top of page

Սև Սարի աստղագիտական հնավայրը

Updated: Jan 4, 2023

(Ժայռապատկերային աստղագիտական քարտեզ)

(Խմբագրված և լրացված 10.12.2022)


Սև սարի աստղագիտական հնավայրը տեղադրված է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան վերջնամասի Սև Սար Կամ Սև Քար հրաբխի հյուսիսային լանջին, Մարտունի – Սելիմի լեռնանցքի ճանապարհի ձախ կողմում (ճանապարհից 3 կմ), 2600 մետր բարձրության վրա, Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում:


Հնավայրում, ցավոք, հնագիտական լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել, այն

նկատել և որպես աստղագիտական հնագույն կենտրոն, դիտարկել են ու կարևորել հնագետներ Սանդրո Սարդարյանը, Հարություն Մարտիրոսյանը (Մարտիրոսյան, Հ. 1978, էջ 51.), ճարտարապետ Սուրեն Պետրոսյանը (Սուրեն Պետրոսյան, 2005) և աստղագետ ու տոմարագետ Բենիկ Թումանյանը (Թումանյան Բ. 1969, №3, էջ 7.):

Հնավայրը մանրամասն «ուսումնասիրվել և պեղվել է» գանձագողերի կողմից, ովքեր մասամբ ավերել են հնավայրի կենտրոնական ժայռապատկերի շրջակայքը, փորել և շրջել են կենտրոնի ամենամեծ ժայռապատկերով քարակոթողի շուրջը գտնվող մի քանի ժայռապատկերավոր քարակոթողներ (Նկ. 2.):


- 1 -

 

Հնավայրի ավերման վտանգը ցավոք սրտի, հատկապես վերջին տարիներին, հրատապ է,

քանի որ այս քարակոթողները դարձել են գերեզմանաքարերի արտադրամասի ուշադրության առարկան, ովքեր նույնիսկ հնավայրի քարակոթողներից նմուշներ են վերցրել:

Հնավայրը զբաղեցնում է մոտ 70 հեկտար տարածք, որտեղ գտնվում են աղբյուր, բազմաթիվ առանձին ժայռապատկերներով խոշոր քարաբեկորներ, հնագույն բնակավայր՝ գետնափոր կացարաններով և գերեզմանատուն ժայռապատկերային տապանաքարերով, որոնց մասին կխոսենք հաջորդ հոդվածում:

Հնավայրի տարածքը այժմ օգտագործվում է որպես խոտհարք:


Երկրաբանական տեսակետից հնավայրը տեղադրված է Սև Սար կոչվող Չորրորդական ժամանակաշրջանում առաջացած հրաբխի հյուսիսային լանջին, հրաբխից արտավիժած բազալտային լավաների սարահարթի վրա: Սև Սար կոչվող հրաբուխը ժայթքել է վերին Չորրորդական ժամանակաշրջանում (մոտ 60 000 - 70 000 տարի առաջ), այն տեղադրված է երկրակեղևի խոշոր բեկվածքի վրա (Նկ. 3.), որի վրա են տեղադրված նաև Աժդահակ, Սպիտակասար, Արմաղան և Արատես հրաբուխները:


Սև Սար հրաբուխն իր անունը ստացել է հրաբխի արտավիժած սև խարամներից, որոնք ժայթքել են հրաբխի առաջացման սկզբնական փուլում, կազմելով սարի հիմքը և հրաբխային երեք խառնարանները (եռագլուխ հրաբխային ապարատ), որոնցից էլ ժայթքման երկրորդ փուլում հոսել են բազալտային լավաները (Նկ 4): Նշված բեկվածքի վրա առաջացած հրաբխային կենտրոնները գործել են խիստ տարբեր ժամանակներում, այսինքն՝ բեկվածքը ակտիվացել է սկսած Պլիոցենյան ժամանակներից (Սպիտակասարը գործել է մոտ 2,5-3 միլիոն տարի առաջ), ակտիվորեն գործել են Աժդահակ - Արմաղան և Սև Սար հրաբուխները վերին Չորրորդական ժամանակներում (60 000-70 000 տարի) և վերջին ակտիվությունն եղել է 10-15 հազար տարի առաջ (Արատեսի հետսառցադաշտային հրաբուխը):

Վերջին սառցապատման (Վյուրմ) հետքերը պահպանվել են հնավայրի ամբողջ տարածքում, հիմնականում էրոզիոն ռելյեֆի՝ սառցադաշտային գետահովիտների տեսքով: Այն լավագույնս արտահայտված է Սև սարից արևելք գտնվող ձորակում և կենտրոնական ժայռապատկերից արևելք տեղադրված կիրճում: Այսինքն՝ հնավայրի տարածքում մ.թ.ա. 26 000-19 000 տարի առաջ գործել է Վյուրմի սառցադաշտը:



- 2 -

 

Հնավայրի ժայռապատկերներ կրող բոլոր քարակոթողները Սև Սար հրաբխից արտահոսած բազալտային լավաների հոսքի առանձին քարաբեկորներն են, որոնք լավայի սառեցումից և սառցադաշտի մշակումից հետո պահպանվել են լավային սարահարթի մակերեսին, որը ծածկվել է հողա-բուսական 10-150 սմ հաստության շերտով:


Սև սարի հնավայրի ամբողջ տարածքում (Նկ. 4.) տարածված են մոտ երկու տասնյակ ժայռապատկերներ, որոնք հիմնականում տեղադրված են կենտրոնական ժայռապատկերի շրջակայքում, նրանից արևելք գտնվող ձորակում և դեպի հարավ ձորակի եզրին:

Սև սարի հնավայրի կենտրոնական քարակոթողը (Նկ. 5.) տեղի բնակչությունը անվանում է «Նխշուն քար» կամ «Պորտաքար», վերջին անունը հուշում է, որ այն ժողովրդի մոտ եղել է որպես կանանց անպտղությունը բուժող սրբավայր:

Հնավայրի գրեթե բոլոր ուսումնասիրողները հիմնականում ուշադրություն են դարձրել հնավայրի կենտրոնական քարակոթողի վրա, որը ներկայացնում է մոտ 6 քառ. մետր մակերեսով յուրահատուկ ժայռապատկեր (բաղկացած բազում պատկերներից), որը և բոլոր ուսումնասիրողների կողմից որակվում է որպես աստղային երկնքի քարտեզ:

Սև Սարի աստղագիտական հնավայրը տեղադրված է մոտ 70 հեկտար տարածքի վրա, ըստ որում հնագիտական հետաքրքրություն է ներկայացնում ամբողջ նշված 70 հեկտարը և ավելին, որովհետև այս ամբողջ տարածքի հենց մակերեսից գտնվել են բազմաթիվ օբսիդիանային ու կայծքարային նետասլաքներ:


Հնավայրի զարդն է կազմում վերը նշված կենտրոնական ժայռապատկերային կոթողը, որի մոտ 6 քառ. մետր մակերեսի վրա տեղադրված են բազմաթիվ պատկերներ (նկ 5): Սա մի առանձնահատուկ ժայռապատկեր է, որը իր տեսակով միակն է ամբողջ Հայկական լեռնաշխարհի մեզ հայտնի ժայռապատկերների մեջ թե իր մեծությամբ և թե առանձին պատկերների տեսակներով: Ժայռապատկերը իր կատարման տեխնիկայով գրեթե չի տարբերվում Գեղամա լեռների ու Սյունիքի լեռնաշխարհի ժայռապատկերներից, միայն այն տարբերությամբ, որ մեր այս ժայռապատկերի վրա գրեթե բացակայում են կենդանական պատկերները, հիմնականում ներկայացված են աստղագիտական սիմվոլներ, իսկ ժայռապատկերը պատկերող որոշ գծեր արված են ավելի խոր ակոսներով:



- 3 -

 

Նկ.5. Սև Սարի հնավայրի կենտրոնական ժայռապատկերայինքարակոթողը


Հնավայրի կենտրոնական քարակոթողի ուսումնասիրողներից դոկտոր-պրոֆեսոր Հարություն Մարտիրոսյանը կազմել է ժայռապատկերի սխեմատիկ գծագիրը (Նկ. 6.):

Պետք է ասել, որ հայ հնագիտության մեջ արդեն 1965-1970 ական թվերից շրջանառվում է այս պատկերը (Նկ. 6) որպես Սև Սարի կենտրոնական քարակոթողի ժայռապատկերի պատճենը (Մարտիրոսյան Հ., 1978, էջ 52), սակայն ցավոք պետք է նշել, որ պատճենը արված է շատ լուրջ սխալներով (մասշտաբ, պատկերների տեղադրությունն իրար նկատմամբ), հաճախ աղավաղված են հենց առանձին պատկերները, որոնց պատճառով էլ հետագա ուսումնասիրողները հաճախ հայտնվում են թյուրիմացության մեջ:



- 4 -

 

Հասկանալի լինելու համար բերենք ժայռապատկերի ամենախոշոր շրջանաձև գծանկարի համեմատությունը մեր կողմից արված պատճենի հետ (Նկ 7).


Նկ. 7. Ժայռապատկերի շրջանաձև գծանկարը. ա – ըստ Հ. Մարտիրոսյանի,

բ – նույն նկարի պատճենը արտանկարված մեր կողմից


Ընդհանուր ժայռապատկերի և առանձին դետալների մասին կան բազմաթիվ կարծիքներ: Կարծիքների հիմնական մասը հանգում է աստղային երկնքի քարտեզին, իսկ ժայռապատկերի խոշոր շրջանաձև պատկերը, կարծես թե բոլորն ընդունում են որպես Արևի պատկեր, որի շուրջը դասավորված են տարբեր աստղային մարմիններ: Միայն աստղագետ Բենիկ Թումանյանը կենտրոնական խոշոր շրջանաձև պատկերը համարում է ընկնող ասուպ, իսկ որոշ պատկերներ էլ նույնացնում է հայտնի համաստեղությունների հետ (Թումանյան Բ. 1969, №3, էջ 12-13.): Սակայն, ցավոք աստղագետն օգտվել է ակնհայտորեն անհաջող ու սխալ պատճենից, որը անշուշտ հանգեցնում է սխալ վերլուծությունների:

Նշենք նաև, որ ինչպես նշեցինք վերևում, հնավայրում որևէ լուրջ տևական ուսումնասիրություն չի կատարվել և բնականաբար եղած կարծիքները հնավայրի միանգամյա այցելության արդյունք են: Իսկ ինչո՞ւ այսքան հետաքրքիր և կարևորագույն հուշարձանը մնացել է առանց լուրջ ուսումնասիրության: Մեր կարծիքով իր բարդության և անհասկանալիության պատճառով, բոլոր մասնագետները բավարարվել են միանգամյա կարճատև այցով և հիմնականում լրագրողական կարծիքներ արտահայտելով, իսկ հուշարձանը մնացել է առանց լուրջ ուսումնասիրության...


Ժայռապատկերի մեջ Արևի պատկերի տեղադրությունը խոսում է Արևի և արևապաշտության մեծ դերի մասին տվյալ ժամանակի հասարակության և հավատքի մեջ, երբ Հայն Արևն էր ճանաչում ու պաշտում որպես կյանքի աղբյուր ու հիմք:

Հնավայրի ուսումնասիրության գործում թերևս նորություն կարելի է համարել կենտրոնական քարաբեկորի մագնիսական լինելու երևույթը, որը պարզվել է մեր ուսումնասիրության շնորհիվ, և որը մենք համարում ենք շատ կարևոր և առանձնահատուկ փաստ: Պարզվում է, որ նմանատիպ մագնիսական քարեր հայտնաբերվել են աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում մեր ժայռապատկերի Արևի կենտրոնի պարուրաձև պատկերով և որ ամենակարևորն է, նույնպես օժտված մագնիսական հատկությամբ (Նկ. 8.), (Загадки планеты. Таинственный магнитный камень, https://vcentre.net/nauka/kpz/magnitnyj-kamen):



- 5 -

 

Սև Սարի հնավայրի կենտրոնական քարի մագնիսականությունը բնական ծագում ունի, լավայի այս բեկորը պարունակում է մագնետիտ միներալ (երկաթի օքսիդ), որի շնորհիվ էլ քարի կենտրոնական մասը օժտված է մագնիսական հատկությամբ: Նշենք, որ նմանատիպ մագնիսական քարեր կան նաև Հայաստանի այլ շրջաններում, որոնք էլ օգտագործվել են կանացի անպտղության բուժման համար (Ազիզբեկյան Հ. Պորտաքարեր, ծագումը, թվագրությունը, 1922): Դեռևս 20-րդ դարի սկզբին հնագույն աստղագիտության գիտակներ ֆրանսիացի Կամիլ Ֆլամարիոնը, անգլիացի աստղագետներ Մաունդերը և Ուիլյամ Օլքոթը եկան այն եզրակացության, որ առաջին աստղագիտական դիտարկումները, ինչպես նաև աստղային համաստեղությունների անվանումներն ու նրանց պատկերները տրվել են Հայկական լեռնաշխարհում բնակվող բնիկների կողմից (Ներսիսյան Ս. 2000, էջ 10-12): Հետագա ուսումնասիրությունները Քարահունջի (Զորաց քարեր) հնագույն աստղագիտական կենտրոնում, Մեծամորի մետալուրգիական կենտրոնին կից հնագույն աստղադիտարանում, աստղային և այլ երկնային մարմիններ պատկերող ժայռապատկերները և աստղագիտական գտածոները (գոտի օրացույցներ, արեգակնային համակարգության բրոնզե մոդել) հայտնաբերված ժամանակակից Հայաստանի փոքր տարածքում, ապացուցեցին վերը նշված գիտնականների ճշմարտացիությունը:

Այսպիսով, եղած տվյալներն ապացուցում են, որ Հայաստանում պետք է գոյություն ունենային ավելի հնագույն աստղադիտարաններ, որտեղ կատարված դիտարկումներն էլ հիմք են ծառայել նշված աստղագիտական գիտելիքների զարգացմանն ու տարածմանը ամբողջ Հայկական լեռնաշխարհում: Կարծում ենք, Սև սարի քննարկվող աստղագիտական ժայռապատկերային այս քարտեզը նույնպես գալիս է հաստատելու վերը նշված գիտնականների իրավացիությունը:


Այժմ քննարկենք քարտեզի որոշ պատկերներ և փորձենք բացատրել այդ պատկերների էությունը և կապը հայ մշակութային այլ պատկերների հետ:

Այս տեսակետից հետաքրքիր է հատկապես ժայռապատկերի խոշոր շրջանաձև պատկերը, որն ինչպես նշեցինք, ուսումնասիրողների մեծ մասը ընդունում է որպես Արևի պատկեր:

Նկ. 9. պատկերի ձախ մասը ներկայացնում է նշված Արեգակն իր ներքին կառուցվածքով, որն իրենից ներկայացնում է եռակի շրջանագծերով բաժանված խոշոր շրջան:

Երեք շրջանագծերից ներքինը շրջափակում է կենտրոնում փոքր փոսիկ ունեցող պարույրին, որը կրկնակի գծով միանում է ներքին շրջանագծի վրա արված փոսիկներից մեկին, որին էլ հատելով, հասնում է մինչև երկրորդ շրջանագիծը: Ներքին շրջանագծի վրա արված փոսիկների քանակը 15 է: Ներքին շրջանագծի և երկրորդ շրջանագծի միջև առաջացած գոտին բաժանվում է շառավղային ուղղությամբ 50 կարճ գծիկներով, որոնցից որոշ գծիկներ, փոքր տարբերությամբ հաստ կամ երկար են, որոնք էլ կպչում են երկրորդ շրջանագծին: Արտաքին շրջանագծի և երկրորդ շրջանագծի միջև առաջացած գոտին նույնպես բաժանվում է շառավղային՝ այս անգամ 60 կարճ գծիկներով, որոնց յուրաքանչյուր տասերորդը մի փոքր երկար է և կպչում է երկու շրջափակող շրջանագծերին: Երկար գծիկների թիվը 6-ն է, որոնց ամեն զույգի արանքում տեղավորված են 9 կարճ գծիկներ, ընդհանուր հաշվով այս գոտում տեղավորված են 60 գծիկ:



- 6 -

 

Այսպիսով՝ շրջանագծերի բաժանված երկու գոտիները համապատասխանաբար բաժանվում են 60 և 50 գծիկներով, իսկ ներքին շրջանագծի վրա արված են 15 փոսիկներ: Ֆիքսված թվերը սրբազան են (Արթուր Արմին, 2020, էջ 59) և Ան (Ար), Էնլիլ (Վահագն) աստվածներին և Իննանային՝ Մայր աստվածուհուն կամ Անահիտ աստվածուհուն գաղափարագրող սրբազան թվերն են: Կարծում ենք, որ այստեղ գործ ունենք Արիական սրբազան եռաստվածության հետ, որը ներդրվել է Արևի պատկերում:

Նկ.9. Սև Սարի Արևի պատկերի

համեմատությունը հին հայկական խաչ-

քարի Արևի պատկերի հետ



Արևի պատկերի արտաքին շրջանագծի ներքին մասից դուրս է գալիս ռելիեֆային 5-6 սմ լայնությամբ մի հատված, որը իջնում է դեպի ընդհանուր ժայռաբեկորի հիմքը (նկարում այն ցույց է տրված կապույտ սլաքով): Այնպիսի տպավորություն է, որ շրջանակը կապված է ներքևի պատվանդանից:

Այժմ ուշադրություն դարձնենք նկարի աջ մասի հայկական մի հնագույն խաչքարի Արևի պատկերին (Նկ. 9.): Նկարագրվող խաչքարն այժմ գտնվում է Ռուսաստան դաշնության Ռոստով քաղաքի երկրագիտական թանգարանում, ավանդությունն ասում է, որ այն Ղրիմ են տեղափոխել Անի քաղաքի հայերը, որոնք գաղթելով Ռուսաստան, իրենց հետ տարել են նաև բազալտե այս խաչքարը, որը թվագրվում է 4-6 դարեր: Հետագայում այն Ղրիմից տեղափոխվում է Ռոստով (Багдыков Г. Хачкары донских армян, 2017):

Ինչպես նկատում եք, խաչքարի վրա ևս, Արևի պատկերը գծված է երեք շրջագծով, միայն այստեղ այն սիմվոլիզացված է, իսկ Արևի պատկերի ներքին մասում (նկարում այդ մասը առնված է կապույտ շրջանակի մեջ), երկու շրջանագծերը կարծես ամրացված կամ կապված են պատվանդանին:

Սև սարի Արևի պատկերում, եթե ներքև իջնող ռելիեֆային ելուստը (ցույց է տրված սլաքով), ուղղակի կպած է արտաքին շրջանակին, ապա խաչքարի պատկերում արտաքին և ներքին շրջագծերը նույնիսկ ընդհատվում են, շրջագծերը արդեն ուղիղ գծով շարունակվում են դեպի պատվանդան (նկարում այդ հատվածը առնված է կապույտ շրջանակի մեջ): Հետաքրքիր է, որ այդ սիմվոլիկան պահպանված է նույնիսկ լատինաամերիկյան հնագույն բնիկների տարբերակում (տես Նկ. 8.): Այս պատկերում նկարված է միայն Սև Սարի պատկերի միջուկի պարույրը և ներքև գնացող գծերի սիմվոլը (նկարում այն առանձնացրած է կապույտ շրջանակով): Արևի պատկերի ներքին մասից դուրս եկող նկարագրվող ելուստը կամ եռանկյունին առկա են նաև այլ պատկերներում (տես Նկ. 9.1.): Նկարի Ա պատկերում Արևի պատկերն է հավասարաթև խաչի տեսքով, որից դուրս է գալիս եռանկյունաձև ելուստը, Բ – ժայռապատկեր Սև սարից, Արևի պատկեր իր ելուստով և Գ – ժայռապատկեր ԱՄՆ, Արիզոնա նահանգ, ժայռապատկեր Արևի սիմվոլիկ պատկերով իր բնորոշ ելուստով: Նկարագրվող բոլոր պատկերն էլ անշուշտ պատկանում են խիստ տարբեր ժամանակների և բնականաբար տարբերություններ պետք է լինեին, սակայն ներքին նույնականությունն ակնհայտ է:



- 7 -

 

Նկարագրված խաչքարը հավանաբար պահպանված խաչքարերից հնագույնն է (IV դար), և պարունակում է Արևի պատկերն որպես սրբազան նշան (այն տեղադրված է խաչի վերևում), որը գալիս էր հայերի արևապաշտա- կան հին հավատքից և որը Նկ. 9.1. Արևի սիմվոլիկ պատկերները տարբեր (Արևի պատկերը), հետագա ժամանակների քանդակապատկերներում. խաչքարային արվեստում չի

կրկնվում: Ըստ որում, քանդակելով Արևի այս նշանը խաչքարի վրա, քանդակագործ վարպետը պահպանել է Արևի պատկերման հնագույն ավանդները: Ինչպես տեսնում ենք, խաչքարի վրայի Արևի պատկերը գալիս է հազարամյակների խորքից (արևապաշտական ժամանակներից), որը պահպանել է ավանդապաշտ հայը: Այսինքն՝ հայ ժողովուրդը պահպանել է իր հնագույն քանդակագործական ավանդույթը, որը և երևակվել է վաղ միջնադարում:

Սև Սարի հնավայրի կենտրոնական ժայռապատկերային քարը շրջակա բնակիչները անվանում են նաև «Պորտաքար», ինչպես նշեցինք վերևում, այս անվանումը հենց հուշում է, որ քարն օգտագործվել է նաև կանանց անպտղությունը բուժելու համար, քանի որ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր պորտաքարերն օգտագործվել են այդ նպատակով (Ազիզբեկյան Հ. Պորտաքարեր, ծագումը, թվագրությունը, 2022): Դրանցից լավագույն օրինակը տեղադրված է Սիսիանի շրջանում, Սիսիան – Գորիս ճանապարհի եզրին: Նշենք, որ Սիսիանի շրջանի Պորտաքարը նույնպես հզոր մագնիսական դաշտ ունի, ենթադրում ենք, որ այդ մագնիսական դաշտն էլ կարգավորում է կանանց

պտղավորման կարողությունը: Սև սարի գլխավոր ժայռապատկերային քարի հարավային եզրին մոտիկ, փորված է 8-15 սմ տրամագծով էլիպսաձև փոքր փոսիկ, որը եզրերին ունի ջրահավաք մակերես, անձրևների ժամանակ փոսում ջուր հավաքվելու համար: Փոսիկը ջրով լցվելուց հետո, հատուկ փորված միկրո առվակով հոսում է դեպի քարի եզրը, թափվելով քարի հարավային ուղղաձիգ պատին պատկերված վիշապի երախը (տես Նկ. 10.): Վիշապի մասին կանդրադառնանք հաջորդ հոդվածում, իսկ ահա փոսիկում հավաքված ջրի մասին մի քանի խոսք: Ինչպես նշեցինք վերևում, մեր այս քարն ունի հզոր մագնիսական դաշտ, որի շնորհիվ փոսիկում հավաքված անձրևաջուրն որոշ ժամանակից մագնիսանում է: Պարզվում է, որ բժշկությունը միայն 18-րդ դարից է սկսել օգտագործել մագնիսական ջրերը բժշկական նպատակներով (Магнитная вода, 2010.): Նշենք նաև, որ նմանատիպ փոսիկով ջրահավաք քար կա նաև Մեծամորի հնավայրի տարածքում և Արագածի Վիշապաքարերի հովտում (Ազիզբեկյան Հ. Պորտաքարեր, ծագումն և թվագրությունը, 1922, էջ 13): Այսինքն՝ Սև սարի մեր այս Պորտաքարը բացի աստղագիտական նշանակությունից օգտագործվել է նաև բժշկական նպատակներով, (Ազիզբեկյան Հ. Պորտաքարեր, 1922):



- 8 -

 


Այժմ ներկայացնենք Սև Սարի հնավայրի կենտրոնական ժայռապատկերի մասշտաբային պատճենը (առայժմ աշխատանքային), որը արվել է մեր կողմից 4-5 տարվա բազմակի հաճախումների ընթացքում (Նկ. 11):

Նախ, ինչպե՞ս և ո՞ր կողմից պետք է նայել ժայռապատկերը: Պետք է ասել, որ վերը նշված շրջանառվող հին պատկերը ամեն մի հոդվածագիր օգտագործում է կամայական ուղղվածությամբ, այսինքն մարդիկ չեն պատկերացնում ժայռապատկերի դիրքը և ուղղվածությունը և հաճախ ժայռապատկերը պատկերում են գլխիվայր: Սև սարի ժայռապատկերն ունի կոնկրետ ուղղվածություն՝ հյուսիս – հարավ, ժայռապատկերի հիմնական մակերեսը թեք է, այն բարձրանում է դեպի հարավ 5-20 աստիճան:

Այսինքն՝ ստեղծված է դեպի հարավ բարձրացող մի հարթակ, որի վրա փորագրվել են տարբեր պատկերներ:


Նկ.11. Սև Սարի հնավայրի կենտրոնական ժայռապատկերի մասշտաբային պատճենը




- 9 -

 

Նշենք, որ այս հարթակը իր դիրքով շատ նման է Մեծամորի հնագույն աստղադիտարանի հարթակին, որը նույնպես դեպի հարավ բարձրանում է: Հատկանշական է, որ երբ առաջին անգամ աստղագետ Էլմա Պարսամյանը գալիս է Մեծամորի աստղադիտարան, առաջին նրա արտահայտած միտքը այն էր, որ նա իրեն զգում է աստղադիտական հարմար հարթակի վրա (Մեծամորի հայտնագործող և ուսումնասիրող Կորյուն Մկրտչյանի հուշերից): Այսինքն՝ Սև սարի ժայռապատկերին պետք է նայել հյուսիսային կողմից, քանի որ այդպես նայելը և ճիշտ է և հարմար (տես նաև Նկ.1.): Նկ. 11.-ում տրված է ժայռապատկերը կրող քարի բոլոր երևացող թեք հարթությունները մի հարթության վրա: Պատկերի միջնամասում սպիտակ գույնով տրված է քարի համեմատաբար հարթ մակերեսը, իսկ բաց դեղին գույնով նշված է քարի թեք կողերը, որոնք ունեն տարբեր աստիճանի թեքություններ (թեքությունները նշված են սև սլաքներով), Քարի արևելյան, հյուսիսային և հարավային կողմերում քարի կողերի թեքությունը մոտ է ուղղաձիգին, այն արևելյան հատվածում 80 աստիճան է, իսկ հարավային հատվածում՝ 90 աստիճան: Ըստ

որում, անկախ թեքությունից, գրեթե ամենուրեք պատկերներ են արված, նույնիսկ քարի հարավային ուղղաձիգ կողերին, որտեղ պատկերված են երկու վիշապներ (Նկ. 10):

Քարի արևմտյան կողմն ունի ավելի քիչ՝ 30-40 աստիճանի թեքություն, որը նույնպես ծածկված է պատկերներով:

Ժայռապատկերը միանշանակ ներկայացնում է հնագույն աստղագիտական քարտեզ, որի վրա երևակվում են Անգղ, Քնար և այլ համաստեղություններ և որի մանրամասն նկարագրությունը, համեմատությունները, ինչպես նաև հնավայրի բնակավայրի ու գերեզմանոցի, աղբյուրի ու հնավայրի այլ ժայռապատկերային կոթողների մանրամասն նկարագրությունները կներկայացնենք հաջորդ հոդվածում:


Սև Սարի աստղագիտական հնավայրը Քարահունջի հնագույն աստղադիտարանի հետ գալիս են ապացուցելու, որ աստղագիտությունը Հայաստանում զարգացած էր ամենահնագույն ժամանակներում:

Ինչպես նշեցինք վերևում, հնավայրի ժայռապատկերների մեջ բացակայում են կենդանական պատկերները, բացառությամբ մի ժայռապատկերի, որը տեղադրված է հնավայրի կենտրոնական քարակոթողից հարավ մոտ 50 մ, գլխավոր քարակոթող տանող արահետի ձախ կողմում, կարծես թե հենց մուտքի մոտ:


Ժայռապատկերը ներկայացնում է ծիծեռնակի պատկեր, ոչ այնքան խոշոր ժայռաբեկորի հարավային ուղղաձիգ ճակատին (Նկ. 12. և Նկ. 13.): Ժայռապատկերի կենտրոնական մասում պատկերված է ծիծեռնակի հրաշալի և անսովոր խոշոր պատկեր (պատկերի բարձրությունը 36 սմ է, լայնությունը 30 սմ), ծիծեռնակի ձախ կողմում ընդգծվում է կանացի պատկեր, որը միացված է ծիծեռնակին ալիքաձև գծով:



- 10 -

 


կարծում ենք, որ Սև սարի աստղագիտական հնավայրի գլխավոր ժայռապատկերային քարտեզի շրջակա ժայռապատկերները (մոտ երկու տասնյակ ժայռապատկեր) նույնպես աստղագիտական բնույթի են, այդ թվում նաև նկարագրվող ծիծեռնակի ժայռապատկերը: Պարզվում է, որ եթե հունական աստղագիտական քարտեզներում «Ձկներ» համաստեղությունը պատկերվում է միմյանց միացված երկու ձկներով, ապա ավելի հնագույն՝ միջագետքյան քարտեզներում, (Նկ. 14.) նույն համաստեղության վերևի ձուկը ներկայացվում է որպես մայր Աստվածուհի (Անունիտու կամ Անահիտ), իսկ ներքին ձուկը՝ Ծիծեռնակ կամ «Մեծ Ծիծեռնակ», (Ван-дер-Варден Б. 1991, ст. 82,83, 303; Դավթյան Ա. 2004, էջ 20):

Իսկ ի՞նչ է պատկերված մեր ծիծեռնակային ժայռապատկերի վրա, - նույնպես Մեծ Ծիծեռնակ և կանացի պատկեր՝ Մայր Աստվածուհի (Նկ. 13.), այսինքն, գրեթե նույնը, ինչ Վան-դեր Վարդենի հնագույն բաբելոնյան քարտեզի վրա (Նկ. 14.): Հետաքրքիր է նաև ծիծեռնակի աջ կողմում պատկերված ձկնանման պատկեր, որը քարի վատ պահպանվածության պատճառով անհասկանալի է մնում: Այս պատկերը կարծես թե համապատասխանում է քարտեզի Պեգաս կամ Արտ համաստեղությունը: Ըստ որում, այս Պեգաս համաստեղությունը այլ քարտեզների մեջ պատկերվում է ներքևի նմանատիպ պոչով, ինչպես մեր ժայռապատկերի վրա (տես Նկ. 15.):

«Այս Արտը մեր էպոսի արտն է, որի տերը Արտատեր պառավն է», գրում է Արմեն Դավթյանը իր (Հայոց աստղային դիցաբանություն գրքում(Դավթյան Ա. 2004, էջ 25): Եվ միայն հունական աստղագիտական քարտեզներում այս համաստեղությունն ավելի ուշ ժամանակներում վերանվանվեց Պեգաս: Այսպիսով, ծիծեռնակի ժայռապատկերը, բացի անսովոր խոշոր կենդանական պատկերից նաև



- 11 -

 

պատկերում է «Ձկներ» և հավանաբար «Արտ» համաստեղությունները:

Ինչպես նշվեց վերևում, հնավայրի կենտրոնական ժայռապատկերի վրա լավ արտահայտված են հատկապես Անգղ և Քնար համաստեղությունները (Նկ. 11., Նկ. 16. ):

Անգղ համաստեղությունը ժամանակակից Կարապ համաստեղությունն է, որին հնում հայերն անվանել են «Անգղ» կամ Հյուսիսային խաչ: Այստեղ հատկապես կարևոր է դառնում Անգղ համաստեղությունը, որովհետև անգղի ներկայությունը կարծես թե մի քանի հնավայրերում պարտադիր է դառնում:

Այդ են վկայում Քարահունջի (Զորաց քարեր) հնավայրում մենհիրների տեղադրությունն Անգղ համաստեղության աստղերի դասավորությամբ, այս հնավայրի արևմտյան ծայրամասում է տեղադրված անգղանման հսկա մենհիրը (Նկ 17.): Անգղի պատկերով քարակոթողներ կան Սիսիանի Ուզ գյուղի մոտակա հնավայրում (Նկ. 18), Սիսիանի պորտաքարի մոտ (Նկ. 19), և վերջապես Անգեղակոթ գյուղի անվանումը (Ազիզբեկյան Հ. 2021):

Անգղ համաստեղության այսպիսի խիտ հետքերը մի փոքր տարածաշրջանում, ինչպիսին Սյունիքն է, ցուցանում է այդ համաստեղության պաշտամունքի մասին այս տարածաշրջանում:



Գրիգոր Բրուտյանն ապացուցում է, որ Անգղ համաստեղության (որը Հայաստանի տարածքից դիտվում է խաչի տեսքով) պաշտամունքի հետևանքով էլ հայերը կոչվել են «խաչապաշտ» (Բրուտյան Գ. 2020 թ. ).


(Գագիկ)Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.

Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,

(Սասունցի Դավիթ Հայկական ժողովրդական էպոսը, Երևան

1961, Էջ 5)

Բացի այդ Սասնա Տան բոլոր հիմնական դյուցազուններն իրենց աջ բազկին կրում էին հատուկ՝ երկնքից տրված նշան՝ խաչ (խաչ պատերազմին):

Այս բոլորը հաստատում են, որ Հայոց աշխարհում խաչապաշտությունը կապ չուներ քրիստոնեական խաչի հետ, այլ գալիս էր Անգղ համաստեղության պաշտամունքի ժամանակներից: Իսկ ե՞րբ էր հին Հայաստանում Անգղ համաստեղության պաշտամունքը:




- 12 -

 

Գիտենք նաև, որ Անգղը եղել է շումերական համարվող Ներգալ աստծո երկնային կերպարը (Դավթյան Ա. 2004, էջ 207—208), և միևնույն ժամանակ հայկական հնագույն պետական կազմավորումներից Հայասայի (մթա 16-17. դդ.) գլխավոր աստվածն եղել է հենց Ներգալը, իսկ ավելի ուշ Անգեղ աստվածը (Դավթյան Ա. 2004, էջ 209):

Ինչպես գիտենք, Հայասա պետական կազմավորումը գոյատևել է մթա II հազարամյակում, սակայն Անգղ համաստեղության ներկայությունը Սև սարի աստղագիտական ժայռապատկերային քարտեզի վրա, խոսում է այս համաստեղության պաշտամունքի մասին շատ ավելի հնագույն ժամանակներում: Ներգալ կամ Անգեղ աստծո պաշտամունքի կենտրոնն ըստ հայ պատմագրության Ծոփք նահանգի Անգեղ տուն գավառն էր իր Անգեղ բերդաքաղաքով (Արմեն Պետրոսյան, 2019. Էջ 134.), սակայն Ներգալ աստծո սիմվոլների առատությունը միայն Սյունիքում, ապացուցում է այդ աստծո պաշտամունքը ոչ միայն Հայասայի տարածքում, այլ ամբողջ Հայկական լեռնաշխարհում:


Հնավայրի համար կարևորագույն հարց է նրա թվագրությունը, որն իհարկե, վերջնականորեն կճշտվի հնավայրը պեղելուց հետո: Ժայռապատկերի տարիքի հարցում իր կարծիքն է հայտնել Հարություն Մարտիրոսյանը, ով համարում է հնավայրի (իմա կենտրոնական ժայռապատկերի) տարիքը մթա 2-րդ հազարամյակի վերջ և մթա 1-ին հազարամյակի սկիզբ (Հ. Մարտիրոսյան, 1978, էջ 51.): Բենիկ Թումանյանը այս հնավայրի ժայռապատկերային աստղագիտական քարտեզը թվագրում է մթա III հազարամյակից էլ վաղ ժամանակաշրջան (Թումանյան Բ., 1969, էջ 14.):


Քանի որ Սև սարի հնավայրի տարածքում գործել է Վյուրմի սառցապատումը (վերջին սառցապատումը), որն էլ որոշում է հնավայրի վերին (առավելագույն) տարիքը, այսինքն՝ հնավայրը չէր կարող կառուցվել սառցապատումից առաջ, կամ գոյատևել և գործել սառցապատման ժամանակ, այդ պատճառով էլ հնավայրն անշուշտ կառուցվել է Վյուրմի սառցապատման ավարտից հետո միայն, իսկ վերջին սառցապատումն ըստ երկրաբանների, ավարտվել է 20 000-19 000 տարի առաջ (Ազիզբեկյան Հ. Վիշապաքարեր, ծագումը, թվագրությունը, 2022 թ.): Ինչպես նշեցինք վերևում, Սև Սարի ժայռապատկերն իր կատարման տեխնիկայով և առանձին պատկերների նմանությամբ գրեթե չի տարբերվում Հայկական լեռնաշխարհում տարածված (Գեղամա լեռներ, Սյունիքի լեռնաշխարհ) մյուս ժայռապատկերներից (որոնց մինիմալ տարիքն է 12-11 հազարամյակ), այսինքն՝ հնավայրը կառուցվել ու գործել է Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերային ժամանակաշրջանում, որը վերջացել է 12-11 հազարամյակ առաջ (Ազիզբեկյան Հ. Վիշապաքարեր, ծագումը, թվագրությունը, 2022 թ):

Հաշվի առնելով երկրաբանական, հնագիտական մի քանի տվյալներ (այս տվյալներին կանդրադառնանք հաջորդ հոդվածում), Սև Սարի աստղագիտական հնավայրի տարիքը կարելի է ենթադրել 15-13 հազարամյակ:

Ամփոփում. Սև սարի աստղագիտական հնավայրում պահպանվել են աստղագիտական թեքում ունեցող հնագույն մի կաճառի բեկորներ, իր բնակավայրով, խմելու ջրի աղբյուրով, գերեզմաններով և վերջապես հազվագյուտ աստղագիտական ժայռապատկերային քարտեզով և աստղագիտական այլ ժայռապատկերներով: Հայտնաբերված ժայռապատկերային աստղագիտական քարտեզը իր հնությամբ հազվագյուտ է և միակը աշխարհի աստղագիտական քարտեզների մեջ:

Հնավայրը տեղադրված է մոտ 70 հեկտար տարածքի վրա, որի ուղղակի մակերեսին մեր կողմից հայտնաբերվել է կայծքարի ու օբսիդիանի նետասլաքներ: Աստղագիտական քարտեզի վրա առանձնանում են հատկապես Արևի պատկերը և Անգղ, Քնար ու այլ համաստեղությունների ժայռապատկերային պատկերները:




- 13 -

 

Հնավայրի կենտրոնական աստղագիտական քարտեզ կրող քարակոթողը մագնիսական է, քարի վրա արված ջրահավաք փոսիկը, մոտ մեկ լիտր պարունակությամբ, օգտագործվել է մագնիսական ջուր ստանալու համար, որը ժամանակակից բժշկության մեջ օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար:

Սև սարի հնավայրը կարող էր գործել վերջին սառցապատումից (20 000-19 000 տարի) հետո, քանի որ տեղանքում գործել է Վյուրմի սառցադաշտը, հնավայրի մինիմալ տարիքը կարող է լինել 15 -13 հազարամյակ:


Գրականություն

Ազիզբեկյան Հ. Քարահունջի հնավայրը սրբազան տաճար, աստղադիտարան և

Արթուր Արմին, Հալդիի դարպասներ, Ե-2020:

Թումանյան Բ. Աստղագիտական բնույթի ժայռապատկերներ. Գիտություն և

տեխնիկա,1969, №3, էջ 7.

Մարտիրոսյան Հ., գիտությունը սկսվում է նախնադարում, Երևան 1978, էջ.

Պետրոսյան Ս., Հայկական ժայռապատկերներ, Երևան 2005.

Սասունցի Դավիթ Հայկական ժողովրդական էպոսը, Երևան 1961.

Ван-дер-Варден Б. Пробуждающаяся наука II. Рождение астрономии: М.1991.

------------------------------------------------------------------------------------------------


Հովհաննես Ազիզբեկյան

Երևան, 01.08.2020 թ










1,022 views0 comments

Comentários


bottom of page