կենտրոնական կառույցին, որին Պարիս Հերունին Արևի տաճար է անվանել: Արևի տաճարը շրջապատված է երկու շրջանաձև քարե շրջագծերով, որոնցից փոքրը կլոր է և կառուցված ոչ խոշոր մշակված քարերով, իսկ մեծը էլիպսաձև է (տես Նկ.9.):



Արևի տաճարը իր կառուցվածքով և քարե պատերով գրեթե նույնական է վերը նկարագրված ուղղանկյուն հատակագծով գետնափոր ու քարե պատերով կացարաններին, միայն այն տարբերությամբ, որ Արևի տաճարը չափերով ավելի խոշոր է (տես Նկ. 10.):



Պետք է նշել, որ Արևի տաճարի ծածկի որոշ սալեր ունեն անցքեր, որոնցից մեկը ուղղված է հյուսիս-արևելք, Վահրադյանը իր ուսումնասիրության մեջ ցույց է տալիս, որ այդ անցքը ծառայել է ամառային արևադարձի արևածագը նշելու և հաստատելու համար:

Արևի տաճարի շուրջը կառուցված մենհիրներով և մշակված քարերով շրջագծերը բնականաբար արված են Արևի տաճարի համար (տաճարի սրբազան շրջաններն են), այսինքն՝ Արևի տաճարը իր երկու քարային շրջագծերով մի ամբողջություն է և ժամանակային և ծիսական առումով:


Ուշադիր նայելով Արևի տաճարի էլիպսաձև շրջագծի մենհիրներին, հասկանալի է դառնում, որ դրանք և իրենց ձևով ու ոճով, չափերով ու կառուցվածքով նույնական են հնավայրի մյուս մենհիրների հետ և կազմում են մի ամբողջություն: Այսինքն՝ մենհիրները ընդհանրական են Արևի տաճարի հետ, իսկ Արևի տաճարը նույնական և ընդհանրական է գետնափոր բնակարանների հետ: Այսպիսով՝ հասկանալի է դառնում, որ հնավայրի գետնափոր և քարե պատերով բնակարանները, Արևի տաճարը և մենհիրների ամբողջ համախումբը մի ամբողջություն են կազմում և ժամանակային առումով նույնական են:

Հիմա փորձենք քննարկել հնավայրի մենհիրների դասավորվածության համապատասխանությունը Կարապ համաստեղության աստղերի հետ:


Ինչպես նշեցինք, այս կարևոր հայտնագործությունը կատարվել է Վաչագան Վահրադյանի կողմից, ով առաջին անգամ համեմատելով Քարահունջի մենհիրների տեղադրման հատակագիծը Կարապ համաստեղության աստղերի դասավորվածության հետ, հայտարարեց, որ Քարահունջի մենհիրները տեղադրված են Կարապ համաստեղության մոդելով, այս կարծիքին է նաև հնավայրի վերջին ուսումնասիրողներից՝ Հայկ Մալխասյանը:


Նկ. 11. – ում ներկայացրել ենք Քարահունջի հնավայրի տարածքը և հնավայրի մենհիրների դասավորության համապատասխանությունը կարապ համաստեղության աստղերի հետ: Պետք է նշել, որ նշված հետազոտողները հիմնականում ներկայացնում են «կարապ» - ի թևերը, ուշադրություն չդարձնելով կարապի գլուխի և պոչի տեղադրությանը: Եթե կարապի պոչը գտնվում է հնավայրի այժմյան տարածքում, ապա գլուխը պետք է լիներ տարածքից դուրս, որտեղ գյուղատնտեսական համահարթեցման աշխատանքները ոչնչացրել են պայմանականորեն տեղադրված Ալբիրեո և մյուս միջանկյալ աստղերին համապատասխանող մենհիրները: Կարծում եմ, այդ հարթեցման ժամանակ տեղահանված մենհիրները կհայտնաբերվեն Արևի տաճարից արևելք գտնվող



քարաբեկորների և հողի կուտակումների մեջ, որոնք առաջացել են տարածքի գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում: Իսկ կարապի պոչը, կամ Դենեբ աստղին համապատասխանող մենհիրը պետք է փնտրել թևերից արևմուտք, հնավայրի անմիջական տարածքում: Կարապի պոչի տեղում Պարիս Հերունին նշել էր № 200 համարի մենհիր, ցավոք մենհիրների վրա նշված համարների մեծ մասը չի պահպանվել, այդ պատճառով էլ հնարավոր չեղավ հաստատուն նշելու այդ մենհիրը: Կարծում եմ մեր նշած մենհիրը (տես Նկ. 11ա), կարող էր լիներ № 200 համարը,

























որն էլ նշել ենք որպես Դենեբ աստղին համապատասխանող մենհիր:

Համաստեղության ամենապայծառ աստղը՝ Դենեբը համարվում է «Կարապ» - ի պոչը, որը հենց թարգմանվում է «պոչ», Սադրը համարվում է «Կարապ» - ի կուրծքը, իսկ Ալբիրեո աստղը՝ գլուխը կամ կտուցը, Ալբիրեո անունը հենց թարգմանվում է հավի կտուց: Համաստեղությունը հին բաբելոնացիները անվանում են թռչուն, իսկ արաբները՝ հավ (Ներսիսյան Ս. Աստղալից երկինք, 2009, էջ 46-47):

Նորից նշենք, որ ինչպես տեսնում եք Նկ. 11-ում, իրականում Քարահունջի հնավայրի հարավ-հյուսիս ձգվող մենհիրները տեղադրված են Կարապ համաստեղության աստղերի հատակագծին համապատասխան, իհարկե որոշակի տարբերությամբ, քանի որ մենհիրները տեղադրված են առնվազն 7,5 հազարամյակից 32 հազարամյակ հնությամբ աստղային երկնքի քարտեզին համապատասխան: Իսկ կարապի պոչին և գլխին համապատասխանող մենհիրները Նկ. 11. նկարի վրա տեղադրված են պայմանական:

Վաչագան Վահրադյանը իր ուսումնասիրության մեջ նշում է, որ «Կարապ» համաստեղությունը Հայաստանում կոչվել է «Անգղ», այդ է վկայում նաև 1695 թ Ամստերդամում հրատարակված հայալեզու աստղային քարտեզը (Համատարած աշխարհացույց,1695 թ), որտեղ Կարապ համաստեղությունը ներկայացված է որպես «Անգղ» (տես Նկ. 11բ):



Այսպիսով, Քարահունջի մենհիրներից յուրաքանչյուրը կարծես թե ներկայացնում է «Անգղ» համաստեղության աստղերից մեկը, իսկ այդ մենհիրները տեղադրված են նշված համաստեղության աստղերի դասավորությանը համապատասխան:

Շատ հետաքրքիր էր, որ «Անգղ» - ի թևերից ճիշտ արևմուտք, նույն 39,33 լայնության վրա, Արևի տաճարի կենտրոնից 318 մ հեռավորության վրա, քարհանքի ուղղաձիգ ժայռերի վրա հայտնաբերվեց մոտ 2.5 մետր բարձրությամբ թռչնակերպ մենհիր (տես Նկ. 12):



Տեղադրված լինելով հնավայրի արևմտյան եզրին, քարհանքի ուղղաձիգ ժայռերի վերևում, որոշակի թեքությամբ մակերեսին և համեմատաբար քիչ մատչելի մասում, մենհիրը պահպանվել է անաղարտ վիճակում (այն կրում է արհեստական մշակվածության հետքեր):


Այստեղ պետք է նշել, որ Սիսիանի տարածաշրջանի այլ հուշարձաններ ևս ունեն անգղաձև, կտուցանման քարեր, որոնք ակնհայտորեն կրում են արհեստական մշակվածության հետքեր: Նկ. 13.-ում պատկերված է Քարահունջի հնավայրից արևելք 9 կմ հեռավորության վրա գտնվող Պորտաքար հուշարձանի մոտ տեղակայված հսկա քարաբեկորը: Այստեղ բազալտային հոսքի հսկա բեկորը մշակելով , կտուցի ձև է տրվել:


Նկ. 14.-ում Ուզ գյուղի շրջակայքի հնավայրի Քարահունջի նույնանման գետնափոր բնակարաններից մեկի վերևում տեղադրված խոշոր քարաբեկորն է, որին նույնպես ակնհայտորեն տրվել է թռչունի (անգղի) տէսք:


Անգղի պատկերը այս անգամ արդեն ժայռապատկերի ձևով ներկա է նաև Սև սարի հայտնի աստղագիտական հնավայրում (Նկ. 15.),


որտեղ այն տեղադրված է դեպի կենտրոնական ժայռապատկերը տանող արահետի սկզբում:

Բերված օրինակները ցույց են տալիս, որ կարծես թե Քարահունջի մենհիրների դասավորվածությունը «Անգղ» համաստեղության մոդելով պատահական չէ, և հնավայրի շրջակա տարածաշրջանը «անգղային» է, որտեղ գերակշռում են անգղաձև կամ թռչնաձև կոթողները (չմոռանանք նաև Անգեղակոթ գյուղը, որը նշանակում է անգղի պոչ):


Կարծում եմ, որ Քարահունջի նոր հայտնաբերված «անգղային» մենհիրների բազմակողմանի ու մանրամասն չափագրությունները և ուսումնասիրությունները ու նրանց կապը տարածաշրջանի այլ «անգղների» հետ, կարող է նոր և հետաքրքիր արդյունքների բերել Քարահունջի այս հնագույն և կարևոր հուշարձանի ուսումնասիրման գործում:

Հովհաննես Ազիզբեկյան

Երկրաբան

12.09.2020 թ

154 views0 comments

Comments


bottom of page