26․06․2021 2021թ․-ի հունիսի 26-ին Բյուրականի աստղադիտարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը գիտարշավով մեկնեցին Հարթաշեն (Շիրակի մարզ) ՝ դեռ անցած տարի սկսված (երջանկահիշատակ Գրիգոր Բրուտյանի մասնակցությամբ) մեգալիթներից կազմված յուրօրինակ կառույցի հետազոտությունները շարունակելու նպատակով։ Հարթաշեն գյուղի մոտ գտնվող մեգալիթյան հուշարձանը կազմված է բազալտե քարերի երկու շարքերից, որոնք իրար հանդեպ տեղակայված են անկյան տակ։ Ամեն շարքը իր հերթին կազմված է 3 շարքով միմյանց զուգահեռ դասավորված մենհիրներից։ Հուշարձանը գտնվում է ծովի մակերևույթից 2060 մ բարձրության վրա։
Աշխատանքները ընթացան հաջող, արդյունքում իրականացվեց կառույցի չափագրումը, այդ օրվա համար բոլոր նպատակները կատարվեցին լիարժեք։ Կառույցի տարբեր եղանակով հետազոտությունները կշարունակվեն, և մեզ սպասում են յուրահատուկ բացահայտումներ։
Օրը ավարտվեց Սրբաղբյուրից ջուր ըմպելով։
Քարահունջ հայագիտական կենտրոնը նպաստեց գիտարշավի կայացմանը, քանզի մենք որդեգրել ենք նպատակ՝ հետազոտել և աջակցել Հայաստանում գտնվող մեգալիթյան՝ մասնավորապես աստղագիտական նշանակություն ունեցող հուշարձանների ուսումնասիրություններին։
Comments