top of page
Carahunge.org

«Քարահունջ հայագիտական կենտրոնի» երեք ամյակը

Երկիրը կանգուն է իր տնտեսությամբ, իսկ ազգն ու ժողովուրդը` ազգային արժեհամակարգով։ Համաշխարհայնացման կարգախոսի տակ մեր Հայրենիքի բազմաթիվ ոլորտներում տեսնելով դարերով, հազարամյակներով ստեղծված ազգային արժեքների հետևողական ոչնչացման միտումներ, մեր ժողովուրդը մի պահ կորցրեց իր ինքնատիրապետումը, հատկապես, որ այդ արժեքների ոչնչացման աշխատանքները տարվում էին այնպիսի գերատեսչությունների հովանու տակ, որոնք պետականորեն էին պարտավոր պահել-պահպանել ու ապագա սերունդներին հասցնել այն ամենը, ինչ հասել է մեզ հազարամյակների խորքից։


Տարիներ առաջ նման մի գործունեություն ծավալվեց Քարահունջ հնավայրի մեգալիթյան համակարգի շուրջ, որը աստղաֆիզիկոս հնաաստղագետ ակադեմիկոս Պարիս Հերունին տարիների հետազոտություններից հետո հռչակել էր որպես հայկական վաղնջական աստղադիտարան, կրթահամալիր և մշակութային կենտրոն։ Մեծ գիտնականի կենդանության օրոք այդ տեսությունը զարգացավ և տարածվեց աշխարհով մեկ, և բազմաթիվ արտասահմանցի մասնագետներ, այցելելով Հայաստան, իրենց ներդրումն էին անում այդ տեսության մեջ։ Պ․ Հերունու մահից հետո Հայաստանի որոշ հնագետներ, սորոսյան կեղտաջրերից սնվելով, իսկական խաչակրաց արշավանք սկսեցին գիտնականի տեսության դեմ և, հնավայրը որակելով դամբարանադաշտ, պեղումների անվան տակ սկսեցին աջ ու ձախ ավերել աստղադիտարանի տարածքը՝ Արևի տաճարը, մեգալիթների շարքերը, դրանց հիմքերը։

Ստեղծվեց անկառավարելի մի վիճակ, որը շտկելու համար մի շարք հայ մտավորականներ, 2018 թվականից ի վեր միավորվելով, սկսեցին պայքարել պատմական հուշարձանի փրկության համար։ Պայքարն ավելի հասցեական և հիմնավոր վարելու համար ավելի ուշ ստեղծեցին «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն, որից հետո հասան զգալի հաջողությունների․ ամենից առաջ, դեռ 2018թ-ն, հաջողվեց դադարեցնել Քարահունջի ավերումները։

ՀԿ-ն արդեն երեք տարեկան է ու փետրվարի 5-ին տարելիցի առթիվ նրա մի շարք հիմնադիրներ, անդամներ և համակիրներ հավաքվել էին նշելու հոբելյանը։ Խնջույքի սեղանի շուրջ նշվեց կազմակերպության անցած ուղին, ձեռքբերումները, գաղափարի նոր զարգացումները, որոնց հետ կապված Քարահունջի աստղադիտարան լինելու նախկին վարկածը վաղուց վեր է ածվել հիմնավոր գիտական տեսության, հատկապես Հայկական Միջագետքի Պորտասար հնավայրի հետազոտության արդյունքների համադրման արդյունքում, որն աշխարհի բազմաթիվ հնաաստղագիտական լաբորատորիաների կողմից աստղադիտարան է հռչակված որպես Քարահունջի, Սթոունհենջի և քարահունջատիպ այլ կառույցների նմանակ։

Գալիս են նոր ժամանակներ, երբ ազգային արժեքների պահպանության և գալիք սերունդներին ժառանգելու խնդիրը հասարակությունը չպետք է վստահի անգամ իշխանություններին և պետք է վերցնի իր ձեռքը։ «Քարահունջ հայագիտական կենտրոնը» դրա լավագույն օրինակն է։

Այսօր «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամներն ու միջոցառմանը ներկա համախոհները իրենց ողջույնն են հղում կազմակերպությանը սատարող տասնյակ հազարավոր համակիրներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում և հավաստիացնում, որ համատեղ ջանքերով կշարունակեն իրենց հայրենանվեր գործը։




16 views0 comments

Comments


bottom of page